Սաուդյան Արաբիայում կմեկնարկի Ուկրաինայի շուրջ կարգավորման խորհրդակցությունների «երկրոդ փուլը», որին Ռուսաստանը չի մասնակցի. Երմակ

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը հաստատել է, որ օգոստոսին Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում կանցկացվեն ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ միջազգային բանակցություններ, որոնց սակայն Ռուսաստանը չի մասնակցի։
Ջիդայի հանդիպման նախապատրաստման նախօրեին այս մասին գրում են մի շարք արևմտյան լրատվամիջոցներ, առաջին տեղեկությունը հրապարակել է The Wall Street Journal-ը։
Երմակը առաջիկա բանակցությունները կապել է նախորդ ամիս Դանիայում տեղի ունեցած խորհրդակցությունների հետ։ Նախագահի աշխատակազմի ղեկավարի խոսքերով, խոսքը այս դեպքում գնում է Ուկրաինայի վերաբերյալ խորհրդակցությունների երկրորդ փուլի մասին, որը Կիևը առաջարկել էր նախորդ տարվա վերջին՝ աշխարհի տասնյակ երկրների հետ խաղաղության բանաձևի իրագործման հնարավորության քննարկման շուրջանակներում:
Առաջին փուլը, ըստ Երմակի, Ուկրաինայում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպումներն էին։ Երկրորդ փուլը ազգային անվտանգության խորհրդականների հանդիպումներն են։
«Առաջին նման հանդիպումը կազմակերպել էինք դանիացի գործընկերների հետ համագործակցությամբ։ Այն տեղի ունեցավ հունիսին Կոպենհագենում: Հաջորդ հանդիպումը կկայանա մոտ ժամանակներս և կհյուրընկալվի Սաուդյան Արաբիայի քաղաքում»,-ասել է Երմակը և հավելել, որ երրորդ փուլը պետք է լինի «խաղաղության բանաձևին» աջակցող երկրների ղեկավարների գագաթնաժողովը:
Հաղորդվում է, որ Ջիդայում հանդիպումը կանցկացվի օգոստոսի 5-6-ը, որին հրավիրվել են ներկայացուցիչներ մոտ 30 երկրներից, այդ թվում՝ Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի չեզոք երկրներից, ներառյալ Ինդոնեզիայից, Բրազիլիայից և, հնարավոր է նաև Չինաստանից:
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը, մեկնաբանելով Դանիայի հանդիպումը, պնդում էր, որ արևմտյան երկրները ճնշում են գործադրում այլ պետությունների վրա՝ համոզելու նրանց աջակցել Ուկրաինային, սակայն չեն հասել իրենց նպատակին։ Հանդիպման արդյուքում որևէ պաշտոնական փաստաթուղթ ընդունելու մասին չի հաղորդվել:
«Խաղաղության բանաձևը» Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու 10 կետից բաղկացած խաղաղության ծրագիրն է։ Դա, մասնավորապես, ենթադրում է, որ ցանկացած բանակցություն Կիևի կողմից կարող է սկսվել միայն Ռուսաստանի կողմից օկուպացված բոլոր տարածքների վերադարձից հետո, այդ թվում՝ բռնակցված Ղրիմից և օկուպացրած այլ շրջաններից ռուսական զորքերի լիակատար դուրսբերումից հետո։
Զարգացող մի շարք երկրներ առաջ են քաշել իրենց խաղաղության ծրագրերը, որոնք շեշտում են կրակի անհապաղ դադարեցուման անհրաժեշտությունը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին հայտարարել էր, որ դա այժմ անհնար է, քանի որ, ըստ նրա, Ուկրաինան է, որ ներկայումս փորձում է հարձակվել: Սակայն ՌԴ նախագահը շեշտել է, որ Մոսկվան չի հարաժարվում բանակցություններից:
Երմակը կիրակի օրը նաև հայտարարել է, որ Ուկրաինան հաջորդ շաբաթ բանակցություններ կսկսի ԱՄՆ-ի հետ անվտանգության երաշխիքների շուրջ։ Նրա խոսքով՝ այդ երաշխիքները կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինան չի դարձել ՆԱՏՕ-ի անդամ։