Առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանը

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության թագաժառանգ և վարչապետ Մուհամմեդ բեն Սալմանի հետ, որը տևել է 45 րոպե։ Զրույցի ընթացքում երկու առաջնորդները հիմնականում քննարկել են Իսրայելի և Գազայի շրջանում գործող ՀԱՄԱՍ շարժման միջև շարունակվող ռազմական էսկալացիան:
Այս մասին հայտնում են Իրանի և Սաուդյան Արաբիայի պետական լրատվական գործակալությունները:
Իրանական «ԻՌՆԱ» (IRNA) գործակալության փոխանցմամբ` Իրանի քաղաքական հարցերով փոխնախագահ Մոհամմադ Ջամշիդիը նշել է. «Ռաիսիի և Մուհամեդ բեն Սալմանի առաջին հեռախոսազրույցի ընթացքում կարևոր փոխանակումներ են տեղի ունեցել Պաղեստինի և ռազմական հանցագործությունները դադարեցնելու անհրաժեշտության վերաբերյալ»:
Ջամշիդի խոսքերով` ղեկավարները քննարկել են իսլամական երկրների միասնականության դրսևորման անհրաժեշտությունը:
«Նրանք նշել են Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները և ԱՄՆ-ի կանաչ լույսը որպես ռեժիմի և նրա կողմնակիցների կործանարար գործունեության պատճառ»,- ասել է իրանցի պաշտոնյան:
Սաուդյան մամուլի գործակալությունն (Saudi Press Agency (SPA) էլ գրում է. «Զրույցի ընթացքում Նորին Մեծություն թագաժառանգը հաստատել է, որ Թագավորությունը գործադրում է բոլոր ջանքերը՝ համագործակցելու բոլոր միջազգային և տարածաշրջանային կողմերի հետ՝ դադարեցնելու շարունակվող էսկալացիան»:
SPA-ի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի թագաժառանգը վերահաստատել է Թագավորության ունեցած դիրքորոշումը՝ խաղաղ բնակչությանը որևէ կերպ թիրախավորելու և անմեղ բնակչության սպանության դեմ։
Պետական լրատվականի հաղորդագրության մեջ նշվում է, որ թագաժառանգը «ընդգծել է միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքների հարգման կարևորությունը՝ խորը մտահոգություն հայտնելով Գազայի հատվածում տիրող հումանիտար ծանր պայմանների և խաղաղ բնակչության վրա ազդեցության շուրջ»:
«Նա, թող Ալլահը պաշտպանի նարան, նաև ընդգծել է Թագավորության ամուր դիրքորոշումը պաղեստինյան գործին աջակցելու և համապարփակ և արդար խաղաղության հասնելու ջանքերին աջակցելու հարցում, որը կերաշխավորի Պաղեստինի ժողովրդի հասանելիությունը իր օրինական իրավունքներին»,-ասվում է Սուդյան Արաբիայի պետական լրատվականի հրապարակած տեքստում:
«Ռոյթեր» (Reuters) գործակալության փոխանցմամբ ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան Իրանի և Սաուդյան Արաբիայի ղեկավարների հեռախոսազրույցի շուրջ մեկնաբանություն տալու լրատվականի հարցմանը ի պատսխան նշել էր, որ Վաշինգտոնը, որը հաստատապես աջակցում է Իսրայելին ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարում, «մշտական կապի մեջ է Սաուդյան Արաբիայի ղեկավարների հետ»:
Պաշտոնյան հավելել է, որ ԱՄՆ-ն խնդրում է իր գործընկերներին, որոնք կապեր ունեն ՀԱՄԱՍ-ի, Լիբանանում գործող «Հեզբ Ալլահի» կամ Իրանի հետ «ստիպեն ՀԱՄԱՍ-ին հրաժարվել իր հարձակումներից, ազատ արձակեն պատանդներին, «Հեզբ Ալլահին» և Իրանին հեռու պահեն հակամրտության մեջ ներգրավվելուց»:
Տարածաշրջանային և գաղափարական ախոյաններ համարվող Սաուդյան Արաբիան և Իրանը երկկողմանի հարաբերությունները վերականգնել էին ընթացիկ տարվա մարտին՝ Չինաստանի միջնորդությամբ կնքված համաձայնագրի շրջանակներում, որով փաստացի վերջ էր դրվում կողմերի միջև յոթ տարի շարունակվող առճակատմանը:
Ալ-Ռիադը միջպետական հարաբերությունները Թեհրանի հետ խզել էր 2016 թվականին այն բանից հետո, երբ իրանցի ցուցարարները ի պատասխան Սաուդյան Արաբիայի կողմից հայտնի շիա գիտնական Նիմր ալ-Նիմրին մահապատժի ենթարկելուն հարձակվել էին Իրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա: