ԱշխարհԼուրեր

Եթե ​​ՀՀ-ի հետ տարածքային վեճերը լուծվեն հօգուտ Ադրբեջանի, դա հնարավորություն կբացի Բաքվի՝ ՆԱՏՕ-ին ինտեգրվելու համար. ռուս քաղաքագետ

ՆԱՏՕ-ն ակտիվորեն փորձում է ինտեգրել Հարավային Կովկասի երկրներին, դաշինքը հատկապես հետաքրքրված է Վրաստանով և Ադրբեջանով։ Sputnik Արմենիայի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԳԱ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Ֆեդոր Վոյտոլովսկին Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների հայկական կենտրոնի կողմից կազմակերպված կլոր սեղանի ժամանակ։

Հետաքրքիր է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև լարվածության և հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունների ֆոնին, որոնք Մոսկվան այդքան ագրեսիվ քննադատում և մեղադրում է Հայաստանին դեպի Արևմուտք և ՆԱՏՕ շեղվելու մեջ, Հայաստան դեսանտ իջեցրած ռուս փորձագետը պնդում է, որ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ն հատկապես հետաքրքրված է Վրաստանով և Ադրբեջանով։

Հավանաբար, դա է պատճառը, որ Ռուսաստանը նույնպիսի ջանասիրությամբ, ինչպես Հայաստանի դեպքում, չի արձագանքում և չի դատապարտում իր դաշնակից Ադրբեջանի ռազմական համագործակցությունն ու մշտական ​​համատեղ զորավարժությունները Թուրքիայի հետ, որը ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ից հետո երկրորդ բանակն ունի։ Հիշեցնենք, որ 2022 թվականի փետրվարի 22-ին՝ Ուկրաինա ռուսական ներխուժման նախօրեին, Պուտինը և Ալիերվը ստորագրեցին Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև դաշնակցային համագործակցության հայտնի հռչակագիրը։

Հատկանշական է, որ Վոյտոլովսկին նկատում է, թե որքան խորն է Ադրբեջանի ռազմատեխնիկական համագործակցությունը Թուրքիայի հետ, որը Ռուսաստանի մահացու թշնամի ԱՄՆ-ի ռազմաքաղաքական դաշնակիցն է։ Նկատում է ու… ոչինչ:

Ըստ Վոյտոլովսկու, Թուրքիան հավատարիմ մնալով ԱՄՆ-ին, ունի ամբողջական քարտ-բլանշ Ադրբեջանի հետ հնարավորինս սերտ համագործակցության համար, իհարկե, նպատակ ունենալով ապագայում նրան տեսնել որպես Հյուսիսատլանտյան դաշինքի մաս։

Հաջորդիվ ռուս քաղաքագետը կիրառել է Ռուսաստանում ընդունված մենթալ ակրոբատիկայի մեթոդները։ Նրա խոսքով, Ադրբեջանի՝ ՆԱՏՕ-ի ճանապարհին կա մեկ շատ լուրջ խոչընդոտ՝ Լեռնային Ղարաբաղը և, ընդհանրապես, տարածքային վեճերը Հայաստանի հետ։

Այո, այո, սա ասում է Ռուսաստանի ներկայացուցիչը, այն Ռուսաստանի, որն արեց ամեն ինչ, որպեսզի Ղարաբաղը Հայաստանին կապող միակ Լաչինի միջանցքն անցնի Բաքվի վերահսկողության տակ։ Սա ասում է մի երկրի ներկայացուցիչ, որի թողտվությամբ Ադրբեջանը սկսեց սովամահ անել Ղարաբաղի բնակչությանը, որպեսզի այնտեղ կյանքն այնքան անտանելի դառնա, որ հայերը ստիպված լինեն աստիճանաբար լքել իրենց տունը, և Ղարաբաղի խնդիրն ինքնին վերանա։

«Որպեսզի Թուրքիան և Ադրբեջանը ապահովեն Ադրբեջանի եվրաատլանտյան ինտեգրումը, Բաքուն պետք է լուծի տարածքային վեճերը Հայաստանի հետ: Եթե վեճերը լուծվեն հօգուտ Ադրբեջանի, դա հնարավորություն կբացի այդ երկրի ավելի խորը ինտեգրմանը ՆԱՏՕ-ին»,- հավելել է ռուս քաղաքագետը՝ մոռանալով նշել, որ Ռուսաստանն այսօր անում է ամեն ինչ, որպեսզի Ադրբեջանի և Հայաստանի միջև տարածքային վեճերը լուծվեն հօգուտ «դաշնակից» Ադրբեջանի։

Մի պահ հարգված ռուս քաղաքագետի, ՌԴ ԳԱ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրենի նման մտքերը կարող էին տարօրինակ թվալ և ինչ-որ հույսեր ներշնչել, բայց շուտով նա, ինչպես և սպասվում էր, վերադարձավ հայ-«ռուսական դարավոր բարեկամության» վերաբերյալ ռուսական քարոզչական թեզերի ավանդական հուն: Վոյտոլովսկին համոզված է, որ, ընդհանուր առմամբ, Վաշինգտոնի ստրատեգներին Հայաստանի ճակատագիրը չի հետաքրքրում: Ըստ նրա՝ ամերիկացիների տեսանկյունից Հայաստանի տեղը Թուրքիայի ենթակայության տակ գտնվելն է, թեև երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին արդիական է մնում նաև Արևմուտքի համար։ Իհարկե, «կրճատված» տարածքներով և թուրքական «հսկողության ներքո», համոզված է Վոյտոլովսկին։ Հետաքրքիր է՝ ռուսական «հսկողության» ներքո Հայաստանը միայն հավելյալ տարածքներ կստանա։

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close