Լուրեր

Ուկրաինական բանակը ազատագրել է հերթական գյուղը Դոնեցկի մարզում

Ուկրաինայի զինված ուժերը ռուսական բանակի վերահսկողությունից ազատագրել են Դոնեցկի մարզի Բախմուտ քաղաքի մոտ գտնվող Կլեշչեևկա գյուղը: Այս մասին բրիտանական BBC-ի ուկրաինական ծառայությանը տված հարցազրույցում հաստատել է Ուկրաինայի Զինված ուժերի արևելյան խմբավորման մամուլի ծառայության ղեկավար, կապիտան Իլյա Եվլաշը։

«Մենք հաստատում ենք Կլեշչեևկա գյուղի ազատագրումը։ 80-րդ առանձին դեսանտա-գրոհային բրիգադը, 5-րդ առանձին գրոհային բրիգադի, ինչպես նաև ազգային ոստիկանության «Լյուտ» գրոհային ստորաբաժանումների կողմից: Կլեշչեևկան ազատագրվել է, նա ուկրաինական է»,-ասել էր Եվլաշը:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկոյան իր ելույթում շնորհակալություն է հայտնել զինվորականներին գյուղն ազատագրելու համար։ Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարն էլ հավելել է, որ այս գործողությանը մասնակցել է նաև 95-րդ օդադեսանտային գրոհային բրիգադը։

Ավելի վաղ Կլեշչեևկայի ազատագրման մասին հայտարարել էր Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը՝ հրապարակելով գյուղի ավերված հին եկեղեցու մոտ կանգնած ուկրաինացի զինվորականների լուսանկարը:

Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը պաշտոնապես չի հայտարարել Կլեշչևկայի ազատագրման մասին, սակայն վերջին երկու օրվա ընթացքում ընդգծել է այս ուղղությունում զգալի հաջողությունների արձանագրման մասին։

ՌԴ պաշտպանության նախարարությունը կիրակի օրվա իր ամփոփագրում չի ներկայացրել Կլեշչեևկայում տիրող իրավիճակը։

Ռուս ռազմական լրագրողները պնդում են, որ Կլեշչևկայի մի մասը դեռևս գտնվում է այսպես կոչված «գորշ գոտում», իսկ Ուկրաինայի զինված ուժերը գրավել են միայն կենտրոնական հատվածը։

«Կլեշչեևկայի և Անդրեևկայի մերձակայքում՝ Սոլեդարի ուղղությամբ շարունակվում են կատաղի բախումները: Ավերված բնակավայրերը կողմերից ոչ մեկը ներկա պահին չի վերահսկում ամբողջությամբ»,-ասվում է «Рыбарь» թելեգրամյան ալիքի գրառման մեջ:

Հիշեցնենք, որ Ուկրաինան ուրբաթ օրը հայտարարել է Անդրեևկայի ազատագրման մասին, որը բավականին մոտ է գտնվում է ռուսական բանակի կողմից գրավված Բախմուտ քաղաքի մատակարարման գծերին։

Կլեշչևկայի և Անդրեևկայի նկատմամբ վերահսկողությունը թույլ է տալիս Ուկրաինայի զինված ուժերին շարունակել Բախմուտը շրջապատելուն ուղղված գործողությունը, քանի որ դա ավելի է մոտեցնում հարավից Բախմուտ տանող նյութատեխնիկական ուղիների արգելափակումը։

Դեռևս հուլիսի 25-ին Ուկրաինայի Զինված ուժերի արևելյան խմբավորման պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Չերևատին ասել էր, որ Անդրեևկայի հնարավոր ազատագրումը կբարելավի ուկրաինական ուժերի մարտավարական դիրքերը և  հնարավոր կդարձնի շրջապատման ենթարկել Բախմուտը, կամ լավագույն դեպքում բնակավայրից ռուսների նահանջի արագացմանը կնպաստի։

«Անդրեևկան, ինչպես Բախմուտի մոտ գտնվող ցանկացած բնակավայր, որը կվերցվի, թույլ է տալիս ավարտել Բախմուտը շրջապատելու կամ թշնամուն դուրս մղելու գործողությունը»,-ասել էր Չերևատին:

Այնուամենայնիվ, ինչպես նշում է ուկրաինական Deep State-ը, թեև ուկրաինացի զինվորականները հաջողությամբ կտրել են Բախմուտ տանող երթուղիները հարավից, քաղաքը դեռևս կարող է մատակարարվել հյուսիսից:

Ընթացիկ տարվա հուլիսին Ուկրաինայի զինված ուժերի արևելյան խմբավորման հրամանատար Ալեքսանդր Սիրսկին նշել էր, որ Ուկրաինայի զինված ուժերի ռազմավարական նպատակն այս ուղղությամբ Բախմուտը շրջապատելն է։

Ներկայացնելով գյուղի ռազմավարական նշանակությունը BBC-ի ուկրաինական ծառայությանը նշում է, որ անմիջապես Կլեշչևկայի ծայրամասում կան բարձր բլուրներ, որոնք հնարավորություն են տալիս իրականում վերահսկել ոչ միայն Բախմուտը, որը գտնվում է հարթավայրում, այլև դեպի Գորլովկա տանող մայրուղին, որն անցնում է չորս կիլոմետր դեպի արևելք:  Սա ռուսական կայազորի մատակարարման կարևոր ուղիներից է։

Եթե ​​այն կտրվի, կմնա է Բախմուտից Պոպասնայա տանող ճանապարհը, ինչպես նաև Լիսիչանսկ տանող ճանապարհը, որը, սակայն, վտանգավոր է դարձել, քանի որ ուկրաինական զինված ուժերը հյուսիսից մոտեցել են այս մայրուղուն։

Ռուս ռազմական լրագրողները և թելեգրամյան ալիքները խոստովանում են, որ Կլեշչևկան, որն այդքան երկար պահում էր ռուսական բանակը, ընկած է։ Բայց նրանք հույս են հայտնում, որ ուկրաինացի զինվորականները բավարար ուժ չունեն առաջ շարժվելու համար։

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close