
Ռուսաստանում Իսրայելի դեսպան Ալեքսանդրա Բեն Ցվին հայտարարել է, որ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդ տարված անձնաց ճակատագիրն առայժմ անհայտ է, քանի որ նրանց ազատ արձակման շուրջ բանակցություններն այլևս չեն ընթանում։
«Ինչ վերաբերում է [պատանդների հետ կապված] իրավիճակին, ապա մեզ այն դեռ անհայտ է։ Չնայած բոլոր խնդրանքներին՝ ՀԱՄԱՍ-ը նույնիսկ չի ներկայացրել իրենց հետ գտնվողների ցուցակը, և այն թե ինչ վիճակում են նրանք, ողջ են արդյոք։ Մենք չգիտենք, թե ինչ է կատարվում այնտեղ, ուստի շատ դժվար է բանակցություններ վարել՝ առանց իմանալու, թե ինչի մասին եք խոսում»,-դեսպանի խոսքերը մեջբերում է ռուսական «Интерфакс» գործակալությունը:
«Որքանով ես տեղեկացված եմ, մենք հիմա բանակցություններ չենք վարում, ՀԱՄԱՍ-ը դադարեցրել է դրանք սեփական նախաձեռնությամբ»,- ասել է Բեն Ցվին՝ հավելելով, որ Իսրայելը պնդում է բոլոր պատանդների ազատ արձակման վրա և ճիշտ չի համարում նրանց խմբերով ազատ արձակելու տարբերակը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀԱՄԱՍ-ի զինյալները պատրաստ են ազատ արձակել իրենց ձեռքում գտնվող կանանց ու երեխաներին։ Փոխարենը ՀԱՄԱՍ-ը պահանջել էր ազատ արձակել իսրայելական բանտերում պահվող դեռահասներին և կանանց, ինչպես նաև վառելանյութ և հավելյալ մարդասիրական օգնություն ուղրակել Գազա:
ԱՄՆ նախագահի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան անանուն մնալու պայմանով NBC News-ին ասել էր, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև որոշակի փոխըմբռնում կա համաձայնագրի հնարավոր տարբերակների շուրջ, որոնք կներառեն նաև հոկտեմբերի 7-ին Իսրայելում առևանգված 80 կանանց և երեխաների՝ իսրայելական բանտերում պահվող պաղեստինցի կանանց և դեռահասների հետ փոխարինումը:
Կիրակի օրը պաղեստինցի պաշտոնյաները Reuters-ին հայտնել էին, որ բանակցությունները դադարեցվել են Ալ-Շիֆա հիվանդանոցի վրա Իսրայելի ռազմական հարձակումից հետո:
Ընդգծենք, որ Իսրայելը դեռ պաշտոնական համաձայնություն չի տվել նույնիսկ անուղղակի բանակցություններ վարելուն, որոնք այնուամենայնիվ, տեղի էին ունեցել Կատարում և շարունակաբար պնդում է ՀԱՄԱՍ-ի վերջանական ոչնչացման նպատակների մասին։