
Հայաստանից առնվազն 12 լրագրողների և իրավապաշտպանների Apple բջջային սարքերը կոտրվել են իսրայելական Pegasus լրտեսող ծրագրի միջոցով։ Այս մասին ասվում է փորձագետների և լրագրողների համատեղ հետաքննության մեջ, որը վերնագրված է՝ «Հաքերային հարձակում պատերազմական գոտում. Pegasus լրտեսող ծրագիրը ադրբեջանա-հայկական հակամարտությունում»: Հետաքննությունը համատեղ իրականացրել են Access Now միջազգային ոչ առևտրային կազմակերպությունը, հայկական CyberHUB-AM կիբերանվտանգության ոլորտում աշխատող խումբը, Տորոնտոյի համալսարանի Citizen Lab հետազոտական կենտրոնը, Amnesty International իրավապաշտպան կազմակերպության անվտանգության լաբորատորիան և բջջային անվտանգության անկախ հետազոտող Ռուբեն Մուրադյանը:
Բջջային սարքերի կոտրման և գաղտնալսման դեպքերը փաստաթղթավորվել են 2020 թվականի հոկտեմբերից մինչև 2022 թվականի դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում: Հետազոտողների անուղղակի տվյալները ցույց են տալիս, որ այդ ամենը կարող է կապված լինել Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հետ։ Սա միջազգային հակամարտության համատեքստում Pegasus լրտեսող ծրագրի օգտագործման առաջին փաստագրված դեպքն է, պնդում են հետաքննողները։
Իհարկե, ոչ ոք չէր էլ կասկածում, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները կարող են Հայաստանում կոտրել կամ գաղտնալսել հեռախոսները։ Եվ դա զարմանալի չէ, հատկապես հաշվի առնելով, որ Pegasus ծրագիրը իսրայելական է, իսկ Բաքվի կապերը Իսրայելի հետ բոլորին են հայտնի։ Զարմանալի չէ, բայց ճնշող է, որ ոխերիմ թշնամու հետախուզական ծառայությունները այդքան արդյունավետ են։
Ճնշող է նաև այն, որ մենք այստեղ էլ ենք «չեմպիոն»՝ «Pegasus լրտեսող ծրագրի օգտագործման առաջին փաստագրված ապացույցը միջազգային պատերազմի համատեքստում»: Այս ծրագիրը հայտնի է վաղուց։ Մերձավոր Արևելքի շատ ավտոկրատներ, և ոչ միայն ավտոկրատներ և ոչ միայն Մերձավոր Արևելքում, վաղուց օգտագործում են այն՝ լրտեսելու իրենց ընդդիմությանը, լրագրողներին, ակտիվիստներին և այլն: Բայց իրենց, այլ ոչ թե մեկ այլ երկրի, այն էլ պատերազմի ժամանակ։
Առնվազն 12 լրագրող և իրավապաշտպան, ըստ հետաքննության։ Առնվազն… Իսկ քանի՞ կոտրված և գաղտնալսված գաջեթներ դեռ չեն հայտնաբերել հետաքննողները: Քանի՞ զինվորական, պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ են գաղտնալսվել պատերազմի ժամանակ։ Դարձյալ, մենք կարծես չէինք էլ կասկածում… Չէինք էլ կասկածում, բայց թույլ տվեցինք, որ դա արվի, ինչի մասին, ի դեպ, վկայում են Ղարաբաղյան երկրորդ պատերազմի բազմաթիվ տարօրինակ դրվագները։
Այո, Ադրբեջանը մեզ հետ կռվել և կռվում է բոլոր հնարավոր և անհնար մեթոդներով։ Ի՞նչ ենք մենք արել և անում: Ի՞նչ են արել Հայաստանի բոլոր ներկա ու նախկին իշխանություններն ու այսպես կոչված «հատուկ ծառայությունները»։ Ճիշտ է, հետևել ու գաղտնալսել են բիզնեսմեններին, որպեսզի մի ավել կոպեկ իրենց՝ իշխանությունների քթի տակով աննկատ չանցնի, հետևել ու գաղտնալսել են ընդդիմությանը, որպեսզի հնարավորինս շատ կոմպրոմատ հավաքեն նրանց վրա և շանտաժի ենթարկեն, հետևել ու գաղտնալսել են լրագրողներին, որպեսզի նրանք իրենց՝ իշխանությունների վրա հանկարծ կոմպրոմատ չգտնեն։
Իսկ այդ նույն ժամանակ «գայլը սարի ետևում» իր գործն էր անում: «Գայլը» լսում էր մեզ, «գայլը» ինտենսիվորեն սովորում էր հայոց լեզուն, ինչը հնարավորություն տվեց և՛ մեզ լսել, և՛ պատերազմի ժամանակ հայկական համազգեստ հագցնել մի ամբողջ ստորաբաժանումների, որոնք հայերեն խոսալով հանգիստ մտնում էին մեր դիրքերը՝ ներկայանալով որպես հայ զինվորներ։
Իսկ հայկական հատուկ ծառայություններում քանի՞ հոգի է խոսում ադրբեջաներեն, էլ չեմ խոսում այլ լեզուների մասին։ Չեմ զարմանա, եթե դրանց մի ձեռքի մատների վրա հաշվենք։ Ի վերջո, պատերազմում կրած ամոթալի պարտությունից հետո միայն մեր մտքով անցավ ստեղծել արտաքին հետախուզական ծառայություն, որի հիմնական հակառակորդը ու հետախուզության օբյեկտը, բնականաբար, պետք է լիներ Ադրբեջանը։ Ի դեպ, պարզ չէ նաև, թե ուր ենք հասել այդ նոր ծառայության կազմավորման գործում։
Ի դեպ, դեռ 2021 թվականին հայտնի էր դարձել, որ Հայաստանի մոտ 20 քաղաքացի թիրախավորվել է այդ նույն Pegasus լրտեսող ծրագրի միջոցով։ Փորձագետներն ասում էին՝ վնասակար ծրագրի թիրախում ընդդիմության ու իշխանության առանցքային դեմքեր են։ Ենթադրում էին, որ քաղաքացիները թիրախավորվել են կա՛մ Հայաստանի, կա՛մ Ադրբեջանի իշխանությունների պատվերով: Չէին բացառում նաև՝ հնարավոր է երկու իշխանություններն էլ պատվիրել են հարձակումները։
Ենթադրաբար Pegasus լրտեսական ծրագրի թիրախում էր հայտնվել նաև այն ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրենն այդ մասին վկայող լուսանկարներ էր հրապարակել. Apple ընկերությունը զգուշացնող նամակով տեղեկացրել էր, որ հնարավոր է նա թիրախավորվել է պետական հովանավորչություն ունեցող հաքերների կողմից։ Մինչդեռ նամակում չէր նշվում՝ որ երկրի իշխանությունների, նաև չէր ասվում, թե ենթադրյալ հարձակումը հենց այդ լրտեսական ծրագրի միջոցով է իրականացվել։
Վանեցյանը մի կողմից պնդում էր, թե Հայաստանի գործող իշխանություններն են փորձել իրեն, ընտանիքի անդամներին ու մերձավոր շրջապատին գաղտնալսել, մյուս կողմից էլ չէր բացառում Ադրբեջանի իշխանությունների վարկածը։
Ինչևիցէ, տեսնենք, թե էլ ովքեր են դարձել Pegasus ծրագրի զոհը։ Ըստ հետաքննության, դրանցից յոթը հրապարակայնորեն հնչեցրել են իրենց անունները: Առաջին զոհը 2020 թվականի հոկտեմբերից մինչև 2021 թվականի մայիսը ՀՀ ԱԳՆ նախկին մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն է, որի մասին, ելնելով նրա զբաղեցրած պաշտոնից, արժե փոքր-ինչ մանրամասն գրել։
Աննա Նաղդալյանը Հայաստանում Pegasus ծրագրի առաջին զոհերից է եղել։ Նա նաև այդ 12 հոգուց այն զոհն է, ում հեռախոսն ամենաշատն է գաղտնալսվել` առնվազն 27 անգամ 2020 թվականի հոկտեմբերից մինչև 2021 թվականի հուլիսը ընկած ժամանակահատվածում, վիրուսը թափանցում էր նրա հեռախոս գրեթե ամեն ամիս, ըստ Citizen Lab-ի:
ԱԳՆ մամուլի խոսնակ լինելու բերումով Նաղդալյանը եղել է Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետ կապված ամենազգայուն խոսակցությունների և բանակցությունների էպիկենտրոնում, ներառյալ հրադադարի հարցում Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջնորդական փորձերը, ինչպես նաև այդ ընթացքում պաշտոնական այցերը Մոսկվա և Ղարաբաղ, որոնց նա նույնպես մասնակցում էր։
Աննա Նաղդալյանը ծառայում էր ԱԳՆ-ում նաև հետպատերազմյան անցումային ճգնաժամային պահերին, երբ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հրաժարական տվեց 2020 թվականի պատերազմից հետո հետո, իսկ Արա Այվազյանը ստանձնեց պաշտոնը։ 2021 թվականի մայիսի վերջին Այվազյանը և բոլոր փոխարտգործնախարարները հրաժարական տվեցին՝ Լեռնային Ղարաբաղի հարցում վարչապետի քաղաքականության հետ անհամաձայնության պատճառով։ Այս զարգացումները արտաքին քաղաքական գերատեսչությանը դրեցին Հայաստանի ներքին քաղաքականության էպիկենտրոնում, քանի որ երկիրը պատրաստվում էր արտահերթ ընտրությունների: Այս ամենի էպիկենտրոնում էր նաև Աննա Նաղդալյանը:
Ավելին, նույն ամսին Նաղդալյանը լքեց պաշտոնը, բայց շարունակեց ոչ պաշտոնապես կատարել մամուլի խոսնակի պարտականությունները: Նրա հեռախոսն այդ ժամանակ նույնպես վարակված է եղել։ Ինչպես նա ասել է Access Now-ին, նա «[իր] հեռախոսում ուներ պատերազմի ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների մասին բոլոր տեղեկությունները»։ Այսօր Աննան աշխատում է հասարակական կազմակերպությունում։
Մյուս զոհերը հետևյալն են.
Կառլեն Ասլանյան՝ «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության լրագրող;
Աստղիկ Բեդևյան՝ «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության լրագրող;
Ռուբեն Մելիքյան՝ իրավաբան, «Իրավունքի ուղի» հասարակական կազմակերպության իրավապաշտպան, Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների նախկին պաշտպան;
Վարուժան Գեղամյան՝ քաղաքագետ-թուրքագետ, Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր;
Սամվել Ֆարմանյան՝ Armnews հեռուստաալիքի համահիմնադիր, նախկին պատգամավոր, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախկին խոսնակ;
Քրիստինե Գրիգորյան՝ Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան, հրաժարական տվեց 2023 թվականի սկզբին։
Մյուս հինգ զոհերը, որոնց Apple սարքերը նույնպես վարակված են եղել Pegasus ծրագրով, ցանկացել են անանուն մնալ անձնական և մասնագիտական պատճառներով: Նրանց թվում են՝ երկու լրագրողներ, մեկ ակտիվիստ, քաղհասարակության մեկ ներկայացուցիչ, ինչպես նաև ՄԱԿ-ի ներկայացուցիչ, ով չի ստացել գործատուի համաձայնությունը՝ խոսելու հանրային դաշտում և չի կարող հանրայնացնել իր անունը։
Ըստ հետաքննության, Հայաստանի քաղհասարակության շատ այլ ներկայացուցիչներ, օրինակ՝ Հանրային հեռուստատեսության լրագրող Վիտալի Գրիգորյանը, Apple ընկերությունից ծանուցումներ են ստացել, որ իրենց բջջային սարքերը կարող են վարակված լինել լրտեսող ծրագրով։ Սակայն հետաքննության հեղինակները դեռ ամբողջությամբ չեն հաստատել այդ փաստը՝ այդ մարդկանց բջջային սարքերի տվյալների հասանելիության բացակայության պատճառով։
Հիշեցնենք նաև, որ դեռևս 2021 թվականին Apple ընկերությունը հայտարարել էր, որ շտկել է իր արտադրած բջջային սարքերի խոցելիությունը, որը թույլ էր տալիս սարքերը կոտրել Pegasus լրտեսող ծրագրի միջոցով: Վիրուսը Apple արտադրողի բջջային սարքեր էր թափանցում iMessage-ի միջոցով և օգտատիրոջից որևէ գործողություն չէր պահանջվում, որպեսզի այն սկսի քողարկված աշխատել այդ հեռախոսի մեջ։
Այդ ժամանակ Apple ընկերությունը նաև հայտնել էր, որ դատական հայց է ներկայացրել Pegasus ծրագիրը մշակած իսրայելական NSO Group ընկերության դեմ։ Apple-ը մեղադրել էր NSO-ին օգտատերերին լրտեսելու համար իր՝ Apple-ի ծրագրակազմն օգտագործելու մեջ: