
Եվրասիականությունը և ներկայիս Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) սկսվել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի խոհանոցից: Այս մասին նախօրեին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Եվրասիական տնտեսական II համաժողովի լիագումար նիստում։
«Դա իսկապես տեղի է ունեցել: Նա ներկա է այստեղ, կհաստատի դա: Եվ այդ ժամանակ գաղափարը լավն էր: Պահի յուրահատկությունն այն էր, որ այդ ժամանակ մեզ հետ էր Ուկրաինան: Բայց հետո Ուկրաինան, ինչպես սպասում էի, հեռացավ այս գործընթացից»,- ասել է Բելառուսի նախագահը:
Միևնույն ժամանակ, Լուկաշենկոյի գնահատմամբ, ներկա աշխարհաքաղաքական լարված պայմաններում տնտեսական կայունության միայնակ հասնելը, գրեթե, անիրագործելի խնդիր է:
«Վերջին շրջանում աշխարհն ապրում է մշտական լարվածության ու անորոշության մթնոլորտում։ Ֆինանսական, համաճարակային, աշխարհաքաղաքական ճգնաժամերը հաջորդում են միմյանց, և այնքան արագ, որ մարդիկ պարզապես շունչ քաշելու ժամանակ չունեն, և ցավոք, կորցնում են վստահությունը ապագայի նկատմամբ»,- իր խոսքում նշել է Լուկաշենկոն և ընդգծել, որ արտառոց պայմաններում կայուն տնտեսությունը միշտ էլ հզոր խարիսխ է հանդիսանում, սակայն ներկայումս երկրների տնտեսական սահմանները թափանցիկ, իսկ առևտրային հարաբերություններն այնքան միահյուսված են դարձել, որ միայնակ տնտեսական կայունության հասնելը, գրեթե, անհնարին խնդիր է ցանկացած պետության համար:
Ուստի՝ ցանկացած երկիր շահագրգռված է մասնակցել հզոր տարածաշրջանային և միջազգային միություններին, ինչպիսիք են ԵԱՏՄ-ն, Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ), ԲՌԻՔՍ-ը (BRICS-Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն), Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիան (ԱՍԵԱՆ):
Այս առումով Լուկաշենկոն հանդես է գալիս ԵԱՏՄ-ՇՀԿ-ԲՐԻԿՍ ձևաչափով ինտեգրացիոն ջանքերի համադրման օգտին։
«Մեր կարծիքով՝ ԵԱՏՄ, ՇՀԿ և ԲՐԻԿՍ ձևաչափով ինտեգրացիոն ջանքերի համադրումը կնպաստի պետությունների ամենամեծ կոալիցիայի ստեղծմանը։ Ինչպես ժողովուրդն է ասում, եթե չքնենք իհարկե»,- ասել է Բելառուսի նախագահը:
Նա ընդգծել է, որ անկախության ձեռքբերումից ի վեր իր երկիրը միշտ եղել է ինտեգրացիոն գործընթացների առաջնագծում։ Լուկաշենկոյի խոսքով՝ Բելառուսի և ողջ ԵԱՏՄ-ի համար առաջնահերթություններից է տարածաշրջանային ու միջմայրցամաքային դաշինքների ամրապնդումը։
«Սրանք ուժի նոր կենտրոններն են ձևավորվող բազմաբևեռ աշխարհում, որոնք պատրաստ են պաշտպանել իրենց շահերն ու զարգացման սեփական ուղիները: Համաշխարհային տնտեսության կենտրոնն անշրջելիորեն շարժվում է դեպի Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի և Մերձավոր Արևելքի զարգացող երկրներ (սա բնական է): Այս պետություններն այլևս չեն ցանկանում լինել հումքային կցորդներ, էժան աշխատուժի աղբյուր։ Նրանք ցանկանում են և արժանիորեն մասնակցել աշխատանքի միջազգային բաժանմանը։ Եվ նրանք արժանի վարձատրություն են ձգտում ստանալ իրենց աշխատանքի համար: Սա հասկանում են բոլորը։ Ռուսաստանը, հավանաբար, դա հասկացել է բոլորից առաջ։ Բոլորը շտապեցին Աֆրիկա»,- ասել է Բելառուսի ղեկավարը՝ նշելով, որ ԱՄՆ-ն փորձում է դանդաղեցնել այդ գործընթացը և թույլ չտալ Ռուսաստանի մուտքը Աֆրիկա։
Լուկաշենկոն նաև կոչ է արել ուժեղացնել տեխնոլոգիական ինքնիշխանությունը ԵԱՏՄ-ում՝ անկախ Արևմուտքի հետ հարաբերություններից։ Բելառուսի ղեկավարի խոսքով՝ արդյունաբերական համագործակցությունը հնարավորություն կտա ստեղծել տեղական բարձրաստիճան արտադրանք՝ եվրասիական ապրանքանիշի ներքո, ինչպես նաև ձևավորել ներմուծմանը փոխարինող նոր նախագծեր։
«Միություն տարեկան մոտ 70 միլիարդ դոլարով ներկրվող արդյունաբերական ապրանքների ավելի քան մեկ քառորդը կարող է փոխարինվել ազգային արտադրողների արտադրանքով։ Հսկայական մի կտոր, տա Աստված, որ յուրացնենք այն: Չորրորդ արդյունաբերական հեղափոխությունը հնարավորություն է տալիս տարածաշրջանային մակարդակով տնտեսության իրական հատվածում ներմուծման փոխարինման նախաձեռնությունների արդյունավետ իրականացման համար։ Անկախ, այսպես կոչված, արևմտյան գործընկերների հետ մեր հարաբերությունների հետագա դինամիկայից, տեխնոլոգիական ինքնիշխանությունը և ներմուծման կրիտիկական փոխարինումը որպես հիմք կմնա մեր Միության հետագա զարգացման համար»,- ասել է Բելառուսի նախագահը:
Միաժամանակ նա ընդգծել է, որ ԵԱՏՄ-ին անհրաժեշտ են բնական մենաշնորհների ծառայությունների գնագոյացման հարցում ոչ խտրական մոտեցումներ։
«Էներգետիկ ոլորտում ինտեգրացիոն համագործակցության զարգացումն ու խորացումը, ԵԱՏՄ դիրքերի ամրապնդումը գլոբալ անվտանգության համատեքստում մնում են առաջնահերթություն։ Համոզված եմ, որ մեր երկրների տնտեսությունների արդյունավետ գործունեությունը անհնար է պատկերացնել առանց տնտեսվարող սուբյեկտների կողմից էներգիայի ռեսուրսների և դրանց փոխադրման ենթակառուցվածքների հավասար հասանելիության»,- եզրափակել է իր խոսքը Ալեքսանդր Լուկաշենկոն: