
Արցախում վերջին զարգացումներից հետո Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յ․ Գյուլերը թուրքական Milliyet-ին հարցազրույց է տվել։ Թերթի թղթակից Թ․ Բենգինի հետ զրույցում նախարարը մասնավորապես նշել է․
«Ղարաբաղում 44 օրում ավարտված գործողության արդյունքում Հայաստանը հրադադարի համաձայնագիր է ստորագրել։ Ստորագրած համաձայնագիր ունեք և ստիպված եք ենթարկվել դրա պայմաններին։ Դրանք բոլորն արյունով են գրվել, նահատակներ են տրվել, ղազիներ ունենք և դրա վերջում առաջ քաշված մեկ համաձայնագիր կա։ Հիմա արդյո՞ք հնարավոր է ընդունել [խոսքերը], թե «չեմ ենթարկվում, Զանգեզուրի միջանցքը չեմ բացելու»։
Այնտեղ ահաբեկիչները խոչընդոտում են որպեսզի մարդիկ մտնեն տնտեսական շրջան։ Այնտեղի հանքերն ապօրինի կերպով շահագործում են։ Դրանք բոլորը մեր ադրբեջանցի եղբայրների ազգային արժեքներն են։ Դրանք պատկանում են այնտեղի ժողովրդին։ Սակայն նրանք ընդհանրապես զգուշացումներն էլ չլսեցին և երկար ժամանակ է շարունակաբար հարձակումներ են գործում, ճանապարհներն են կտրում։ Վերջին 10-15 օրվան նայեք, ամեն օր զգուշացում կա, ամեն օր նախազգուշացում կա, ասում են՝ «մի՛ արեք, եկե՛ք իրականացնենք խաղաղության համաձայնագիրն այնպես, ինչպես ստորագրել եք»։ Սակայն ոչինչ չփոխվեց և ի վերջո 44-օրյա գործողության սկզբի նման մեր ադրբեջանցի եղբայրներն էլ նրանց հակադարձեցին անհրաժեշտ կերպով»։
Նշելով, որ Ադրբեջանի օպերացիայով մեկ օրում պատկերը փոխվել է՝ Գյուլերը շարունակել է․ «Մեկ օրյա ժամանակահատվածի վերջում ասացին, որ «մենք հանձնվում ենք, հանձնելու ենք մեր բոլոր զենքերը և այստեղից էլ գնալու ենք»։ Ռուսաստանն էլ իր արած հայտարարությունում ասաց՝ «այնտեղի բոլոր տարածքները պատկանում են Ադրբեջանին, դու ի՞նչ գործ ունես այնտեղ»։ Ճիշտ ասաց։ Հիմա Փաշինյանը հայտարարություն է անում, թե «այնտեղ գտնվողների հետ մենք որևէ կապ չունենք»։ Շատ լավ, եթե դու կապ չունես, ո՞վ է դրանց աջակցում։ Տա՛ Ալլահը, այս տեղի ունեցածներն առաջիկա երկարատև խաղաղության մի քայլը կլինեն։ Հատկապես Հայաստանն իր վրա ընկնող պարտականություններն արժանավույնս կկատարի և խաղաղության պայմանագրի կետերը պահ առաջ կյանքի կկոչվեն։ Տարածաշրջան լիարժեք հանգստություն և խաղաղության մթնոլորտ բերված կլինի»։
Այն հարցին, թե Թուրքիայի համար որևէ կարևորություն ունի ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունը Հայաստանի հետ՝ Գյուլերը պատասխանել է․ «Անկեղծ ասած՝ չենք ընկալել որպես շատ կարևոր մի գործողություն։ Սակայն, անշուշտ, նման լարված մթնոլորտում այնտեղ 25 հոգի բերելն էլ անգամ որպես սխալ ուղերձ կարող է ընկալվել։ Հետևաբար մտածում եմ, որ ավելի ճիշտ կլինի, եթե բոլոր երկրները շատ զգայունությամբ գործեն»։ Խոսելով Ադրբեջանի հարցում Թուրքիայի կողմից կրկին հստակ դիրքորոշման ցուցաբերման մասին՝ Թուրքիայի ՊՆախարարը նշել է, որ գոյություն ունի «Շուշայի հռչակագիրը» և իրենք մշտապես իրենց ադրբեջանցի եղբայրների կողքին են լինելու։