
Կատարի պաշտոնյաները մի քանի ժամվա ընթացքում կհայտարարեն Գազայի շրջանում հրադադարի մասին համաձայնագրի և հոկտեմբերի 7-ի հարձակման ժամանակ գերեվարված անձանց ազատ արձակման մանրամասները, հայտարարել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Իզաթ ալ-Ռեշիկը քաթարյան Al Jazeera հեռուստաալիքի եթերում։
«Սպասվող համաձայնագիրը կներառի իսրայելցի կանանց և պատանդ երեխաների ազատ արձակումը օկուպացիոն բանտերում պահվող պաղեստինցի երեխաների և կանանց ազատ արձակման դիմաց», – ասել է ալ-Ռեշիկը:
Պաղեստինյան շարժման ներկայացուցչի խոսքով՝ համաձայնագիրը «ընդունելի կլինի ՀԱՄԱՍ-ի զինված թևի ղեկավարների համար»։
Ընդգծենք, որ ժամեր առաջ էլ համանման հայտարարությամբ հանդես էր եկել ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն, ով նշել էր, որ մոտ է Իսրայելի հետ զինադադարի համաձայնագրի կնքման գործընթցը։
«Մենք մոտ ենք զինադադարի համաձայնության հասնելուն», – ասվում է հայտարարության մեջ, որը հայտնվել է ՀԱՄԱՍ-ի թելեգրամյան ալիքում, որը մեջբերվում է նաև Reuters-ի կողմից։ Հաղորդագրության մեջ այլ մանրամասներ չեն հաղորդվել
AFP-ն, վկայակոչելով բանակցություններին ծանոթ աղբյուրներին, հայտնում է, որ համաձայնագիրը կարող է ներառել հնգօրյա զինադադար, որը բաղկացած կլինի ցամաքային գործողությունների դադարից և Գազայի շրջանի հարավում Իսրայելի օդային գործողությունների սահմանափակումից:
Փոխարենը ազատ կարձակվեն ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադի» կողմից հոկտեմբերի 7-ի հարձակման ընթացքում գերեվարված 50-ից 100 անձ։ Նրանց թվում կլինեն իսրայելցիներ, բայց ոչ զինվորականներ, ինչպես նաև այլ երկրների քաղաքացիություն ունեցող գերևարված անձինք։ Գործարքի համաձայն՝ մոտ 300 պաղեստինցի ազատ կարձակվի իսրայելական բանտերից։
Ինչպես նշում է Երուսաղեմում BBC-ի թղթակից Թոմ Բեյթմանը, համաձայնագրի համաձայն՝ պատանդների խմբերը կարող են ազատ արձակվել փուլ առ փուլ։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ մոտ ապագայում կարող է պայմանավորվածություն ձեռք բերել պատանդների ազատ արձակման շուրջ։
Այս ամենին էլ նախորդել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Միրյանա Սպոլյարիչի երկուշաբթի օրը Իսմայիլ Հանիեի և ինչպես նաև Կատարի իշխանությունների ներկայացուցիչների հետ Կատարում անցկացրած առանձին հանդիպումները։
Կատարը բանակցություններին մասնակցում է որպես միջնորդ։ Այս երկրի մայրաքաղաք Դոհայում է գտնվում ՀԱՄԱՍ-ի քաղաքական թևի գրասենյակը։