ԱշխարհԼուրեր

Ռուսաստանը դառնում է խավարամտության բաստիոն. նկարչուհին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման՝ խանութում գնապիտակները հակապատերազմական թռուցիկներով փոխարինելու համար

Ռուսաստանում դատարանը նկարիչ Սաշա Սկոչիլենկոյին դատապարտել է յոթ տարվա ազատազրկման ռուսական բանակի մասին «ֆեյքեր» տարածելու համար։ Դատախազությունը պահանջել էր ութ տարի: Քրեական օրենսգրքի այս հոդվածը պատիժ է նախատեսում «գիտակցաբար կեղծ տեղեկատվության տարածման համար»՝ հիմնված «քաղաքական, գաղափարական, ռասայական, ազգային կամ կրոնական ատելության վրա»։ 

2022 թվականի գարնանը Սաշա Սկոչիլենկոն, «Ֆեմինիստական ​​հակապատերազմական դիմադրություն» շարժման շրջանակներում, «Պերեկրեստոկ» առևտրային ցանցի խանութներում գնային պիտակները փոխարինել է հակապատերազմական թռուցիկներով՝ այսպես կոչված «հատուկ ռազմական գործողության» մասին տեղեկություններով: Ռուսաստանի իշխանությունները Ուկրաինայի ինքնիշխան տարածք ներխուժումն անվանում են «հատուկ ռազմական գործողություն»։

Իր վերջին խոսքում Սկոչիլենկոն ասել է, որ չի ընդունում իր մեղքը իրեն առաջադրված հանցագործության մեջ։ Նա նշել է, որ «համակված է կարեկցանքի զգացումով բոլոր նրանց նկատմամբ, ովքեր զոհվել և տուժել են պատերազմում»։ «Ես ցավում եմ ցանկացած զինվորի համար, ցավում եմ ցանկացած քաղաքացիական անձի համար և ցավում եմ ավերված քաղաքների համար»,- ընդգծել է նա։

«Ես պացիֆիստ եմ: Պացիֆիստները միշտ էլ եղել են: Սա մարդկանց հատուկ տեսակ է, ովքեր կյանքը համարում են ամենաբարձր արժեքը: Մենք հավատում ենք, որ ցանկացած հակամարտություն կարող է լուծվել խաղաղ ճանապարհով: Ես չեմ կարող նույնիսկ սարդ սպանել, ես վախենում եմ պատկերացնել ինչ-որ մեկի կյանքը խլել: Պատերազմը գալիս է ռազմիկների նախաձեռնությամբ, բայց խաղաղությունը գալիս է պացիֆիստների շնորհիվ: Եվ երբ դուք բանտարկում եք պացիֆիստներին, դուք հետաձգում եք երկար սպասված խաղաղության օրը»,- նշել է նա։

BB.lv: 7 лет тюрьмы за листовки против войны. В РФ осудили художницу Сашу Скочиленко

Նկարչի նկատմամբ հետապնդումները սկսվել են մեկուկես տարի առաջ։ Այդ ժամակվանից Սկոչիլենկոն գտնվում է նախնական կալանքի տակ։ Նրա պաշտպանները բազմիցս միջնորդել են նրա նկատմամբ ավելի մեղմ խափանման միջոց կիրառել՝ մեկուսարանում սրված բազմաթիվ լուրջ հիվանդությունների, այդ թվում՝ սրտի արատի պատճառով:

Պաշտպանները և ինքը՝ Սկոչիլենկոն, մեկ անգամ չէ, որ անվանել են այս երկարատև գործը և դատարանի վերաբերմունքը նրա նկատմամբ որպես խոշտանգում և ճնշման փորձ։ Մենք այսքան մանրամասն ենք պատմում Սկոչիլենկոյի գործի մասին, որովհետև այն ամենավառ դրսևորումներից մեկն է այն ամենի, ինչ տեղի է ունենում այսօր Ռուսաստանում, այն խավարի, որը Կրեմլը սերմանում է երկրում։

