ԱշխարհԼուրեր

Ռուսաստանը պատրաստում է «Մայդան-3»՝ Ուկրաինայում իշխանությունը փոխելու գործողություն

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանը նախապատրաստում է ապատեղեկատվության գործողություն՝ երկրում պառակտում ստեղծելու և «քաոս» սերմանելու համար, ինչը պետք է հանգեցնի գործող իշխանության հեռացմանը։

Նախագահի խոսքով՝ Ուկրաինայի հետախուզության այս տվյալները հաստատել են նաև Ուկրաինայի դաշնակիցները։ Bloomberg-ը պարզաբանում է, որ Ուկրաինայում այս պլանը հայտնի է դարձել որպես «Մայդան-3», քանի որ ռուսական իշխանությունները 2014-ին նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրաժարականին հանգեցրած բողոքի ցույցերը համարում են հեղաշրջում։ «Մայդանը նրանց համար հեղաշրջում է, ուստի գործողությունը պարզ է»,- հավելել է Զելենսկին։

Ավելի վաղ Ուկրաինան ապակայունացնելու նպատակով՝ «Մայդան-3» լայնածավալ տեղեկատվական հարձակման մասին գրել էր Online.ua կայքը՝ վկայակոչելով Ուկրաինայի իրավապահ մարմինների իր աղբյուրները։ Ըստ նրանց տվյալների՝ ռուսական հատուկ ծառայությունների տեղեկատվական արշավը նախատեսված է 2023 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին։ Ենթադրվում է նաև, որ իբր գործողության կուրատորը Կրեմլի քաղաքական բլոկի ղեկավար Սերգեյ Կիրիենկոն է, իսկ գաղափարախոսը՝ ՌԴ նախագահի նախկին օգնական Վլադիսլավ Սուրկովը։

Վերջերս, մի ​​շարք իրադարձություններից հետո, մարդիկ ավելի ու ավելի են սկսել խոսել Ուկրաինայում իշխանության ճգնաժամի մասին։ Այսպես, նոյեմբերի սկզբին The Economist ամսագիրը հարցազրույց էր հրապարակել Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի հետ, որտեղ նա հայտարարել էր, որ իրավիճակը ռազմաճակատում փակուղի է մտել։ Այս հայտարարությունը մեծ աղմուկ առաջացրեց ուկրաինական հասարակության մեջ, իսկ նախագահի աշխատակազմում ասել էին, որ գերագույն գլխավոր հրամանատարի խոսքերը «խուճապ» են առաջացրել Ուկրաինայի միջազգային գործընկերների շրջանում։ Շուտով նախագահ Վլադիմիր Զելենսկին հրապարակավ վիճարկեց Զալուժնիի հայտարարությունները, ինչի կապակցությամբ որոշ լրատվամիջոցներ, այդ թվում՝ The New York Times-ը, սկսեցին գրել Ուկրաինայի ղեկավարության ներսում հնարավոր պառակտման մասին։ Իրենք՝ Ուկրաինայի իշխանությունները, հերքում դա։

Միևնույն ժամանակ, հայտնի բլոգեր, Զելենսկիի գրասենյակի ղեկավարի արտահաստիքային խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը, ով պատերազմի ընթացքում դարձել է ուկրաինացի ամենաճանաչված քաղաքական գործիչներից մեկը, վերջերս հայտարարեց, որ պատրաստվում է մասնակցել նախագահական ընտրություններին։ Նա ներկայացրել է նաև իր նախընտրական ծրագիրը, ըստ որի՝ Ուկրաինայի Զինված ուժերը պետք է անցնեն պաշտպանության, իսկ Ուկրաինան պետք է պահանջի մտնել ՆԱՏՕ՝ այդ պահին օկուպացված տարածքները չվերագրավելու պարտավորությամբ։

Ավելի ուշ Արեստովիչը հայտարարեց, որ լքել է Ուկրաինան և այժմ գտնվում է արտերկրում և պատրաստ է այնտեղից վարել նախագահական քարոզարշավը։ Նա նշել է, որ այժմ հակասության մեջ է նախագահի աշխատակազմի հետ և «ընդդիմադիր դիրք» է ընդունել նրանց նկատմամբ։ Նա պնդում է, որ իր վրա քաղաքական ճնշում է գործադրվում.

«Վախենում եմ, որ ստիպված լինեմ ընդդիմադիր քաղաքական գործիչ լինել վտարանդի վիճակում և նույնիսկ ընտրություններին մասնակցել դրսից: Այս ամենը հեշտությամբ որակվում է որպես ուղղակի քաղաքական հետապնդում: Դե, ուրեմն, կխաղանք այս խաղն այստեղից, դրսից», – ասել է նա:

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close