
Ռուսաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Վիկտոր Խրենինն այսօր Մինսկում ստորագրել են փաստաթղթեր, որոնք սահմանում են ռուսական միջուկային զենքը Բելառուսի տարածքում պահելու կարգը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Բելառուսի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը:
«Հանդիպման ընթացքում ստորագրվել են փաստաթղթեր, որոնք սահմանում են Բելառուսի Հանրապետության տարածքում գտնվող հատուկ պահեստարանում ռուսական ոչ ռազմավարական միջուկային զենքը պահելու կարգը»,- ասված է նախարարության մամուլի ծառայության հաղորդագրութան մեջ։
Ինչպես նշել է Շոյգուն, Ռուսաստանի և Բելառուսի կողմից իրականացվող միջոցառումները «համապատասխանում են գործող բոլոր միջազգային-իրավական պարտավորություններին»։
Հանդիպմանը նախարարները քննարկել են ռազմաքաղաքական իրադրությունը և երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության հարցերը։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 25-ին հայտարարել էր, որ Ռուսաստանը բելառուսական կողմի խնդրանքով մարտավարական միջուկային զենք կտեղակայի Բելառուսի Հանրապետությունում, ինչպես Միացյալ Նահանգները դա վաղուց անում է իր դաշնակիցների տարածքում։ Ինչպես հայտնել է Ռուսաստանի ղեկավարը, հուլիսի 1-ին նախատեսվում է ավարտել մարտավարական միջուկային զենքի համար Բելառուսի տարածքում պահեստարանի կառուցումը։
Ինչպես նշում է ТАСС գործակալությունը, Մոսկվան արդեն Մինսկին է փոխանցել «Իսկանդեր» հրթիռային համալիր, որը կարող է միջուկային զենք կրել, և օգնել է վերասարքավորել բելառուսական ինքնաթիռները, որպեսզի դրանք կարողանան կիրառել հատուկ ռազմամթերք։ Բելառուս զինծառայողները համապատասխան պատրաստություն են անցել Ռուսաստանի Դաշնությունում: