ԱՄՆ-ն Հաագայի միջազգային քրեական դատարանին է փոխանցել Ուկրաինայում ռուսական ռազմական հանցագործությունների վերաբերյալ ունեցած ապացույցները. The New York Times

ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը առանց հայտարարությունների իր վարչակազմի պաշտոնյաներին կարգադրել է Հաագայի միջազգային քրեական դատարանին փոխանցել Ուկրաինայում ռուսական ռազմական հանցագործությունների վերաբերյալ Վաշինգտոնի ունեցած ապացույցները։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Պարբերականի տեղեկություններով՝ Բայդենը նման որոշում է կայացրել վերջին օրերին՝ չնայած, որ Պենտագոնը մի քանի ամիս առաջ դեմ էր արտահայտվել նման տեղեկատվության փոխանցմանը ՄՔԴ։ Ինչպես ավելի վաղ գրել էր The New York Times-ը, զինվորականները մտավախություն ունեին, որ նման համագործակցությունը նախադեպ կստեղծի, ինչի պատճառով դատարանը կարող է հետագայում քրեական պատասխանատվության ենթարկել ամերիկացիների զինվորականներին։
Անհասկանալի է, թե ինչու է Բայդենից նման որոշման կայացումը այսքան երկար ժամանակ պահանջել, և թե ինչն էր ի վերջո նրան դրդել կայացնել այն:
ԱՄՆ նախագահի վարչակազմը դեռ պաշտոնապես չի հայտարարել իր քաղաքականության մեջ նոր փոփոխությունների, ինչպես նաև այն մասին, թե ինչպես է Վաշինգտոնը պատրաստվում համագործակցել Հաագայի հետ։ Սակայն The New York Times-ի աղբյուրների փոխանցմամբ՝ այս մասին հուլիսի 25-ին Սպիտակ տունը տեղեկացրել է Կոնգրեսի անդամներին։
Ամերիկյան հետախուզական ծառայությունների տեղեկատվության մեջ, որը կարող է հետաքրքրել Հաագային, ըստ The New York Times-ի կարող են լինել նաև այն տեղեկությունը, որոնք հաստատում են ռուս պաշտոնյաների կողմից Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքին հարվածելու և հազարավոր ուկրաինացի երեխաներին Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներից դուրս բերելու մասին որոշումների կայացումը:
ԱՄՆ-ն այս տեղեկությունների մի մասն արդեն կիսվել է Ուկրաինայի դատախազության հետ, սակայն մինչ այժմ ձեռնպահ է մնում Հաագայի հետ համագործակցությունից։
ՄՔԴ-ի իրավասությունը տարածվում է Հռոմի կանոնադրությունը վավերացրած երկրների տարածքներում կատարված հանցագործությունների վրա կամ աշխարհի ցանկացած կետում այդ երկրների քաղաքացիների կողմից կատարված հանցագործությունների վրա: Այս պահին կանոնադրությունը վավերացրել են աշխարհի ավելի քան 120 երկրներ։ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը այն չեն վավերացրել։
Հաագայի միջազգային քրեական դատարանը մարտի 17-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել։ Նա կասկածվում է Ուկրաինայի օկուպացված տարածքներից Ռուսաստան երեխաների անօրինական տեղափոխման և տարհանման մեջ։ Նման որոշում է կայացվել նաև Ռուսաստանի մանկական օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովայի նկատմամբ։