ԱշխարհԻրադարձություններԼուրերԿարևորՄիջազգային հարաբերություններ

«Մեծ քսանյակի» գագաթնաժողովը այդպես էլ չդատապարտեց Ուկրաինա ռուսական ներխուժումը․ Մոսկվան գոհ է արդյունքներից

Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում նախօրեին ավարտվեց «Մեծ քսանյակի», կամ ինչպես առավել հայտնի է G20-ի երկրների երկար սպասված գագաթնաժողովը, որի ընթացքում հիմնական աշխատանքները տարվել են կառույցի անդամ երկրների միջև քաղաքական հարցերի, տնտեսական համագործակցության ծրագրերի և բնակլիմայական տարբեր խնդիրների շուրջ։  Այս ամենը տեղ գտավ գագաթնաժողովի աշխատանքների ավարտի արդյունքում ընդունված համատեղ հռչակագրում, որի համաձայնեցման մասին Հնդկաստանի վարչապետ Նարանդրա Մոդին հայտարարել էր կիրակի օրը։ Հռչակագրում բազմաթիվ հարցերի շարքում ներառված է նաև Ուկրաինայում ընթացող պատերազմը, որը մասնակիցները այդպես էլ չեն դատապարտել՝ Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դիրքորոշման պատճառով։

Ավելին,  G20-ի հռչակագրի վերջնական տեքստում՝ Ուկրաինայի պատերազմին վերաբերող պարբերությունում Ռուսաստանի անունը ընդհանրապես չի նշվում։

«Ինչ վերաբերում է Ուկրաինայում ընթացող պատերազմին, ապա վերհիշելով Բալիում տեղի ունեցած քննարկումը, մենք կրկնեցինք մեր ազգային դիրքորոշումներն ու բանաձևերը, որոնք ընդունվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, և ընդգծեցինք, որ բոլոր պետությունները ամբողջությամբ պետք է գործեն ՄԱԿ-ի Կանոնադրության նպատակներին և սկզբունքներին համահունչ»,-ասվում է փաստաթղթում և բացատրում, որ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ բոլոր պետությունները պետք է ձեռնպահ մնան ուժի սպառնալիքից կամ կիրառումից՝ այլ երկրներ տարածքային ամբողջականության, ինքիշխանության և քաղաքական անկախության դեմ։

Այս տողերին անմիջապես հաջորդող հատվածում ընդգծվում է, որ «G20-ը միջազգային տնտեսական համագործակցության գլխավոր ֆորումն է», և մասնակից երկրները ընդունելով, որ կառույցը «աշխարհաքաղաքական և անվտանգության հարցերը լուծելու հարթակ չէ», այնուամենայնիվ համաձայնվում են, որ դրանք կարող են «զգալի հետևանքներ ունենալ համաշխարհային տնտեսության համար»:

Ուկրաինայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Օլեգ Նիկոլենկոն մեկնաբանելով նշել էր․ «Ուկրաինան երախտապարտ է գործընկերներին, ովքեր փորձել են տեքստում ուժեղ լեզու ներառել: Միևնույն ժամանակ, G20-ը հպարտանալու ոչինչ չունի՝ կապված Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի հետ»:

Նիկոլենկոն նաև հիշեցրել է, որ այս անգամ (ի տարբերություն Բալիի նախորդ գագաթնաժողովի) գագաթնաժողովին աշխատանքներին Ուկրաինայի ներկայացուցիչները ներառված չեն եղել։ «Ակնհայտ է, որ ուկրաինական կողմի մասնակցությունը մասնակիցներին թույլ կտա ավելի լավ հասկանալ իրավիճակը։ «Ոչինչ Ուկրաինայի մասին առանց Ուկրաինայի» սկզբունքը մնում է առանցքային, ինչպես երբևէ»,- ասում է Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչը։

Հաշվի առնելով Ուկրաինա ներխուժման շուրջ G20-ի անդամների միջև գոյություն ունեցող զգալի տարաձայնությունները՝ (G20-ը ներառում է նաև Ռուսաստանը), քիչ ակնկալիքներ կային, որ համատեղ հռչակագիր կընդունվեր, կամ ընդունվելուց հետո անդրադարձ կկատարվեր ուկրաինական խնդրին:

Հասկանալի է, որ ինչպես նախորդ տարի Բալիի գագաթնաժողովին, այնպես էլ այս տարի Դելիում  G20-ի անդամների միջև գլխավոր հակասությունը ուկրաինական հակամարտությունն էր։

Սակայն Բալիի գագաթնաժողովում Մեծ քսանյակի անդամ երկրների մեծամասնությունը հաստատել էր իր դիրքորոշումը՝ «խիստ կերպով դատապարտելով Ռուսաստանի Դաշնության ագրեսիան Ուկրաինայի դեմ», որտեղ նաև ավելացվում էր, որ կան այլ կարծիքներ և տարբեր գնահատականներ իրավիճակի վերաբերյալ։

Ճիշտ է, թեև ներկա տեքստում խոսվում է «մարդկային տառապանքի և Ուկրաինայի պատերազմի բացասական լրացուցիչ հետևանքների մասին՝ համաշխարհային պարենային և էներգետիկ անվտանգության համար», այնուամենայնիվ ըստ բրիտնական BBC լրատվականի՝ տեքստում օգտագործվող անորոշ արտահայտությունները Մոսկվային տեսականորեն հնարավորություն են տալիս արդարացնելու օկուպացված ուկրաինական տարածքների պահպանումը։

Հռչակագրում նաև անդրադարձ է կատարվում այսպես կոչված «Հացահատիկի գործարքին», որը 2022 թվականին Ստամբուլում Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ առանձին ստորագրել էին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Ուկրաինայի ենթակառուցվածքներ նախարար Ալեքսանդր Կուրբակովը։ Այս գործարքի շնորհիվ հաջողվել էր վերսկսել ուկրաինական սննդի արտահանման գործընթացը սևծովյան նավահանգիստներով, որը դադարեցվել էր փետրվարի 24-ին ռուսական բանակի ներխուժումից հետո։  Սակայն համաձայանգիրը նախորդ ամիս դադարեցվեց, ռուսական կողմի ներկայացրած այն պնդմամբ, որ ամբողջությամբ չի ապահովվել փոխադարձաբար ռուսական հացահատիկի և պարարտանյութերի արտահանման ապահովման գործընթացը։

G20-ը իր հռչակագրում կոչ է արել անարգել արտահանել հացահատիկ և այլ ապրանքներ Ռուսաստանի և Ուկրաինայի նավահանգիստներից: Այս մասը նաև կոչ է անում դադարեցնել ռմբակոծությունները և նավահանգստային ենթակառուցվածքների ոչնչացումը, որոնք առնչվում են պարենային և էներգետիկ անվտանգությանը։ Հացահատիկի գործարքից դուրս գալուց հետո ռուսական բանակը բազմիցս հարձակվել է ուկրաինական նավահանգիստների և սննդի պահեստների վրա։

Հռչակագրի տեքստում օգտագործվում  է «Ուկրաինայում ըթնացող պատերազմ», և ոչ թե «Ուկրաինայի դեմ պատերազմ» արտահայտությունը։ Ըստ BBC լրատվականի բառերի այս ընտրությունը, հավանաբար, նպատակ ունի մեծացնելու հավանականությունը, որպեսզի Ռուսաստանը նույնպես հաստատի հռչակագիրը:

Մոսկվան ի վերջո հայտնեց իր աջակցությունը հռչակագրին, թեև նախագահ Վլադիմիր Պուտինը չմասնակցեց գագաթնաժողովին: Նրա փոխարեն Դելի էր ժամանել արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Գագաթնաժողովն, իհարկե, անվերապահ հաջողություն է, առաջին հերթին նախագահող Հնդկաստանի, ապա նաև մեզ՝ բոլորիս համար։ «Քսանյակը», ես կասեի, ներքին վերափոխումներ է վերապրում։ Սա առաջին հերթին դրսևորվել է գլոբալ հարավից «քսանյակի» անդամների զգալի ակտիվացմամբ, ովքեր Հնդկաստանի առաջատար դերակատարմամբ, շատ հստակ և համառորեն ձգտում էին ներառել իրենց շահերը «Քսանյակի» քննարկած համաձայնագրերում, և արդյունքում դրանք ներառվեցին հռչակագրում», – ասել է Լավրովը գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում։

Ըստ «Ինտերֆաքսի» փոխանցման G20-ի բանակցություններում, Ռուսաստանի ներկայացուցիչ Սվետլանա Լուկաշը հռչակագիրն անվանել է «հավասարակշռված» և նշել, որ ուկրաինական հարցի շուրջ «շատ բարդ բանակցություններ» են ընթանում:

Վերլուծաբաններն ասում են, որ Կիևը դժվար թե վերջնական տեքստում ռուսական ագրեսիան հիշատակելու մերժումը համարի այլ բան, քան նշան, որ նրա արևմտյան գործըկերները տապալում են «համաշխարհային հարավի» հետ բանակցությունները և այդպիսով չեն կաորղ ներկայացնել պատերազմի ընկալման սեփական տեսակետները։

Նույնն ասել է նաև ՌԴ ԱԳՆ ղեկավարը. «Մեծ մասամբ գլոբալ հարավի համախմբված դիրքորոշման շնորհիվ՝ ի պաշտպանություն իր օրինական շահերի, հնարավոր եղավ կանխել ամբողջ օրակարգը կրկին ուկրաինացնելու Արևմուտքի փորձի հաջողությունը՝ ի վնաս զարգացող երկրների հրատապ խնդիրների քննարկման»։

Գագաթնաժողովի մյուս կարևոր նորությունը վարչապետ Մոդիի կողմից Աֆրիկյան միությանը G20-ի մշտական ​​անդամ դառնալու պաշտոնական հրավերն էր:

Հնդկաստանը, որը նախագահում էր G20-ն անցած տարի, ջանասիրաբար փորձում էր բարձրացնել աֆրիկյան երկրների դերը: Այս ռազմավարական համագործակցությունը Դելիում դիտվում է որպես Չինաստանի հետ ազդեցության մրցակցության լուրջ գործիք ինչպես Աֆրիկայում, այնպես էլ Ասիայում:

Հնարավոր է եղել համաձայնության գալ նաև կլիմայի փոփոխության դեմ պայքարի հարցում։

Գագաթնաժողովին ընդառաջ նախարարների հանդիպումներում այս հարցում համաձայնություն ձեռք չի բերվել։ Այնուամենայնիվ, պաշտոնյաներն հայտարարել են, որ հարցի շուրջ հասել են «100 տոկոս կոնսենսուսի»:

G20-ի երկրները «կշարունակեն և կխրախուսեն ջանքերը եռապատկելու վերականգնվող էներգիայի հզորությունն ամբողջ աշխարհում՝ առկա թիրախների և քաղաքականության միջոցով»: G20-ին բաժին է ընկնում ջերմոցային գազերի ավելի քան 75%-ը:

G20-ի նախագահությունը գագաթնաժողովի ընթացքում Հնդկաստանը հանձնեց Բրազիլիային, իսկ վարչապետ Մոդին նախագահության խորհրդանշական նվերը հանձնեց նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային:

Բրազիլիան հայտարարել է, որ 2024 թվականին իր նախագահության ընթացքում առաջնահերթություն է տալու աղքատությանը, կայուն զարգացմանը և համաշխարհային կառավարման բարեփոխումներին միջազգային կազմակերպություններում, մասնավորապես՝ Արժույթի միջազգային հիմնադրամի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:

Շաբաթ օրը Լուլան նաև հայտարարեց, որ եթե նախագահ Պուտինը որոշի մասնակցել հաջորդ տարի Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք G20 գագաթնաժողովին, ապա նա չի ձերբակալվի՝ Միջազգային քրեական դատարանի որոշման հիմման վրա:

Գագաթնաժողովին ներկա չէր եղել նաև կառույցի անդամ մեկ այլ երկրի՝ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը, ում փոխարեն Չինաստանը ներկայացնում էր երկրի երկրորդ մարդը և Սիի աջ ձեռքը համարվող Պետխորհրդի ղեկավար Լի Ցզյանը։

Փորձագետները կարծում են, որ Սիի բացակայությունը կասկածի տակ է դնում «G20-ի երկարաժամկետ կայուն կենսունակությունը և հաջողությունը»: Նրա խոսքով՝ Սիի բացակայությունը էկզիստենցիալ սպառնալիք է G20-ի ապագայի համար։

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close