ԱշխարհԻրադարձություններԼուրերՄիջազգային հարաբերություններ

Ռուսաստանը Աֆրիկայում դիրքավորվել է որպես հակարևմտյան ծանրակշիռ ուժ. The New York Times

Այս շաբաթվա սկզբին Նիգերում իշխանությունը զավթած ռազմական խունտայի հազարավոր կողմնակիցներ կիրակի օրը երթ են անցկացրել մայրաքաղաք Նիամեյով: Հավաքվածներից շատերը ծածանել են ռուսական դրոշներ և վանկարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անունը, հայտնում է Associated Press-ը։ Ամբոխը քննադատություն է հնչեցրել նաև Ֆրանսիայի հասցեին, որի գաղութը Նիգերը եղել է մինչ անկախությունը։

Associated Press-ը, հղում կատարելով իրադարձությունների վայրի տեսագրություններին և ականատեսների հաղորդումներին, գրում է, որ ցուցարարները երթով շարժվել են դեպի Ֆրանսիայի դեսպանատուն, որտեղ այրել են շինության դռները։ Հաղորդվում է, որ քաղաքի երկնքում տեսանելի են եղել նաև ծխի բարձրացող սյուներ: Ըստ լրատվականի` զինվորականները, այնուամենայնիվ, ժամեր անց կարողացել էին ցրել հավաքված բազմությանը:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը իշխանությունը նոր յուրացրած խունտային կոչ է արել ապահովել Նիգերում իր դիվանագիտական ​​ներկայացուցչության անվտանգությունը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գրասենյակն էլ հայտարարել է, որ «չի հանդուրժի հարձակումները Ֆրանսիայի և նրա շահերի դեմ»։

Իրադարձություններից մեկ օր առաջ՝ հուլիսի 29-ին, Փարիզը և ԵՄ ղեկավարությունը հայտարարեցին, որ դադարեցնում են Նիգերի հետ անվտանգության ոլորտում ֆինանսական աջակցությունն ու համագործակցությունը։ Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն ընդգծել է, որ Բրյուսելը չի ​​ճանաչում Նիգերի ինքնահռչակ նոր կառավարությունը և դեռևս ժողովրդավարական ճանապարհով ընտրված Մուհամեդ Բազումին համարում է երկրի օրինական նախագահ։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ավստրալիա մեկնելիս հայտարարել է, որ Վաշինգտոնի հետագա օգնությունը Նիգերին կախված կլինի աֆրիկյան այս երկրում ժողովրդավարական կառավարման և սահմանադրական կարգի պահպանումից:

The New York Times-ը, վերլուծելով այս շաբաթ Նիգերի իրադարձությունները, մատնանշում է Աֆրիկայում նմանատիպ իրադարձությունների շղթաների մասին, որոնք ծավալվել են Գվինեայից մինչև Սուդան, երբ ռազմական խունտաները տապալում են օրինական ընտրված կառավարություններին։

Ռուսական դրոշները, որոնք երևում են Նիգերի մայրաքաղաքում ռազմական հեղաշրջման կողմնակիցների ձեռքերում, հիշեցնում են նախորդ տարի հարևան Բուրկինա Ֆասոյում տեղի ունեցած հեղաշրջումից հետո տեղ գտած համանման տեսարանները, նշում է The New York Times-ը:

Փորձագետներն ընդգծում են, որ ռուսական դրոշները չեն նշանակում, որ հեղաշրջման հետևում կանգնած է Կրեմլը, բայց դրանք ցույց են տալիս, թե ինչպես է Ռուսաստանը վերջին տարիներին դիրքավորվել որպես հակաարևմտյան և, առաջին հերթին, Աֆրիկայի որոշ մասերում հակաֆրանսիական տրամադրությունների առաջնորդ, ասվում է հրապարակման մեջ։  Օրինակ՝ Մալիում այսօր տեղակայված են Կրեմլի հետ կապեր ունեցող «Վագներ» մասնավոր ռամական ընկերության ստորաբաժանումները:

Մինչև վերջին իշխանափոխությունը Նիգերը Սահելի շրջանում համարվում էր արևմտյան երկրների ամենահուսալի մնացած գործընկերը՝ ջիհադիստների դեմ իրենց պայքարում։ Ֆրանսիան Նիգերում ունի բանակի շուրջ 1500 հոգանոց զտորաբաժանում, որը համատեղ գործողություններ է իրականացնում տեղի զինվորականների հետ: Միացյալ Նահանգները և Եվրամիությունը ապահովել են Նիգերի բանակի ուսուցումը և անվտանգության ոլորտում այլ օժանդակություն:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Նիգերում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, երկրում հեղաշրջումը հակասահմանադրական արարք է անվանել։ «Մենք կարծում ենք, որ հեղաշրջումը հակասահմանադրական նախաձեռնություն է… Վերահաստատում ենք մեր դիրքորոշումն այն մասին, որ անհրաժեշտ է վերականգնել սահմանադրական կարգը Նիգերում»,- մեջբերում է Լավրովի խոսքը ՌԴ ԱԳՆ կայքը։

Հիշեցնենք, որ Նիգերում ռազմական հեղաշրջումը սկսվել էր հուլիսի 26-ին։ Նախագահական գվարդիան՝ իր ղեկավար գեներալ Օմար (Աբդուրախման) Տչիանիի գլխավորությամբ, կալանքի տակ էր վերցրել նախագահ Մուհամեդ Բազումին իր նստավայրում, որտեղ նա գտնվում է մինչ օրս։ Տչիանին իրեն հռչակել է երկրի նոր նախագահ։

Արևմտյան Աֆրիկայի երկրների տարածաշրջանային բլոկն (Ecowas) էլ նախօրեին հարևան Նիգերիայում կայացած գագաթնաժողովի արդյուքնով որոշում էր կայացրել վերջնագիր ներկայացրել խունտային՝ պահանջելով 15 օրվա ընթացքում վերականգնել ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության լիազորությունները։

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ բլոկը հիմնականում հետևում է «հեղաշրջումների հանդեպ զրոյական հանդուրժողականության» քաղաքականությանը և «կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները սահմանադրական կարգը վերականգնելու համար», եթե չկատարվի օրինական նախագահի իշխանության վերադարձի իրենց պահանջը:

Նաև նշվում է, որ «նման միջոցները կարող են ներառել ուժի կիրառումը», և որ Արևմտյան Աֆրիկայի ռազմական առաջնորդները պետք է «անհապաղ» հանդիպեն՝ գործողությունը ծրագրելու և իրենց համատեղ գործունեությունը համակարգելու համար։

Արևմտյան Աֆրիկայի առաջնորդները զուգահեռաբար հայտարարել են Նիգերի երկնքով բոլոր առևտրային թռիչքների անհապաղ դադարեցման, բոլոր ցամաքային սահմանների փակման և խունտայի դեմ ֆինանսական պատժամիջոցների սահմանման մասին: Հեղաշրջման մեջ ներգրավված զինվորականներին կարգելվի ճանապարհորդել, իսկ նրանց ակտիվները կսառեցվեն։ Գեներալ Աբդուրհաման Տչիանին գագաթնաժողովից առաջ Արևմտյան Աֆրիկայի երկրների տարածաշրջանային բլոկն զգուշացրել էր ձեռնպահ մնալ ռազմական ուժի կիրառումից:

«Մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք Ecowas-ին և ցանկացած այլ արկածախնդրի, որ պատրաստ ենք վճռականորեն պաշտպանել մեր հայրենիքը»,-ասվում էր հայտարարության մեջ, որը հրապարակվել էր հեռուստատեսությամբ:

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close