
Անցյալ շաբաթ Սնուփ Դոգը (Snoop Dogg) ցնցել էր երկրպագուներին՝ X սոցցանցում հրապարակելով մի տեսանյութ, որտեղ ասում է, որ «որոշել է հրաժարվել ծխից»: Շատերը ապշել էին, քանի որ կարծում էին, որ ռեփերը թողել է մարիխուանա ծխելը: Բայց… Սնուփ Դոգը դեռ ծխում է: Ինչպես շուտով պարզվել է, երգիչը տեսահոլովակում պարզապես գովազդում էր նոր մետաղյա անծուխ կրակահոր:
«Ես գիտեմ, թե ինչի մասին ես մտածում. Սնուփ, ծուխը քո ամբողջ էությունն է: Բայց ես թողնում եմ դա: Այլևս ոչ մի հազ և հագուստիս կպած գարշահոտ: Ես դառնում եմ անծուխ: Solo Stove-ը կարգավորել է կրակը։ Նրանք հեռացրել են ծուխը։ Խելացի է»,-ասում է հիփ-հոփ աստղը գովազդային հոլովակում։ Տեսահոլովակում Սնուփ Դոգը մարշմելոու է խորովում մետաղյա կրակահորի դիմաց:
Երգչի հետ համագործակցության շրջանակներում՝ վառարաններ և կրակահորեր արտադրող Solo Stove ընկերությունը թողարկել է սահմանափակ քանակությամբ կրակահորեր, որոնք կոչվում են «Սնուփի վառարան»:
Իր ողջ կարիերայի ընթացքում Սնուփ Դոգի «ապրանքանիշը» եղել է մարիխուանա ծխելը: 2013 թվականին, GQ ամսագրին տված հարցազրույցում՝ երգիչը խոստովանել է, որ ծխում է օրական 80 հատ մարիխուանայի բլիթ (խմբ. չափաբաժին):
Սնուփ Դոգը, ում իրական անունը Կալվին Բրոդուս է (Calvin Broadus), համբավ ձեռք բերեց այն բանից հետո, երբ մի քանի անգամ հանդես եկավ Dr. Dre-ի 1992 թվականի «The Chronic» ալբոմում, որի շապիկի կենտրոնում պատկերված էր մարիխուանայի տերև: Իր դեբյուտային «Doggystyle» ալբոմը երգիչը թողարկել է 1993 թվականին։ Այդ ժամանակից ի վեր նա թողարկել է 19 ալբոմ: 2022 թվականին նա ելույթ ունեցավ Սուպեր գավաթում (Super Bowl)՝ ամերիկյան Ֆուտբոլի ազգային լիգայի ամենամյա առաջնության խաղին։ Super Bowl-ը համարվում է ԱՄՆ-ում ամենաբարձր վարկանիշ ունեցող միջոցառումը դիտումների և, համապատսխանաբար՝ գովազդի արժեքով:
Հուլիսի վերջին Սնուփ Դոգը տեսանյութ հրապարակեց «Ինստագրամում», որտեղ ազդարարեց սեպտեմբերի 23-ին Երևանում կայանալիք համերգի մասին։
«Հայաստա՛ն, սեպտեմբերի 23-ին ես հատուկ շոուի շրջանակում լինելու եմ Երևանի Հրազդան մարզադաշտում։ Լուրեր են պտտվում հայ ժողովրդի հյուրընկալության մասին և ես չեմ համբերում, թե երբ եմ հանդիպելու ձեզ հետ։ Ես գալիս եմ»,– ասել էր երգիչը տեսահոլովակում։
Այնուհետև, հայտնի դարձավ, որ նրա հայաստանյան հյուրախաղերի համար կառավարությունը պատրաստվում է մոտ 6 միլիոն դոլար հատկացնել։ Հայտարարվեց, որ «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի նպատակն է աշխուժացնել մշակութային կյանքը, միջազգային ասպարեզում բարձրացնել Հայաստանի ճանաչելիության և զարգացնել մշակութային զբոսաշրջությունը։ Կառավարությունում վստահ են, որ ծրագրի իրականացումը նպաստավոր պայմաններ կստեղծի ժամանակակից արվեստին հաղորդակցվելու համար:
Սակայն, սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիայից հետո ՀՀ կառավարությունը որոշեց հետաձգել Սնուփ Դոգի համերգը: Սոցցանցերում, միաժամանակ, բուռն քննարկվում էր համերգն առհասարակ չեղարկելու հնարավորությունը։
Հիշեցնենք, որ մարիխուանայի չափից ավելի օգտագործումը կարող է մեծացնել թոքերի քաղցկեղի վտանգը: Այն կարող է նաև առաջացնել երկարատև անհանգստություն, պարանոյա և հալյուցինացիաներ և մեծացնել շիզոֆրենիայի զարգացման հավանականությունը: