
Ռուսաստանը աստիճանաբար կորցնում է իր սպառազինության ավանդական շուկաները։ Ֆրանսիական Intelligence Online պորտալի փոխանցմամբ՝ ամսվա սկզբին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Ուզբեկստան կատարած այցի ժամանակ քննարկվել են ոչ միայն էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտի համագործակցությունը։
Կողմերը քննարկել են նաև երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները։ Պորտալի տվյալներով՝ հատուկ ուշադրություն է դարձվել Ուզբեկստանի խնդրանքին՝ 24 հատ չորրորդ սերնդի Dassault Rafale բազմանպատակային կործանիչների գնման հնարավորության վերաբերյալ։
Հնարավոր գործարքի ստույգ պայմանների մասին մանրամասներ չի հաղորդվում։ Սակայն, ինչպես նշում է հրատարակությունը, ինքնաթիռներ արտադրող Dassault Aviation ընկերությունը այս պահին բավականին ծանրաբեռնված է այս մոդելի կործանիչների պատվերներով այլ երկրներից, ինչպիսիք են Հնդկաստանը, Քաթարը, Ինդոնեզիան և Խորվաթիան: Սակայն չի կարելի բացառել, որ Ֆրանսիան Ուզբեկստանին այլընտրանք կառաջարկի՝ Dassault Mirage 2000 կործանիչների տեսքով։
Ուզբեկստանը նախկին խորհրդային երկիրից առաջինն է, որն իր զինանոցի ռուսական ինքնաթիռները մտադիր է փոխարինել արևմտյան արտադրության, մասնավորապես՝ Rafales կործանիչներով:
2023 թվականի համար Ուզբեկստանի պաշտպանական բյուջեն կազմում է 1,4 միլիարդ դոլար։ Երկրի ռազմաօդային ուժերը ունեն 12 MiG-29 և MiG-29UB ինքնաթիռներ, նույն տիպի ևս 18 ինքնաթիռ կոնսերվացված է։ Բացի այդ, Ուզբեկստանը կոնսերվացրել է նաև 26 Սու-27 կործանիչ։ Ուզբեկստանի ռազմաօդային ուժերն ունեն նաև 12 Սու-25 հարվածային ինքնաթիռ և 15 Սու-24 ռմբակոծիչներ՝ նույնպես կոնսերվացված:
Ինչպես նշեցինք, այս պահին Ուզբեկստանը միակն է, որ մտադրություն է հայտնել ձեռք բերել արևմտյան ռազմական ինքնաթիռներ: Սակայն, միակը չէ, որ ցանկանում է ազատվել ռուսական արտադրության հին ինքնաթիռներից: BulgariaMilitary.com ամսագրի փոխանցմամբ՝ Ղազախստանը նույնպես որոշել է թոշակի ուղարկել իր ՄիԳ-31 կործանիչները։ Հատկանշական է, որ դրանք աճուրդի են հանվել 1 միլիոն դոլարից պակաս գնով:
Հարկ է նշել, որ 2023 թվականին զգալի տեղաշարժ է եղել սպառազինության միջազգային գործարքներում: Ոչ միայն հետխորհրդային երկրները սկսեցին հրաժարվել ռուսական զենքից։ Օրինակ, Սերբիան նույնպես որոշել է գնել Rafale ինքնաթիռներ՝ որպես իր գոյություն ունեցող ՄիԳ-29 կործանիչների փոխարինող: Ի դեպ, այս որոշումը Մոսկվայում անվանեցին «դավաճանություն Ռուսաստանի հանդեպ»։
Ինչ վերաբերում է մեզ, ապա հիշեցնենք, որ 2019 թվականի հունվարին Հայաստանը Ռուսաստանից գնեց չորս Սու-30ՍՄ։ Նախատեսվում էր գնել ևս ութը: Բայց ինչպես հետագայում պարզվեց, Ռուսաստանից գնված կործանիչները պատշաճ զինամթերքով հագեցված չէին, քանի որ Ռուսաստանը մեծ հեռահարությամբ «օդ-օդ» հրթիռներ չի վաճառում այլ երկրի։ Արդյունքում, ստացվեց, որ այդ կործանիչները անիմաստ են:

Այն մասին, որ Երևանը Մոսկվայից առանց զինամթերքի կործանիչներ է գնել, 2020 թվականի նոյեմբերին հայտարարել էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը։ Ըստ նրա, 2016 թվականին իրեն հաջողվել է հետ պահել երկրի ղեկավարությանը այդ ինքնաթիռները գնելուց, սակայն հետագայում դրանք, այնուամենայնիվ, գնվել են։
Թե ինչ է անելու Հայաստանը հիմա այդ թանկարժեք խաղալիքների հետ, պարզ չէ։ Այնուամենայնիվ, ՀՀ ՊՆ կողմից սպառազինության գնումների վերջին միտումները ցույց են տալիս, որ այդ ինքնաթիռները մատնվելու են անգործության: Նման իրավիճակում ամենախելամիտ քայլը կլինի այդ չորս ինքնաթիռները երրորդ երկրներին վաճառելը, եթե, իհարկե, դրա համար չպահանջվի արտադրողի` Ռուսաստանի հավանությունը։