ԼուրերԿարևոր

Հունգարիան արգելափակել է ԵՄ 27 երկրների հայտարարությունը Արցախի վերաբերյալ. Բորելը ստիպված էր դա անել իր անունից

Ինչպես հաղորդել էինք, նախօրեին ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարություն էր տարածել Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների վերաբերյալ, որում, ի թիվս այլոց, կոչ էր արել Ադրբեջանին վերահաստատել իր հավատարմությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը։

Հայտարարությունը նաև պարունակում էր բավականին խիստ նախազգուշացում՝ ուղղված Ադրբեջանին ռազմական կամ այլ միջոցներով քաղաքացիական բնակչությանը բռնի տեղահանելու փորձերի վերաբերյալ։

«Քաղաքացիների բռնի տեղահանումը, լինի դա ռազմական կամ այլ միջոցներով, կհանդիպի ԵՄ-ի ուժեղ պատասխանին», – հայտարարել էր Բորելը:

Հայտարարությունը նաև կոչ էր անում Ադրբեջանին անհապաղ և անխոչընդոտ մարդասիրական հասանելիություն տրամադրել կարիքավոր բնակչությանը, այդ թվում՝ Լաչինի միջանցքի ամբողջական բացման միջոցով՝ Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվար և հուլիսյան որոշումներին համապատասխան։

Նշենք, որ մեր կարծիքով, Բորելի այս հայտարարությունը շատ ավելի կոշտ ու կոնկրետ էր, քան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեկվա նիստի հայտարարությունը։ Սակայն, ինչպես կարելի է նկատել, այն արվել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի անունից։ Ցավոք, ոչ ԵՄ բոլոր 27 անդամների անունից։

«Ազատություն» ռադիոկայանի եվրոպական ծառայության խմբագիր Ռիկարդ Յոզվիակը իր X-էջում կիսվել է Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ Ժոզեպ Բորելի այս հայտարարությամբ և նշել, որ այն նախատեսված էր անել ԵՄ բոլոր 27 երկրների անունից, սակայն Օրբանի Հունգարիան, որը հայտնի է Ալիևի ռեժիմի հետ կոռուպցիոն կապերով, արգելափակել են հայտարարությունը։

«Ես դա գիտեմ թղթապանակին ծանոթ ԵՄ երեք առանձին պաշտոնյաներից», – ավելացրել է Յոզվիակը։

Արդյունքում, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչը ստիպված էր դա անել իր անունից։

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close