ԼուրերՍպորտ

Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը տպավորված է երևանյան առաջնությամբ

Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միլան Միհալովիչը տպավորել է Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության կազմակերպվածությունը:

«Եվրոպայի ֆեդերացիան շատ ուրախ է, որ մրցումներն անցկացվում են Հայաստանում: Հայկական սպորտը, մասնավորապես, ծանրամարտը աշխարհում լայն տարածում ունի։ Ուրախ ենք, որ Երևանը ընդունել է 2023 թվականի Եվրոպայի առաջնությունը։ Կազմակերպվածությունը տպավորիչ է, միանգամայն ակնհայտ է, որ աշխատանք է տարվել այս ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Միհալովիչը: 

Վերջինս շեշտեց, որ սպորտն իր արժեքներն ունի․ «Այստեղ մենք բոլորս ընկերներ ենք և ուրախ ենք պահպանել ոլորտում եղած արժեքները։ Ցավոք, երբեմն, որոշ մարդիկ դա չեն հասկանում՝ փչացնելով եղած մթնոլորտը և դժվարություններ ստեղծելով բոլորիս համար»,-ընդգծեց նա՝ հավանաբար ակնարկելով Ադրբեջանի դրոշը վառելու հետ կապված միջադեպը, որը եղավ առաջնության բացման արարողության ժամանակ:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը ընթանում է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամն է, որ Երևանն ընդունում է նման խոշորամասշտաբ մրցաշար: Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Առաջնությանը մասնակցում են մոտ 40 երկրի 500-ից ավել մարզիկներ: Ընդհանուր պատվիրակությունների թիվը գերազանցում է 1000-ը:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close