ԱշխարհԼուրեր

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը ժամանել է Կիև

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ժամանել է Ուկրաինայի մայրաքաղաք։ Պենտագոնի ղեկավարը X սոցիալական ցանցում լուսանկար է հրապարակել Կիևի երկաթուղային կայարանից։

«Ես այսօր այստեղ եմ կարևոր ուղերձ հղելու համար. Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Ուկրաինային ռուսական ագրեսիայի դեմ ազատության համար պայքարում՝ և այսօր, և ապագայում», – գրել է Լլոյդ Օսթինը:

Կիև այցի ծրագրում նախատեսված են հանդիպումներ Ուկրաինայի ղեկավարության հետ, հավելել է նա՝ չմանրամասնելով։

ԱՄՆ պաշտպանության նախարարի այցը տեղի է ունենում ուկրաինական հակահարձակման հետ կապված խնդիրների մասին հաղորդագրությունների, այդ թվում՝ ուկրաինական ղեկավարության խոստովանությունների ֆոնին: Ավելի ու ավելի հաճախ են սկսել ձայներ հնչել բանակցությունների անհրաժեշտության ու ռազմավարական պաշտպանությանն անցնելու մասին։

ԱՄՆ-ն Ուկրաինայի առանցքային դաշնակիցն է և առաջատարը ռազմական օգնության ծավալով։ Ռուսական զորքերի լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր ԱՄՆ-ն 60 միլիարդ դոլար է հատկացրել Ուկրաինային օգնելու համար։ Ըստ պաշտոնական տվյալների, նոյեմբերի սկզբի դրությամբ ԱՄՆ-ը արդեն ծախսել էր այդ գումարի 96%-ը։

Այդ կապակցությամբ, ԱՄՆ նախագահը հոկտեմբերին Կոնգրեսից խնդրել էր հաստատել 106 մլրդ դոլարի հատկացումը, որից 61,4 մլրդ դոլարը՝ Ուկրաինային և 14,3 մլրդ դոլարը՝ Իսրայելին։

Սակայն դեմոկրատների ու հանրապետականների տարաձայնությունների պատճառով տարեկան բյուջեն մինչ օրս չի ընդունվել։ Կոնգրեսի երկու պալատներն էլ հաստատել են միայն ժամանակավոր բյուջեն, որը չի ներառում օգնությունն Ուկրաինային և Իսրայելին։ Ընդ որում, թե դեմոկրատները, թե հանրապետականները հրապարակայնորեն հավաստիացրել են Ուկրաինային, որ ԱՄՆ-ն կշարունակի օգնություն ցուցաբերել։

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close