Շաքարավազն ու կարագը էժանացել են. նոր տվյալներ՝ Վիճակագրական կոմիտեից

Մարտին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 5.1% գնաճ, իսկ 2023թ. փետրվարի համեմատ՝ 2.2% գնանկում: Այս մասին 365news.am-ն տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից:
Վիճակագրության համաձայն՝ սննդի որոշ տեսակների գները նվազել են: Եվ այսպես, ըստ ՎԿ-ի, հնդկացորենի գինը 2023թ. մարտին, 2022թ. մարտի համեմատ, նվազել է 9.2%-ով, ոսպինը՝ 5.3%-ով, բրնձինը՝ 3.1%-ով, լոբունը՝ 2.7%-ով, ալյուրինը՝ 2.6%-ով, ոլոռինը՝ 0.2%-ով, իսկ 2023թ. փետրվարի համեմատ՝ համապատասխանաբար 4.9%, 1.9%, 1.3%, 0.5% 2.8% և 3.3%-ով:
Նշենք նաև, որ մարտին, 2022թ. մարտի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է հաճարի` 2.1%, բլղուրի՝ 3.6%, ձավարի՝ 4.8%, հացի՝ 7.3%, մակարոնեղենի՝ 7.6% գնաճ, բայց մեկ ամսում այս ապրանքների գները նվազել են համապատասխանաբար 1.0%, 0.8%, 2.2%, 1.9%, 1.2%-ով:
Էժանացում արձանագրվել է նաև շաքարավազի դեպքում: Պաշտոնական տվյալներով՝ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2023թ. մարտին, 2022թ. մարտի համեմատ, արձանագրվել է 10.9%, իսկ 2023թ. փետրվարի համեմատ՝ 1.9% գնանկում: Եթե նախորդ տարվա համեմատ տավարի մսի գինը բարձրացել է 18.9%-ով, ապա խոզի մսի դեպքում 13.8% գնանկում է եղել:
Մարտին, փետրվարի համեմատ, 0.6% էժանացել է տավարի միսը, իսկ խոզինը՝ 10.6 % -ով:
Գնանկում է եղել նաև ձվի շուկայում; Ձվի գինը 2023թ. մարտին, 2022թ. մարտի համեմատ, նվազել է 1.1%-ով, իսկ 2023թ. փետրվարի համեմատ՝ 5.8%-ով: ՎԿ-ի տվյալներով՝ մարգարինի և պանրի գները 2023թ. մարտին, 2022թ. մարտի համեմատ, աճել են 10.8% և 15.4%-ով, իսկ 2023թ. փետրվարի համեմատ գրանցվել է 3.0% և 0.5% գնանկում: Գնանկում է արձանագրվել նաև բուսական յուղի և կարագի դեպքում:
2023թ. մարտին, 2022թ. մարտի համեմատ, արևածաղկի բուսական յուղի և կարագի գները նվազել են 20.0%-ով և 0.1%-ով, իսկ 2023թ. փետրվարի համեմատ՝ 6.8% և 0.3%-ով:
Փատենք, որ 2023թ. մարտին, 2022թ. մարտի համեմատ, կարտոֆիլի գինն աճել է 4.5%-ով, վարունգինը՝ 12.0%-ով, իսկ ճակնդեղի և գազարի գները նշված ժամանակահատվածում նվազել են համապատասխանաբար 20.9% և 14.0%-ով: 2023թ. մարտին, փետրվարի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է նշված ապրանքատեսակների համապատասխանաբար 4.0%, 18.1%, 3.7% և 13.0% գնանկում:
Դրան զուգընթաց թռչնամսի գինը 2023թ. մարտին, 2022թ. մարտի համեմատ, աճել է 1.6%-ով, գառան մսինը՝ 3.4%-ով, թթվասերինը՝ 6.2%-ով, թարմ կաթինը՝ 8.4%-ով, իսկ 2023թ. փետրվարի համեմատ՝ համապատասխանաբար 0.6%, 0.1%, 0.2% և 1.1% ով:
2023թ. մարտին, փետրվարի համեմատ, մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի միջին կշռված գնանկումը կազմել է 3.79%: Հատկանշական է, որ բանջարեղենն է էժանացել: Բանջարեղենի ապրանքախմբում 2023թ. մարտին, 2022թ. մարտի համեմատ, արձանագրվել է 0.7%, իսկ 2023թ. փետրվարի համեմատ՝ 5.3% գնանկում: Մինչդեռ մրգի շուկայում 2023թ. մարտին, 2022թ. մարտի համեմատ, գներն աճել են 8.7%-ով, սակայն, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 1.8% գնանկում: