Քաղաքացին ունի սեփական բնակարան Մաշտոցի պողոտայում, բայց նպաստ է ստանում․ Նիկոլ Փաշինյան

Սոցիալական պրոբլեմների հաղթահարման մեր բանաձևն աշխատանքն է, եթե քաղաքացին աշխատունակ է, ինչո՞ւ պետք է նրան պետությունը սոցիալական նպաստ վճարի։ Այս մասին ԱԺ-ում 20222 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ սոցալական ոլորտում իրենց քաղաքականությունը բարեփոխվելու է։
Ըստ վարչապետի, եթե մարդն աշխատունակ է և շուկայում կա աշխատանք, ինչո՞ւ պետք է պետությունը նրան սոցիալական նպաստ վճարի։ Նրա խոսքով՝ այսօր ՀՀ-ում կան մարդիկ, որոնք ունեն թանկարժեք բնակարաններ, բայց պետությունից նպաստ են ստանում։
«Իհարկե, շատ չեն այդ դեպքերը, բայց կան։ Օրինակ՝ մենք Հայաստանում կարող ենք ունենալ դեպք, երբ մարդն ունի բնակարան, որն այսօրվա շուկայական արժեքով կարող է արժենալ 300 կամ 500 հազար դոլար, բայց պետությունից նպաստ է ստանում։ Սա որևէ տրամաբանության մեջ չի մտնում»,- ասաց նա։
Ինչպես նշեց Փաշինյանը, ինքը ժամանակին նմանատիպ վիճակագրություն անցկացրել է՝ խնդրելով զեկուցել՝ կա՞ Երևանում մարդ, որն ունի սեփական բնակարան Մաշտոցի պողոտայում, բայց սոցիալական նպաստ է ստանում և պարզվել է՝ կա։
«Կամ մարդիկ կան, որ 26 կամ 30 հազար դրամ նպաստ են ստանում, բայց ամսական 400 հազար դրամ վարկ են փակում։ Ամեն ամիս բանկերին վճարում են 200 հազար, 400 հազար, դեպք ունենք՝ 700 հազար դրամ։ Ամեն ամիս վարկ է փակում, բայց պետությանն ասում է՝ ինձ 30 հազար դրան աջակցություն տրամադրեք։ Նկատի ունեմ՝ սոցիալական քաղաքականության առումով մեր պատկերացումները որոշակիորեն պետք է փոխվեն»,- նկատեց կառավարության ղեկավարը։
Փաշինյանը նաև նշեց, որ պետությունը նպաստ, թոշակ և աշխատավարձ բարձրացնելու համար պարտք չի վերցնում։
«Մենք պարտքի կառավարման ռազմավարություն ունենք: Կառավարության ծրագրով նաև արձանագրել ենք, որ մինչև 2026թ. պարտքի ցուցանիշը ՀՆԱ-ի նկատմամբ 60 տոկոսից ցածր լինելու դեպքում մենք գոհ կլինենք: Բայց, ըստ էության, այս ցուցանիշը մենք գնահատում ենք, որ իրականացրել ենք առաջանցիկ: 2022-ի արդյունքներով՝ պետական պարտք-ՀՆԱ ցուցանիշը կազմում է 46.7 տոկոս: 2017-ին այդ ցուցանիշը եղել է 58.9 տոկոս»,- եզրափակեց նա։