
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ Վլադիմիր Պուտինի հանդիպումից անմիջապես հետո Ռուսաստանի մարզերում իրավիճակը թեժացել է։ Այնպես որ, Պուտինին հիմա գրեթե չեն հետաքրքրում հայ-ադրբեջանական խնդիրները, և սխալ կլինի ակնկալել, որ նա ակտիվորեն ներգրավված կլինի այդ հարցերում։ Այսպես, մայիսի 26-ի գիշերը Կրասնոդարի Մորսկայա փողոցի մոտ պայթյուն է որոտացել, հաղորդում է տարածաշրջանային օպերատիվ շտաբը։
Տեղի իշխանությունների տվյալներով՝ ոչ ոք չի տուժել։ Վնասվել են շենքի տանիքն ու պատուհանները։ Շտաբը չի նշել նաև միջադեպի պատճառը։
Ավելի ուշ Կրասնոդարի քաղաքապետ Եվգենի Նաումովը «Вконтакте» ռուսական ցանցի իր էջում գրել է, որ վնասվել է գրասենյակային շենք և բնակելի շենք։ Նրա խոսքով՝ Գարաժնայա 77/1 հասցեում գտնվող հինգ հարկանի շենքում ապակիներ են մասնակի կոտրվել։
Միաժամանակ Baza տելեգրամյան ալիքը գրում է, որ քաղաքը հարձակման է ենթարկվել անօդաչու սարքերով։ Հաղորդվում է նաև, որ քաղաքի բնակիչները 10 րոպե տարբերությամբ երկու պայթյուն են լսել։
Իր հերթին, Shot տելեգրամյան ալիքը հրապարակել է անօդաչու թռչող սարքի ենթադրյալ բեկորների լուսանկարները: Shot-ը ենթադրել է, որ հարվածի թիրախը կարող էր լինել Մորսկայա փողոցի վրա տեղակայված բջջային աշտարակը։
Իր հերթին Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևը նույնպես հայտնել է, որ Ռոստովի մարզի Մորոզովսկ քաղաքի մոտ հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական հրթիռը։
Ռուսական և ուկրաինական տելեգրամյան ալիքները տեսանյութ են հրապարակել, ենթադրաբար, Մորոզովսկի շրջանում հակաօդային պաշտպանության գործողությունների վերաբերյալ։ Հաղորդվել է, որ ռազմական օդանավակայանի մոտ «անհայտ օբյեկտ» է խոցվել։
Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր Ռուսաստանի մարզերը պարբերաբար ենթարկվում են անօդաչու սարքերի հարձակման։ 2023 թվականի ապրիլի վերջից անօդաչու սարքերի հարձակումները էլ ավելի են ուժգնացել։ Մասնավորապես, մայիսի 3-ին Կրասնոդարի երկրամասում նավթամթերքի պահեստ էր այրվել։ Այդ ժամանակ Baza տելեգրամյան ալիքը գրել էր, որ հրդեհի պատճառը եղել է անօդաչու սարքերի հարձակումը։ Մայիսի 4-ին անօդաչու թռչող սարքերը հարձակվել էին նաև Կրասնոդարի նավթավերամշակման գործարանի վրա, ինչի հետևանքով գործարանը հրդեհվել էր:
Հիշեցնենք, որ Պուտինի նստավայրը նույնպես գտնվում է Կրասնոդարի երկրամասում, որտեղ նա անցկացնում է իր ժամանակի մեծ մասը։