LifeTalksԺամանցԼուրեր

Երեք օր, երեք քաղաք, երեք «ՖեստիՎառ». Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում մեկնարկում է երաժշտական փառատոնը

«ՖեստիՎառ» երաժշտական փառատոնը, որն անցկացնում է Առաջին ալիքը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, կհյուրընկալվի Վանաձորում, Գավառում և Սիսիանում: Մասնակիցները հնարավորություն կունենան համտեսել տեղական արտադրանքը, այցելել քաղաքների թաքնված ու հայտնի անկյունները և վայելել համերգային ծրագիրը։

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ առաջին կանգառը Վանաձորում է: Հուլիսի 22-ին քաղաքի կենտրոնում ելույթ կունենան Լոռու մարզի հայտնի կատարողները և խմբերը, իսկ երեկոյան ժամը 20:00-ին Հայքի հրապարակում կմեկնարկի մեծ համերգ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ:

«Փառատոնին մասնակցությամբ բացօթյա համերգով ավարտում ենք մեր համերգաշրջանը, որը հագեցած էր»,-նշում է նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

Ըստ նրա՝ փառատոնի ծրագիրն իսկապես հետաքրքիր է ու կրեատիվ՝ «Սիմֆոնիկ էստրադա»՝ Սոնա Ռուբենյան և Իվետա Մուկուչյան, «Սիմֆոնիկ Ռեինկարնացիա»՝ Ռոլանդ Գասպարյան և «Ռեինկարնացիա օրկեստրա»: «Կարծում եմ՝ նման նախագծերը, որոնցում նվագախումբը գերիշխում է, կարևոր են, քանի որ մարդիկ տեսնում են, որ Սիմֆոնիկ նվագախումբը կարող է նաև ներկայանալ այնպիսի նվագացանկով, որը դուր է գալիս երաժշտասերների լայն շրջանակին: «ՖեստիՎառ»-ը հենց նման նախագիծ է: Վստահ եմ՝ փառատոնը շատ լավ է անցնելու»,-հավաստիացնում է դիրիժորը:

«Սիմֆոնիկ Ռեինկարնացիա» ծրագրով նվագախումբն արդեն հանդես եկել է Գյումրիում: Սմբատյանը կարևորում է մարզերում համերգների հանգամանքը՝ նշելով, որ շատերը հենց համերգներին մասնակցելու նպատակով են մեկնում մարզեր: Արդյունքում՝ մարզերում ակտիվանում է մշակութային կյանքը:

«Շատերին գիտեմ, որ Երևանից գնացել են Գյումրի մեր համերգին մասնակցելու համար: Նույնը նաև հիմա է: Դա է մեր հաջողությունը»,-շեշտում է Սերգեյ Սմբատյանը:

Երգչուհի Իվետա Մուկուչյանը շատ ուրախ է, որ երաժշտական մեծ փառատոնին մասնակցելու հնարավորություն ունի: Նրան հատկապես ոգևորում է այն փաստը, որ փառատոնն անցկացվելու է մարզերում: «Ցավոք, մարզերում բնակվող մեր երկրպագուների հետ միշտ չէ, որ շփվելու առիթ ենք ունենում, իսկ սա նրանց առաջ լավագույնս ներկայանալու մեծ հնարավորություն է, ինչը չէի կարող բաց թողնել»,-նշում է նա:

Երգչուհու խոսքով՝ փառատոնի կազմակերպիչները հետաքրքիր լուծումներ են գտել, մանրակրկիտ աշխատել են անգամ դետալների վրա։ Իվետա Մուկուչյանը կարևորում է նաև այն, որ «ՖեստիՎառ»-ի բրենդավորման հիմքում Մարտիրոս Սարյանի «Հայաստան» կտավն է, որի ստեղծման 100-ամյակը լրանում է այս տարի: Ըստ նրա՝ ոգևորիչ է, որ Սարյանին մեծարելու նման տարբերակ ևս կա:

Հանրային հեռուստաընկերությունը առաջնային է համարում մշակույթը, երաժշտական իրադարձությունները Երևանից դուրս տանելը:

«Վերջին տարիներին ինչ-որ չափով ակտիվ է նաև Գյումրին, բայց Գյումրիից ու Երևանից դուրս միջոցառումներ շատ քիչ են լինում: Դա է պատճառը, որ քննարկում էինք նաև այլ քաղաքներում միջոցառումներ կազմակերպելը: Իհարկե, առաջին հայացքից դա Հանրայինի հետ այդքան էլ կարող է կապ չունենալ, բայց հատկապես ամռան ամիսներին, երբ մենք ավելի ազատ ենք ժամանակային իմաստով, կարողանում ենք նախաձեռնել միջոցառումներ արդեն մարզային քաղաքների համար»,-նշում է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:

Նա հույս ունի, որ փառատոնը շարունակական բնույթ կկրի և կհյուրընկալվի տարբեր մարզերում: Հեռուստաընկերությունը նպատակ է ունեցել  կազմակերպել մի տոն,  որի շրջանակում  մասնակիցները լավ երաժշտություն կունկնդրեն, կհամտեսեն տեղի ուտեստները, խմիչքը, կծանոթանան տարածաշրջանին, ինչն էական է ներքին զբոսաշրջության առումով: «Մենք շատ հաճախ ճամփորդում ենք տարբեր երկրներում, բայց չենք լինում Հայաստանի քաղաքներում, այնինչ մենք ունենք հրաշալի քաղաքներ: Երեք քաղաքներն, իհարկե, պայմանական են ընտրվել: Հուսով ենք, որ ֆինանսավորում կունենանք նաև մյուս տարիներին, և փառատոնը շարունակական կլինի»,-ասում է Մովսիսյանը:

Ըստ հեռուստաընկերության գործադիր տնօրենի՝ շատ կարևոր է փառատոնի  ազդեցությունը, որովհետև այդ օրերին Վանաձոր, Գավառ և Սիսիան կայցելեն մարդիկ, որոնք հնարավոր է՝ վերադառնան այնտեղ, ինչը կարող է նպաստել այդ քաղաքներում զբոսաշրջության զարգացմանը:

Խոսելով «Հայաստան» կտավի մասին, նա ասում է՝ Սարյանի կտավն իրենց գրավել է նրանով, որ կտավում ներկայացված են Հայաստանի բոլոր լանդշաֆտները, այսինքն՝ սարեր, գետ, անտառներ, կա խնջույքի տեսարան: «Վառ գույները, որ Սարյանն օգտագործում է իր կտավներում, շատ գրավիչ են: Մեր փառատոնն էլ վառ գույների, ուրախության մասին է»,-եզրափակում է Մովսիսյանը:

Գավառի և Սիսիանի համերգային ծրագրի մանրամասները կներկայացնենք շուտով:

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close