
Ինչպես արդեն գրել ենք, Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության (ԿԺԴՀ) առաջնորդ Կիմ Չեն Ընը ժամանել է Ռուսաստան։ Իսկ նախօրեին բանակցություններ են տեղի ունեցել Կիմ Չեն Ընի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։
Կորեացի գործընկերոջ հետ բանակցությունների համար ՌԴ նախագահն ընտրել էր Ռուսաստանի Հեռավոր Արևելքում Ամուրի մարզում գտնվող «Վոստոչնի» տիեզերակայանը։ Արևմտյան ԶԼՄ-ները Պուտինի և Կիմ Չեն Ընի հանդիպումից ակնկալում էին Ուկրաինայի պատերազմի համար զինամթերքի մատակարարման վերաբերյալ որոշումներ։ Առաջնորդները տեսախցիկների առջև չխոսեցին այդ մասին, սակայն ԿԺԴՀ ղեկավարը հայտարարեց «հեգեմոն ուժերի» դեմ «սրբազան պայքարում» Պուտինին սատարելու մասին։
Բանակցությունների վայրի ընտրությունը Պուտինը բացատրել է Կիմ Չեն Ընի կողմից հրթիռային ծրագրերի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրությամբ։ Հանդիպումը մեկնարկել էր տիեզերակայանի տեղադրման և փորձարկման մասնաբաժնում, որտեղ հավաքվում է ռուսական «Անգարա» նոր հրթիռը։
Հանդիպման սկզբում ԿԺԴՀ ղեկավարին ցուցադրվել էր «Անգարան», դրա համար կառուցվող մեկնարկային հարթակը և «Սոյուզ-2» հրթիռի արձակման համալիրը։
Կիմ Չեն Ընին հանդիպամն ընթացքում մասնավորապես հետաքրքրել էին հրթիռի վառելիքի բնութագրերը, դրա օգտագործած հատվածների ընկնելու վայրերը և արձակման կայանի շարժման սկզբունքները: Նրա հարցերին պատասխանում էին ռուսական «Ռոսկոսմոսի» ղեկավար Յուրի Բորիսովը և ցամաքային տիեզերական ենթակառուցվածքների շահագործման կենտրոնի գլխավոր տնօրեն Նիկոլայ Նեստեխուկը:
Հրթիռային տեխնոլոգիաներին ծանոթանալուց հետո պատվիրակությունների մասնակցությամբ տեղի են ունեցել բուն բանակցությունները, ապա առանձին զրույց երկու ղեկավարների միջև։
Ինչպես և սպասվում էր, սեսախցիկների առջև ոչինչ չասվեց Ուկրաինայի դեմ պատերազմի համար Հյուսիսային Կորեայից արկերի և հրթիռների ենթադրյալ մատակարարման մասին։ Փոխարենը Կիմը բացահայտ աջակցություն հայտնեց ռուսական ներխուժմանը Ուկրաինա և հայտարարեց, որ Ռուսաստանը «ոտքի է կանգնել պաշտպանելու իր ինքնիշխանությունը և իր անվտանգությունը», որից հետո հիշեցրեց. Փհենյանը միշտ աջակցել և շարունակում է աջակցել «նախագահ Պուտինի բոլոր որոշումներին»։
«Հույս ունեմ, որ մենք միշտ միասին կլինենք իմպերիալիզմի դեմ պայքարում և ինքնիշխան պետություն կառուցելու գործում»,-ասել է Հյուսիսային Կորեայի ղեկավարը բանակցությունների սկզբում:
Նման ոճի հայտարարություններ Կիմը շարունակեց անել անգամ պաշտոնական ընթրիքի ընթացքում բարձրացրած հատուկ կենացի ժամանակ:
«Ես խորապես համոզված եմ, որ հերոսական ռուսական բանակը և ժողովուրդը փայլուն կերպով կժառանգեն Հաղթանակի ավանդույթը, հաստատակամորեն կցուցաբերեն թանկագին առաքինությունները և պատիվը՝ Հատուկ ռազմական գործողության ճակատներում և ամուր պետություն կառուցելու գործում»,-Կիմի խոսքերը մեջբերում է ռուսական «Интерфакс» գործակալությունը:
Առաջնորդները չէին խնայում միմյանց հասցեագրված շքեղ խոսքերը: Կիմը մաղթեց, որ «ռուսական բանակն ու ժողովուրդը» «մեծ հաղթանակ տանեն սրբազան պայքարում՝ պատժելու մեծ չարիքին, որը հավակնում է գերիշխանության և սնուցում էքսպանսիոնիստական պատրանքը»։ Պուտինն էլ իր հերթին խոսեց ճապոնացի միլիտարիստների մասին, որոնց խորհրդային և կորեացի զինվորները «ուս ուսի տված ջախջախում էին» 1945 թվականին, ինչպես նաև հայտարարեց, որ Մոսկվան և Փհենյանը գործում են «հանուն խաղաղության և կայունության»։