Սաշան մեղադրվում է ընդամենը վեց գնապիտակ տարածելու մեջ, որոնք իբր կեղծ տեղեկություններ են պարունակել ռուսական բանակի մասին։ Դրանց վրա գրված է եղել, որ Ռուսաստանը ժամկետային զինծառայողներ է ուղարկում Ուկրաինա կռվելու, որ Վլադիմիր Պուտինը բազմիցս չի կատարել բնակչությանը տված իր խոստումները, և որ անհրաժեշտ է դադարեցնել Ռուսաստանի սկսած պատերազմը։ Այս գնապիտակ-թռուցիկներում գրված էր նաև ռուս զինվորականների գործողությունների մասին Մարիուպոլում ՝ այն ժամանակ ռուսական ներխուժման ամենաթեժ կետում։

Սկոչիլենկոյի դեմ հաղորդումը ոստիկանություն ստացվել է 72-ամյա մի թոշակառուի կողմից, որն իբր «չափազանց վրդովված» է եղել գնապիտակով, որի վրա գրված է եղել, որ «ռուսական բանակը ռմբակոծել է Մարիուպոլում գեղարվեստի դպրոցը, որտեղ մոտ 400 մարդ թաքնվել էր հրետակոծությունից»։ 

«Ես շատ անհանգստացած եմ Ուկրաինայում ռուս զինվորների համար, ես հետևում եմ դրա մասին բոլոր նորություններին»,- հարցաքննության ժամանակ ասել է թոշակառուն։

Խանութներում գնապիտակների փոխարինման ակցիան մտածվել է պատերազմի սկզբում «Ֆեմինիստական ​​հակապատերազմական դիմադրություն» շարժման կողմից (ՌԴ իշխանություններն արդեն ներառել են այս շարժումը «օտարերկրյա գործակալների» ցուցակում): Շարժման մասնակիցները պատրաստել էին օրինակներ և առաջարկում էին մտահոգված ռուսաստանցիներին՝ խանութների իրական գնապիտակները փոխարինել հակապատերազմականով, որպեսզի հայրենակիցներին տեղեկացնեն Ուկրաինա ռուսական ներխուժման սարսափների մասին։

В Казани активисты меняют ценники в магазинах на антивоенную агитацию — фото — Мир — tsn.ua

Նման գործողությունների համար առաջինը կալանավորվել է Սկոչիլենկոն։ Դրանից հետո Ռուսաստանում ձերբակալվել են նաև այլ մարդիկ՝ հակապատերազմական գնապիտակներ տարածելու համար, բայց այս բոլոր դեպքերում վարչական իրավախախտումների համար տուգանքներ էին նշանակվել, այլ ոչ թե քրեական հետապնդում: Բայց Սկոչիլենկոյի դեպքում դատախազն ու դատավորը չգիտես ինչու անողոք էին։

Սաշայի մեղքն ապացուցելու համար դատախազությունը նույնիսկ ներգրավել էր Ուկրաինայում կռված երկու ռուս զինծառայողների։ Նրանք վկայել են, որ «հակապատերազմական գնապիտակները» ուկրաինական քաղաքների գնդակոծման մասին տեղեկություններով «վիրավորում են ռուսական բանակին»։ Ընդ որում, նրանք իրենք չեն տեսել այդ գնապիտակները։

Բայց մեղադրող կողմի հիմնական ապացույցը լեզվաբանական փորձաքննությունն էր, որը Սկոչիլենկոյի գործողություններում և բուն գնապիտակների բովանդակության մեջ տեսել էր «քաղաքական ատելության և թշնամանքի նշաններ»: Զավեշտալին այն է, որ փորձաքննությունը նաև նշել է, որ գնապիտակների վրա գրված տեղեկատվությունը կեղծ է, քանի որ այն չի հաստատվում ՌԴ իշխանությունների պաշտոնական հայտարարություններով։

Ինչ վերաբերում է բուն գնապիտակներին, ապա արժե առանձին կենտրոնանալ դրանցից երկուսի վրա: Առաջինում տեղեկություններ կան Մարիուպոլի գեղարվեստի դպրոցի վրա ռուսական բանակի հայտնի ավիահարվածի մասին, որտեղ զոհվել էին հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում՝ երեխաներ։ Հենց այդ գնապիտակն է վրդովեցրել 76-ամյա թոշակառուին, ով բողոքել է ոստիկանություն, քանի որ նրան վրդովվել է ռուսական բանակի մասին կեղծ տեղեկությունների տարածումից։ Ի դեպ, դատաքննության ընթացքում մեղադրող կողմը այդպես էլ չի կարողացել հերքել գնապիտակի վրայի տեղեկությունները։

Художницу из Петербурга судят за ценники в магазине – DW – 15.04.2022

Երկրորդ գնապիտակի վրա գրված է եղել, որ Վլադիմիր Պուտինը «20 տարի ստում է հեռուստաէկրաններից»։ Ցույց տալու համար, որ այդ պնդումը կեղծ չէ, Սկոչիլենկոյի պաշտպանները դատարան էին ներկայացրել Վլադիմիր Պուտինի՝ պաշտոնական աղբյուրներից տպված մեջբերումները: Նշվում էին Պուտինի խոստումները, որոնք նա չի կատարել, օրինակ, որ չի պատրաստվում փոխել սահմանադրությունը և բարձրացնել կենսաթոշակային տարիքը։ Ինչպես և սպասվում էր, դատարանը մերժել էր այդ փաստերը գործի մեջ ներառել։ 

Պաշտպանական կողմը և ինքը՝ Սկոչիլենկոն, շարունակում էին պնդել, որ գնապիտակների վրա բոլոր գրությունները ճիշտ են և հաստատվում են ԶԼՄ-ների, իրավապաշտպանների զեկույցներով և նույնիսկ նախագահ Պուտինի խոսքերով։ Օրինակ, գնապիտակներից մեկի վրա գրված էր ռուսաստանցի զինակոչիկներին Ուկրաինա ուղարկելու մասին. Վլադիմիր Պուտինն ինքը խոստովանել էր այս տեղեկությունը 2022 թվականի մարտին և հանձնարարել զինդատախազությանը պարզել, թե ինչու են 18 տարեկան զինակոչիկներին ուղարկել պատերազմ:

Սկոչիլենկոյի պաշտպանների կարծիքով, նա չի դիմանա գաղութում: Եթե ​​նկարչուհուն հասանելի չլինեն բուժումն ու բժիշկները, նրան լուրջ բարդություններ են սպասվում։ 

«Բոլորը տեսնում են և գիտեն, որ դուք չեք դատում ահաբեկչի, դուք չեք դատում ծայրահեղականի։ Դուք նույնիսկ քաղաքական ակտիվիստի չեք դատում: Դուք դատում եք պացիֆիստի: <…> Ի՞նչ եք անելու, եթե մի օր ճոճանակը ճոճվի մյուս ուղղությամբ»,- իր վերջին խոսքում ասել է Սկոչիլենկոն։

Այս ելույթից ընդամենը մի քանի ժամ անց դատավոր Օքսանա Դեմյաշևան ընթերցեց դատավճիռը՝ յոթ տարվա ազատազրկում։ «Ամոթ», վանկարկում էին դահլիճում ներկաները։

2022 թվականի մարտին նախնական կալանքի վայրում անցկացրած առաջին գիշերից հետո Սկոչիլենկոն գրել էր. «Ռուսաստանում շատ վախենալու վիճակ է: Ամենավատն այն չէ, որ ձեզ երաշխավորված կտանեն ոստիկանական բաժանմունք այն բանի համար, որ դուրս եք եկել արտահայտվելու պատերազմի դեմ, որը դուք չեք աջակցում: Եվ այն չէ, որ մեր բաժանմունքներում բերման ենթարկվածներին խոշտանգում են: Եվ այն չէ, որ եթե պատերազմն անվանում եք պատերազմ, կարող եք քրեական մեղադրանք ստանալ… Ամենավատն այն է, որ մեր որոշ հայրենակիցներ իսկապես չեն հասկանում մարդկային կյանքի արժեքը, աջակցում են բռնությանը և դրա մեջ արժեք են գտնում»։

Մինչ Սկոչիլենկոյի գործը, այսպես կոչված՝ «բանակի մասին ֆեյքերի» հոդվածով ամենաերկար պատիժները կայացվել էին Մոսկվայում մունիցիպալ պատգամավոր Ալեքսեյ Գորինովի (յոթ տարի ազատազրկում) և «օտարերկրյա գործակալ» հայտարարված ընդդիմադիր Իլյա Յաշինի նկատմամբ (ութ տարի ազատազրկում):

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close