1ԱշխարհԳլխավորԼուրեր

«Ռուսական սապոգը» Գյումրիում կվարվի այնպես, ինչպես վարվեց Ղարաբաղում, այսինքն՝ կդավաճանի

Ավելի լավ է, որ հայ ժողովուրդն ու նրա ղեկավարներն իրենց անվտանգությունը փնտրեն հարեւանների հետ խաղաղություն հաստատելու մեջ, այլ ոչ թե հազարավոր կիլոմետրեր հեռու։ Այս մասին Էրդողանը հայտարարել է նախօրեին նախարարների կաբինետի նիստին հաջորդած մամուլի ասուլիսում։ Նա նաև հայտարարել է, որ «Գազան մեր սրտերում նույն տեղն է զբաղեցնում, ինչ Ղարաբաղը»։

«Ցանկացած միջադեպ, որը տեղի է ունենում մեր շուրջը՝ Բալկաններից մինչև Կովկաս, Սև ծովից մինչև Միջերկրական ծովի արևելյան ափերը, ուղղակիորեն մտահոգում է մեզ։ Գազան մեր սրտերում նույն տեղն է զբաղեցնում, ինչ Ղարաբաղը: Մենք տարբերություն չենք դնում Բոսնիայի ու Հալեպի, կամ Տրիպոլիի ու Բալխի, կամ Սալոնիկի ու Մոսուլի միջև»,- ասել է Էրդողանը։

«Նրանք, ովքեր տարիներ շարունակ ոգևորել են Հայաստանին և օգուտ քաղել տարածաշրջանում ապրող մարդկանց տառապանքներից, դժվարություններից ու պայքարից, իրականում ամենամեծ վնասը հասցրել են հենց Հայաստանին։ Անիրատեսական երազանքների կրակը բորբոքելով՝ նրանք շահարկել ու շահագործել են հայերին՝ դատապարտելով նրանց անվտանգության բացակայության։ Հայաստանը պետք է գիտակցի և ընդունի այս իրողությունը։ Ավելի լավ է, որ հայ ժողովուրդն ու նրա ղեկավարներն իրենց անվտանգությունը փնտրեն հարեւանների հետ խաղաղություն հաստատելու մեջ, այլ ոչ թե հազարավոր կիլոմետրեր հեռու։

Արեւմտյան երկրների կողմից ուղարկված ոչ մի զենք կամ զինամթերք չի կարող փոխարինել մշտական ​​խաղաղության մթնոլորտից բխող հանգստությանը: Մեր ամենամեծ ցանկությունն է, որ հայերը կրկին բաց չթողնեն խաղաղության հնարավորությունը»,- ասել է Էրդողանը։

Քննադատելով Արևմուտքին, Թուրքիայի նախագահը ասել է, որ «արևմտյան որոշ տերություններ դեռ չեն գիտակցում, որ ղարաբաղյան պատերազմով մեր տարածաշրջանում նոր դարաշրջան է սկսվել»։

Իչականում, սա վերջին ժամանակներում առաջին անգամը չէ, որ Թուրքիայի նախագահը հիշատակում է Ղարաբաղը և այն համեմատում Գազայի հետ։ Ինչ վերաբերում է այն խոսքերին, թե հայ ժողովուրդն իր անվտանգությունը պետք է «փնտրի հարեւանների հետ խաղաղություն հաստատելու մեջ, այլ ոչ թե հազարավոր կիլոմետրեր հեռու», ապա այստեղ ավագ եղբայրը պարզապես կրկնում է իր կրտսեր եղբոր Իլհամ Ալիևի խոսքերը: Ըստ ամենայնի, սա երկու դաշնակիցների, ավելի ճիշտ՝ երեք դաշնակիցների՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Ռուսաստանի համակարգված խոսույթ է։

Արդեն երկու օր է, ինչ Կրեմլամետ քարոզչական լրատվամիջոցներն անթաքույց հաճույքով մեկնաբանում են Էրդողանի այս խոսքերը։ Սակայն, ամենա հեռուն գնաց Կրեմլին մոտ կանգնած հայտնի տելեգրամյան «Рыбарь» ալիքը, որը, ի թիվս այլ բաների, լայնորեն լուսաբանում է նաև ուկրաինական պատերազմը։ Մեկնաբանելով Էրդողանի խոսքերը՝ Կրեմլի քարոզիչները գրել էին

«Էրդողանի նման խոսքերին չպետք է լուրջ վերաբերվել՝ հաշվի առնելով երկու ժողովուրդների հարաբերությունների անցյալը։ Հետադարձ հայացքով, Էրդողանի զրույցը ավելի շատ նման է ճաշի հրավերի:

Միայն թե նա հայերին հրավիրում է ոչ թե որպես հյուր, այլ որպես հիմնական ուտեստ՝ 1915 թվականի սցենարով։ Իսկ Հայաստանի իշխանությունները նրան միայն օգնում են իրենց գործողություններով՝ համեմելով գարնիրով և բերանները խնձոր դնելով»,- գրում է «Рыбарь»-ը։

Նորմալ մարդու գլխի մեւ չի տեղավորվում, որ այս կանխատեսումը կամ, ավելի ճիշտ՝ սպառնալիքը հնչեցնում է մեր դաշնակիցը։ Նորմալ մարդու գլխի մեւ չի տեղավորվում, որ Հայաստանի հանդեպ դաշնակցային պարտավորությունները կատարելուց հրաժարվելուց և Ղարաբաղում բացահայտ դավաճանությունից հետո նման տոն իրեն թույլատրում է Մոսկվան, և ոչ հակառակը։ Բայց վերջերս ռուս քարոզիչների այս բացահայտ տաղտկալի ու թշնամական տոնը գրեթե սովորական է դարձել։ Այն հայտնություն դարձավ նաև շատ հայերի համար, ովքեր նախկինում օրհնում էին Հայաստանում «ռուսական սապոգը», որը, իբր, պետք է պաշտպանի մեզ թուրքական յաթաղանից։ Ի դեպ, այդ «սապոգը», ինչպես գիտեք, գտնվում է Գյումրիում՝ Թուրքիայի հետ սահմանին և կոչվում է ռուսական ռազմաբազա։

Այս ամենը մտածելու տեղիք է տալիս: Սա ահազանգ է, որ մենք պետք է արագացնենք մեր անվտանգության համակարգի դիվերսիֆիկացիան։ Ի վերջո, Կրեմլի քարոզիչների ակնարկներն ու սպառնալիքները, թե մենք կդառնանք «հիմնական ուտեստ՝ 1915 թվականի սցենարով», ոչ այլ ինչ է, քան բացահայտ հայտարարություն, որ թուրքական սպառնալիքի դեպքում, «ռուսական սապոգը» Գյումրիում կվարվի այնպես, ինչպես վարվեց Ղարաբաղում, այսինքն՝ կդավաճանի:

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close