Կորեայի առաջնորդի ծրագիրը Ռուսաստանում դեռ ավարտված չէ: Պուտինը լրագրողներին ասել է, որ ԿԺԴՀ ղեկավարը նախատեսում է նաև այցելել Կոմսոմոլսկոյե նա Ամուրե շրջանի գործարաններ, որտեղ արտադրվում է քաղաքացիական և ռազմական տեխնիկա, ինչպես նաև կայցելի Վլադիվոստոկ։
Ընդգծենք, որ Հյուսիսային Կորեան և նրա ռազմական միջուկային ծրագիրը, ինչպես նաև հրթիռային փորձարկումները երկար տարիներ մեծ խնդիր են եղել ԱՄՆ-ի և նրա ասիական դաշնակիցների համար: Այս առումով հրթիռային տեխնոլոգիաների նկատմամբ Կիմի հետաքրքրությունը չի կարող չանհանգստացնել Վաշինգտոնին։
Այս վտանգի մասին արեւմտյան լրատվամիջոցները գրել էին դեռ Կիմի այցից առաջ։ Ամերիկյան The New York Times-ը, մասնավորպաես, գրել էր, որ Կիմ Չեն Ընը մտադրություն ունի ողևորվել Վլադիվոստոկ՝ ԿԺԴՀ-ից հրետանային արկերի և հակատանկային հրթիռների մատակարարման հարցը անձամբ Պուտինի հետ քննարկելու համար, որոնց փոխարեն հյուսիսիկորեական բռնապետը նախատեսում է Ռուսաստանից ստանալ ժամանակաից հրթիռային, ինչպես նաև սուզանավային ոլորտի զարգացման համար անհրաժեշտ տեխնոլոգիաները։
Սպիտակ տունն ու ԱՄՆ Պետդեպարտամենտը Հյուսիսային Կորեային մեկ անգամ չէ, որ կոչ են արել չօգնել Ռուսաստանին զինամթերքով։ «Ինչպես արդեն զգուշացրել ենք, Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև զենքի մատակարարման շուրջ բանակցություններն ակտիվորեն առաջ են ընթանում: Մենք տեղեկություններ ունենք, որ Կիմ Չեն Ընը ակնկալում է, որ այդ քննարկումները կշարունակվեն, ներառյալ դիվանագիտական փոխգործակցությունը Ռուսաստանի ղեկավարության մակարդակով»,- ասել էր ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ադրիեն Ուոթսոնը։
Կիմի այցի նախօրեին ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն էլ ասել էր, որ Հյուսիսային Կորեան «գին կվճարի», եթե Ռուսաստանին զենք մատակարարի։
Financial Times պարբերականն էլ ակնկալում էր, որ Հյուսիսային Կորեան պատրաստ է Ռուսաստանի հետ զենքի մատակարարման համաձայնագիր ստորագրել։ Պարբերականի տվյալներով՝ Փհենյանը կարող է Մոսկվային զինամթերք, հրթիռային համազարկային համակարգեր և փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ առաջարկել։
Սակայն միջազգային փորձագետները տարակարծիք են այն հարցում, թե արդյո՞ք Ուկրաինայում ընթացող պատերազմի համար Ռուսաստանին անհրաժեշտ են հյուսիսկորեական արկերը։ Սեուլի Կունմին համալսարանի փորձագետ Անդրեյ Լանկովն էլ կասկածում է, որ ընդհանրապես Ռուսաստանից որևէ մատակարարում կարող է լինել Հյուսիսային Կորեային:
«Սա փոքր քաղաքական ներկայացում է, որի հիմնական հանդիսատեսը Սեուլն է և Վաշինգտոնը։ Ես վստահ եմ, որ [ռազմական] մատակարարումներ չեն լինի, և որ այս բոլոր խոսակցություններն իրականացվում են Վաշինգտոնի և Սեուլի վրա ճնշում գործադրելու համար»,- BBC-ի հետ զրույցում ասել է փորձագետը:
«Հյուսիսային Կորեան սահմանափակ հնարավորություններ ունի [ռազմամթերքի] արտադրության համար, և նրանք իրենք իրենց պահեստներից շատ բան չեն մատակարարի: Հարց է առաջանում՝ եթե Ռուսաստանը պատրաստվում է ռազմական տեխնոլոգիաներ մատակարարել Հյուսիսային Կորեային, ապա ի՞նչ կշահի Ռուսաստանը դրանից։ Ոչինչ։ Հյուսիսային Կորեան նույնիսկ չի կարողանա այդ տեխնոլոգիաների համար իրենց շուկայական արժեքով վճարել։ Հյուսիսային Կորեան, սկզբունքորեն, երբեք որևէ մեկին հատուկ ոչինչ չի վճարում»,-նշել է փորձագետը:
Լանկովը կարծում է, որ Հյուսիսային Կորեան ստանալով այդ ենթադրյալ ռուսական հրթիռային տեխնոլոգիաները կարող է դրանք վերավաճառել երրորդ երկրներին փողի դիմաց: Իսկ տարածաշրջանում իրավիճակի ընդհանուր վատթարացումը փաստ չէ, որ համապատասխանում է ռուսական շահերին:
Associated Press-ը, վկայակոչելով անանուն աղբյուրներից ստացված տեղեկատվությունը, գրել էր, որ Ռուսաստանը արկերի և փոքր հեռահարության հրթիռների դիմաց կարող է Հյուսիսային Կորեային առաջարկել արբանյակների, սուզանավերի տեխնոլոգիաներ և բարձր տեխնոլոգիական ռազմական համակարգեր:
Կունմին համալսարանի մեկ այլ փորձագետ, առաջատար գիտաշխատող Ֆյոդոր Տերտիցկին էլ կարծում է, որ Պուտինն ու Կիմ Չեն Ընը կարող են պայմանավորվել ԿԺԴՀ-ից Ռուսաստանին զենք և զինամթերք մատակարարելու շուրջ:
«Քանակական առումով ես կասկած չունեմ, որ, եթե Պեկինը, Մոսկվան ու Փհենյանը ցանկանան, ապա Հյուսիսային Կորեան, կարող է բավականին մեծ քանակությամբ արկեր մատակարարել»,-ասել է փորձագետը բրիտնական BBC լրատվականին:
Այս ամենում կա ևս մեկ շատ կարևոր գործոն՝ Չինաստանը։ Տերտիցկին կարծում է, որ Մոսկվան ամեն դեպքում առաջնորդվելու է Պեկինի դիրքորոշմամբ. «Եթե Պուտինը առանց Պեկինի թույլատրության սկսի սողոսկել այն տեղերը որը Չինաստանը համարում իր ազդեցության գոտին, ընկեր Սին կոշտ կարձագանքի, որը ամենավերջին բանն է, որը Պուտինին հիմա պետք է»: Տերտիցկու խոսքով՝ Չինաստանին, այնուամենայնիվ, ձեռնտու է այն, որ Ռուսաստանը կօգնի Փհենյանին ն իր հաշվին սնունդ կմատակարարի կիսասոված այդ երկրին:
Հատկանշական է, որ Կիմի հետ բանակցություններից հետո Պուտինը հայտնել էր, որ կողմերը խոսել են նաև ռազմական ոլորտում համագործակցության մասին։ «Կան որոշակի սահմանափակումներ, Ռուսաստանը կատարում է այդ բոլոր սահմանափակումները, բայց կան բաներ, որոնց մասին մենք, իհարկե, կարող ենք խոսել, քննարկել, մտածել։ Եվ այստեղ նույնպես հեռանկարներ կան»,- ասել է նա «Россия 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Սահմանափակումների ասելով ՌԴ նախագահը հավանաբար նկատի ուներ ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից հաստատված Հյուսիսային Կորեայի դեմ գործող պատժամիջոցների ռեժիմը, որը ներառում է մի շարք միջոցներ, որոնք լրջորեն սահմանափակում են երկրի տիեզերական ծրագրի հնարավորությունները, այդ թվում՝ այլ երկրների հետ այս հարցում համագործակցելու նրա հնարավորությունները։
Տեսականորեն, օդատիեզերական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցություն կազմակերպելու համար Ռուսաստանը կամ Հյուսիսային Կորեան պետք է դիմեն Անվտանգության խորհրդի պատժամիջոցների կոմիտեին՝ անհատական թույլտվություն ստանալու համար։ Նույնը վերաբերում է տիեզերական գործունեության ոլորտում ԿԺԴՀ-ի սուբյեկտների մասնակցությամբ համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը իրավաբանորեն պարտադիր են կազմակերպության բոլոր անդամների համար, այդ թվում նաև ՌԴ և Չինաստանի համար: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1874 բանաձևը 2009 թվականին Հյուսիսային Կորեայի երկրորդ միջուկային փորձարկումից հետո սահմանեց պատժամիջոցներ, ներառյալ ԿԺԴՀ-ից զենքի ներմուծման արգելքը: Այն ներառում է Հյուսիսային Կորեայից տանկերի, հրետանու, ինքնաթիռների, ուղղաթիռների, հրթիռային կայանների և զինամթերքի ներմուծման արգելք։
