1ԳլխավորԼուրեր

Երևանի ավագանու ընտրություններն անցել են մրցակցային պայմաններում. Դանիել Իոաննիսյան

Այսօր «Մեդիա կենտրոնում» անցկացրած մամուլի ասուլիսի ժամանակ «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը հայտաարարեց, որ 148 ընտրատեղամասում իրենց դիտորդները արձանագրել են ընթացակարգային տարբեր խախտումներ, որոնք հիմնականում ներառել են քվեարկության սենյակում գտնվելու իրավունք չունեցող անձանց ներկայություն, քվեարկության գաղտնիության բացակայություն, ընտրողների ուղղորդում, կազմակերպված տեղափոխում, դիտորդների կամ ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրավունքների խախտման և վեճերի դեպքեր:

Իոաննիսյանի խոսքերով՝ թեև այդ խախտումները չեն կրել զանգվածային բնույթ, այնուամենայնիվ դրանց գերակշիռ մասը փոխկապակցված են եղել ընտրողների վերահսկողության, ուղղորդման, մասնակցության ապահովման հետ։

«Ընտրատեղամասում գտնվելու իրավունք չունեցող անձանց տևական ներկայության դեպքեր են գրանցվել։ 6 տեղամաս է եղել, որտեղ քվեարկության ընթացքում թեկնածուներ են մուտք գործել տարբեր ուժերի, նույն ուժը ներկայացնող 2-րդ 3-րդ վստահված անձանց միաժամանակյա ներկայություն է գրանցվել։ Ուշագրավ է թեկնածուների վստահությունը իրենց՝ ընտրատեղամասում քվեարկության ընթացքում գտնվելու իրավունքի հետ կապված։ Այս առումով կարծում եմ իրազեկվածությունը պետք է բարձրացվի։ Վստահված անձանց ներկայացվածության հետ կապված 15 դեպքերից 5-ում միևնույն ժամանակ արձանագրվել էին կուտակումներ, մեկ դեպքում մասնակցության վերաբերյալ տվյալների փոխանցում երրորդ անձին, իսկ երկու դեպքում դիտորդի հասցեին ուղղված սպառնալիքներ՝ վիրավորանք և վիճաբանություն, որոնց նպատակը եղել է դիտորդների իրավունքների իրացման խոչընդոտումը»,-նշել է «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչը։

Իոաննիսյանի խոսքերով՝ «Անկախ դիտորդ» դաշինքի դիտորդները այցելել են Երևանի 474 տեղամասերից 468-ը առնվազն մեկ անգամ, իսկ 200 տեղամասերում՝ մեկից ավելի անգամ։ Նա նաև ավելացրեց, որ հանցագործության մասին 3 և հանցափորձի մասին 1 հաղորդում է ներկայացվել: Մեկ վարչական բողոք էլ ներկայացվել է «Հայաքվե» դիտորդական առաքելության կողմից քարոզչություն և հակաքարոզչություն իրականացնելու վերաբերյալ:

«Նախընտրական քարոզչության ընթացքում հանցագործության մասին 5 հաղորդում է ներկայացվել, դրանց թվում է նաև վերջինը, որը քիչ լուսաբանվեց, քանի որ լռության օրվա շեմին էր․ դա Տիգրան Ավինյանի կողմից Պոլիտեխնիկում քաղաքապետի կամ տեղական իշխանության լիազորությունների հետ չկապված ծառայություններ խոստանալն էր ուսանողներին, ինչը ևս ընտրակաշառք չէ, բայց քրեական օրենսգրքով այլ հանցագործություն է։ Հավաքագրվել է տեղեկություն ՔՊ-ի նախընտրական հավաքներին ու ժողովներին կազմակերպված կերպով վարչական ռեսուրսի զանգվածային չարաշահման վերաբերյալ։ Վարչական ռեսուրսն օգտագործում են քաղաքացիներին հավաքներին պարտադրելու նպատակով, սակայն պարտադրանքի դեպքերը չեն կրել զանգվածային բնույթ։ Որպես կանոն՝ վարչական ռեսուրսի չարաշահումը սահմանափակվել է նախընտրական միջոցառումների զուտ կազմակերպմանն աջակցելով։ Չեն նկատվել ընտրակաշառքի դեպքեր, բայց արձանագրվել են ընտրողներին ապրանքներ և ծառայություններ խոստանալու դեպքեր՝ ՔՊ-ի (Քաղաքացիական պայմանագիր), «Ուժը հայրենյաց»-ի և «Մայր Հայաստանի» ներկայացուցիչների կողմից»,- նշել է Իոաննիսյանը։

Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը՝ թե Առաջին ալիքը, թե Լրատվականը, ըստ Դանիել Իոաննիսյանի, դեռ սեպտեմբերի 6-ի դրությամբ լրատվական և այլ հաղորդումներում ՔՊ կուսակցությանը լուսաբանել է մոտ երկու անգամ ավելի շատ, քան մյուս կուսակցություններին միջինում։

«Անցողիկ շեմը հաղթահարած «Հանրային ձայնը» լուսաբանվել է ՔՊ-ից երեք անգամ քիչ, իսկ «Ազգային առաջընթացը», «Մայր Հայաստանը» և «Հանրապետությունը», երկու անգամ ավելի քիչ։ Անցողիկ շեմը հաղթահարած մյուս ուժերից էապես ավելի շատ լուսաբանվել են երկու տոկոսից ավելի ցածր քվե հավաքած «Հաղթանակ» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները։ Սա հերքում է այն ենթադրությունը, թե լուսաբանման քանակը կապված է կուսակցությունների հեղինակության հետ»,-իր խոսքում նշել է Իոաննիսյանը և ավելացրել, որ  Հանրային հեռուստատեսությունը իրականացրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Տիգրան Ավինյանի «ինստիտուցիոնալ լուսաբանում, որը, սակայն, ակնհայտորեն ևս կրել է քարոզչական բնույթ, դա իրականացվել է թե′ նախընտրական քարոզչության օրենքով սահմանված ժամանակ, թե՛ դրան նախորդած ամիսներին»։

Մամուլի ասուլիսի եզրափակիչ հատվածում «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչը ընդգծեց, որ Երևանի ավագանու ընտրություններն անցել են մրցակցային պայմաններում՝ ընտրողների ցածր հետաքրքրությամբ:  

«Շարունակում է մտահոգիչ մնալ ընտրական ոչ պատշաճ վարչարարությունը, հանձնաժողովների նախագահներ, անդամներ առանձին տեղամասերում չին ապահովում ընտրական գրագետ ընթացակարգեր։ Ընտրական հանցագործությունների հաղորդումների, այդ թվում բնականաբար, Տիգրան Ավինյանի կողմից Պոլիտեխնիկում արված հայտարարությունների մասով, այդ հաղորդումները պետք է արժանանան պատշաճ ու թափանցիկ քննության։ Իսկ Հանրայինի խիստ իշխանական մոտեցումը պետք է դառնա հետագա քննարկման առարկա։ Խիստ մերժելի ենք համարում ձայնային ձեռներեցների՝ ՔՊ-ի օգտին աշխատելը»,-իր խոսքը եզրափակել էր Իոաննիսյանը։

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close