ԼուրերՏնտեսություն

12,6 տոկոս արձանագրված տնտեսական աճը վերջին 15 տարիների համար աննախադեպ բարձր ցուցանիշ է․ Նիկոլ Փաշինյան

2022 թվականին արձանագրել ենք 12,6 տոկոս տնտեսական աճ, որը վերջին 15 տարիների համար աննախադեպ բարձր ցուցանիշ է։ Այս մասին ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա տեղեկացմամբ՝ համապատասխանաբար 2022-ի պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են 1 տրլն, 926 մլրդ դրամ, որը ի սկզբանե պլանավորվածի համեմատ ավել է շուրջ 82 մլրդ դրամով կամ 4 տոկոսով:

«Այսինքն, երբ 2021-ի դեկտեմբերին ԱԺ-ն ընդունել էր 2022-ի բյուջեն, եկամտային մասը պլանավորված էր 82 մլրդ դրամով պակաս: Բայց նաև ուզում եմ ընդգծել, որ 2022-ի բյուջետային ցուցանիշները 2021-ի նկատմամբ հարկային եկամուտների մասով ավել է 399 մլրդ դրամով կամ 21,4 տոկոսով: Իսկ 2017-ի նկատմամբ 2022-ի հարկային եկամուտները ավել են 2 մլրդ 20 մլն դրամով կամ 66,3 տոկոսով, իսկ 2018-ի նկատմամբ 670 մլրդ դրամով կամ 53 տոկոսով»,- մանրամասնեց գործադիրի ղեկավարը։

Իսկ ինչի՞ հաշվի է տեղի ունեցել բյուջեի եկամուտների աճը, Փաշինյանը երեք գործոն մատնանշեց․ «Առաջինը տնտեսականն աճի ցուցանիշներն են, երկրորդը՝ ստվերի կրճատումը, երրորդը՝ այն բարեփոխումները, որոնք ՀՀ կառավարությունն իրականացնում է։ 2023-ի ապրիլին հավաքագրվել է 296,8 մլրդ դրամի հարկային եկամուտ, որը ՀՀ պատմության մեջ ռեկորդային ցուցանիշ է: ՀՀ-ում երբեք մեկ ամսում այդքան հարկային եկամուտ չի հավաքագրվել: Օրինակ՝ 2022-ի ապրիլին հավաքագրել էինք 231,3 մլրդ դրամի հարկային եկամուտ, իսկ 2018-ի ապրիլին՝ 126 մլրդ դրամ: Այսինքն՝ 2018-ի ապրիլի համեմատ հարկային եկամուտները կրկնապատիկից ավել ավելացել են»,- ընդգծեց վարչապետը:

Փաշինյանը նաև ասաց, որ Հայաստանում 2023 թվականի հունվար-մարտին, 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ, 1000 խոշոր հարկատուներից հավաքագրվել է 113.4 տոկոսով ավելի հարկ:

Նա շեշտեց, որ էականորեն փոխվել է խոշոր հարկատուների նկատմամբ վարվող հարկային քաղաքականությունը: Փաշինյանի ներկայացմամբ՝ 100 խոշոր հարկատուներից հավաքագրված հարկերի ընդհանուր գումարը կազմել է առաջին 1000 խոշոր հարկատուներից հավաքագրված ընդհանուր գումարի 55.7 տոկոսը, այսինքն՝ 100-ը 1000-ի կեսից շատն է վճարել:

«2023 թվականի հունվար-մարտին, 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ, առաջին 1000 խոշոր հարկատուներից հավաքագրվել է 113.4 տոկոսով ավելի հարկ: Այսինքն՝ 2018-ի առաջին 3 ամիսների համեմատ խոշոր հարկ վճարողները կրկնապատիկից ավելի հարկ են վճարել: Սա կարևոր է, որ տեսնենք, որ ոչ թե փոքր տնտեսավարողներին ենք միայն հարկային դաշտ բերում, այլ նաև խոշորներին»,- ասաց վարչապետը:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close