ԱշխարհԼուրեր

Եմենի հութիները Կարմիր ծովում բեռնատար նավ են առևանգել՝ համարելով, որ այն իսրայելական է

Եմենի աբստամբ հութիների «Անսար Ալլահ» խմբավորումը Կարմիր ծովում առևանգել է Galaxy Leader բեռնատար նավը։ Մինչ այդ ապստամբները խոստացել էին, որ հարձակվելու են իսրայելական ընկերություններին պատկանող կամ նրանց կողմից շահագործվող ցանկացած նավի վրա։

Խմբավորման ներկայացուցիչը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հաստատել է առևտրային նավի առևանգումը։ Նա նաև ասել է, որ Galaxy Leader բեռնատարը տարվել է Եմենի արևմուտքում գտնվող Հոդեյդա նահանգում խմբավորման կողմից վերահսկվող տարածքներ։ Նրա խոսքով՝ այժմ հարցաքննվում է նավի 22 հոգանոց անձնակազմը։

Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը Կարմիր ծովում հութիների կողմից բեռնատար նավի առևանգումն անվանել է «գլոբալ մակարդակի շատ լուրջ միջադեպ»։ Միաժամանակ, Իսրայելի բանակի հաղորդագրության մեջ ասվում է, որ Galaxy Leader-ը իսրայելական նավ չէ: Նշվել է, որ Թուրքիայից Հնդկաստան ուղևորվող նավի վրա եղել է միջազգային անձնակազմ, որոնց թվում չկան Իսրայելի քաղաքացիներ։

Նավը, որը գործել է Բահամյան կղզիների դրոշի ներքո, գրանցված է բրիտանական Ray Shipping ընկերության վրա, որի համասեփականատերերից մեկն իսրայելցի գործարար Ռամի Ունգերն է, գրում է The Times of Israel-ը։ Առևանգման պահին նավը վարձակալությամբ տրված է եղել ճապոնական ընկերությանը:

Իսրայելի վարչապետի գրասենյակը կատարվածի մեջ մեղադրել է Իրանին՝ հայտարարելով, որ Եմենի հութի զինյալները նավը գրավել են «Իրանի քմահաճույքով»: Իսրայելի իշխանությունների տվյալներով՝ նավի վրա եղել են Ուկրաինայի, Բուլղարիայի, Ֆիլիպինների և Մեքսիկայի քաղաքացիներ։

Հութիների «Անսար Ալլահ» խմբավորումը փաստացի ղեկավարում է Եմենը 2015 թվականից: Սակայն, նրանց իշխանության օրինականությունը մինչ օրս չի ճանաչվել ՄԱԿ-ի կողմից։ Համարվում է, որ հութիներին աջակցում են Իրանը և Հեզբոլլահը, որոնք Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի պատերազմում աջակցում են պաղեստինցիների խմբավորմանը։

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close