Եթե Ռուսաստանն իսկապես ակտիվ սկսվի համագործակցությունը Հյուսիսային Կորեայի հետ, ապա սա մեծ քայլ կլինի Փհենյանի համար միջազգային մեկուսացումից դուրս գալու համար, քանի որ այժմ նրա միակ պատուհանը դեպի աշխարհ Չինաստանն է, և դա էլ առանձնապես չի գովազդվում, թեև դա բոլորի համար ակնհայտ է:
Բացի դրանից, հաշվի առնելով ռազմական և քաղաքացիական տիեզերական տեխնոլոգիաների միջև սահմանների լղոզման այսօրվա միտումները, տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում Ռուսաստանի համագործակցությունը Հյուսիսային Կորեայի հետ, անկասկած, բոլորովին այլ բան է ենթադրում։ Հայտնի է, որ տիեզերական հրթիռները կարող են ծառայել որպես միջուկային զենք կրող, տիեզերական ապարատները կարող են օգտագործվել հետախուզական նպատակներով, տիեզերքում միջուկային զենք փորձարկելու, ռազմական կապի համակարգեր ստեղծելու և ցամաքային հաղորդակցություններին ակտիվ միջամտություն ստեղծելու համար։
Այս ամենը հաշվի առնելով՝ Ռուսաստանը լուրջ, բայց և վտանգավոր հնարավորություններ է ստեղծում ազդելու հյուսիսարևելյան Ասիայի անվտանգության վրա: Սակայն, Մոսկվան պետք է որ կշռադատած լիներ իր վարքագծի տարբերակները և ԿԺԴՀ-ի հետ համագործակցության խորացման քաղաքական և անվտանգային վնասները:
Ամեն դեպքում, որոշումը կարծես թե ընդունված է, քանզի նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն արդեն հայտարարեց, որ Մոսկվան և Պեկինը կհրաժարվեն Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցներից։ Նրա խոսքով՝ պատժամիջոցները «ընդունվել են բոլորովին այլ աշխարհաքաղաքական իրավիճակում» և այժմ դրանց կարիքը չկա։
Ակնհայտ է, որ Փհենյանին տեխնոլոգիաների փոխանցումը կխաթարի ռազմավարական կայունությունը և լուրջ վտանգ է ներկայացնում ԱՄՆ-ի և տարածաշրջանում նրա դաշնակիցների համար, որոնք ստիպված են լինելու արձագանքել: Հարավկորեական Yonhap գործակալության փոխանցմամբ, ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Փհենյանի հակառակորդ Սեուլին ռադարների համար անտեսանելի «ստելս» տեխնոլոգիայով մինչև 25 F-35A կործանիչների և օժանդակ սարքավորումների հնարավոր վաճառքին։
Ինչպես խոստովանել են իրենք՝ ամերիկացիները, Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռները, որոնք Փհենյանը փորձարկում է, արդեն իսկ ունակ են հասնել ԱՄՆ-ի տարածք։ Սակայն դեռ պարզ չէ, թե արդյոք նրանք կարող են միջուկային մարտագլխիկով հաղթահարել նման հեռավորությունը։ Եվ սա հենց այն է, ինչով ընկեր Պուտինը կարող է օգնել ընկեր Կիմին, կամ առնվազն սպառնում է, որ կարող է օգնել: Ըստ էության, Վլադիմիր Պուտինը փորձում ստեղծել «Կարիբյան ճգնաժամ 2.0»: Հիշեցնենք, որ 1962 թվականին ԽՍՀՄ-ը միջին և հեռահար միջուկային մարտագլխիկներով հրթիռներ տեղակայեց Կուբայում՝ ԱՄՆ քտի տակ, և աշխարհը կանգնեցրեց միջուկային աղետի շեմին:
Մինչ այժմ շատերը փորձում էին կռահել, թե ԽՍՀՄ-ի կարոտախտով տառապող Վլադիմիր Պուտինը խորհրդային ո՞ր առաջնորդի հետ է իրեն ասոցացնում։ Եվ ահա, դատելով հրթիռային հերթական «կարիբյան ճգնաժամը» վերստեղծելու նրա փորձից, դա Նիկիտա Խրուշչովն է: Սակայն, ՌԴ նախագահին արժե հիշեցնել, որ հենց «կարիբյան ճգնաժամն» ու հետագա ամոթալի նահանջը դարձավ Խրուշչովի պաշտոնանկության և անձնական ողբերգություն պատճառը:
Ստեղծված իրավիճակում միակ հուսադրող հանգամանքն այն է, որ ինչպես հետևում է պատժամիջոցների ռեժիմից դուրս գալու մասին Լավրովի հայտարարությունից, ինչ քայլեր էլ որ Մոսկվան ձեռնարկի, ռուսները ԿԺԴՀ-ի հետ առնչվող հարցերում շարժվելու են միայն Չինաստանի հետ համաձայնեցված, այն է՝ ընկեր Սիի թույլտվությամբ: