
ԼՂ բնակավայրերի բնակիչները կարող են իրենց տները վերադառնալու իրական հնարավորություն ստանալ:
Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԼՂ-ում ստեղծված իրադրությանը:
«Իրադրությունը շարունակում է մնալ ծայրահեղ լարված: Հումանիտար ճգնաժամը շարունակվում է: Մենք մշտական կապի մեջ ենք ԼՂ գործընկերների հետ: Այսօր առավոտյան ունեցած քննարկումների արդյունքում կարող ենք արձանագրել, այնուամենայնիվ, որ իրադրության դրական տեղաշարժի որոշակի հույսեր կան, դա ԼՂ մեր մի շարք գործընկերների գնահատականն է, որը մենք ինչ-որ առումով կիսում ենք»,-ասաց վարչապետը:
Իսկ թե ինչ է նկատի առնվում՝ ասելով, որ դրական զարգացումների հույսեր կան, վարչապետն ասաց. «ԼՂ բնակավայրերի բնակիչները՝ մեր հայրենակիցները, կարող են իրենց տները վերադառնալու իրական հնարավորություն ստանալ»:
Փաշինյանը հավելեց՝ իրավիճակը դինամիկ ու փոփոխական է, այս պահին ունեցած տեղեկատվությունը կարող է կես ժամից փոխվել: