Կրեմլն արդեն որոշել է 2024 թվականի նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինի «մրցակից» թեկնածուներին

Կրեմլը վերջնականապես ընտրել է սպասվող 2024 թվականի մարտի 17-ին նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինի «մրցակիցներին»։ Նրանց ընտրության հիմնական չափանիշներից մեկը տարիքն էր։ Այս մասին գրում է «Մեդուզա» (Meduza) լրատվականը՝ վկայակոչելով նախագահի աշխատակազմին մոտ կանգնած աղբյուրներից ստացված տեղեկատվությանը:
Ըստ լրատվականի աղբյուրների, ռուս պաշտոնյաները կարծում են, որ գրանցված թեկնածուների թվում մինչև 50 տարեկան քաղաքական գործիչների առկայությունը կարող է քաղաքացիներին ստիպել մտածել, որ «70-ամյա Պուտինն այլևս այն մարդը չէ, ով իշխանության էր եկել ամուր ձեռքով»:
Այս պահին Կրեմլում ակնկալում են, որ բացի նախագահ Պուտինից, որը դեռ պաշտոնապես չի հայտարարել նախագահի պաշտոնի թեկնածության համար առաջադրվելու մտադրության մասին, ընտրություններին կմասնակցեն երեք խորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչները՝ ՌԴ Կոմունիստական կուսակցությունից, Ռուսաստանի ժողովրդավարական ազատական կուսակցությունից (ՌԺԱԿ), և «Նոր մարդիկ» կուսակցությունից:
Կրեմլը Գենադի Զյուգանովին տեսնում է որպես Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցության թեկնածու։ Ինչպես պարզաբանել է «Մեդուզայի» զրուցակիցներից մեկը, Զյուգանովը ծանոթ է նախագահին, նրա անունը ծանոթ է յուրաքանչյուր ընտրողի։ Միևնույն ժամանակ նա ընտրողների հստակ թվաքանակ ունի և նորերին չի գրավի:
Այժմ Զյուգանովի վստահության վարկանիշը «Լևադա» կենտրոնի հարցումների համաձայն կազմում է 3%, իսկ ՌԴ Կոմունիստական կուսակցության վարկանիշը Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտորնի տվյալներով՝ 10% է։
ՌԺԱԿ-ի թեկնածուն, ըստ Կրեմլի պլանների, պետք է լինի կուսակցության առաջնորդ Լեոնիդ Սլուցկին։ Այս տեղեկությունը հաստատել է Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարության զրուցակիցը։
Նախագահի աշխատակազմին մոտ կանգնած աղբյուրը Սլուցկու առաջադրման մասին ասել է հետևյալը. «Նա ամբողջովին համապատասխան է՝ լուրջ տղամարդ է պաշտոնով, պիջակով և ոչ ոք չի կարծի, որ իրական սփոյլեր է»:
«Նոր մարդիկ» կուսակցության թեկնածուի դերում էլ Կրեմլը կցանկանար տեսնել կուսակցության առաջնորդ և գործարար Ալեքսեյ Նեչաևին։
Այնուամենայնիվ, Կրեմլին մոտ կանգնած «Մեդուզայի» երկու աղբյուրների համաձայն, Նեչաևն ինքը հասկանում է, որ «իրեն չեն թողնի, որպեսզի շատ տոկոսներ հավաքի, և չի ցանկանա փշրանքներ ստանալ և լինել 2%-անոց Լյոշա»։
Նեչաևն իր փոխարեն առաջարկում է Պետդումայի փոխնախագահ Վլադիսլավ Դավանկովին։ Կրեմլին, սակայն, չի բավարարում նրա թեկնածությունը։ Փաստն այն է, որ Դավանկովը 39 տարեկան է, և նա սովորաբար կարող է խոսել հանրության առաջ։ Լրատվականի զրուցակիցների կարծիքով՝ պարզ է, որ նա մեծ տոկոսներ չի հավաքի, սակայն երիտասարդ ու ակտիվ թեկնածուն կարող է ընտրողին ստիպել մտածել Պուտինի տարիքի մասին։
«Ռաշշան Ֆայլդ» ընկերության կողմից այս տարվա մայիսին անցկացրած հարցման համաձայն՝ Ռուսաստանի քաղաքացիները գործող նախագահի մեջ «ոչ դուրեկան» փաստերից երրորդը նշել են տարիքը:
«Մեդուզայի» հետ զրուցած պաշտոնյաներն ասում են, որ Վլադիմիր Պուտինին ավելի ու ավելի հաճախ են անվանում «պապիկ»: