
Օրերս ԱՄՆ Հյուսթոնում NASA-ի (Օդագնացության և տիեզերական հետազոտությունների ազգային ադմինիստրացիա) Տիեզերական կենտրոնում տեղի է ունեցել Axiom Space ընկերության կողմից պատրաստված սկաֆանդրի նախատիպի շնորհանդեսը, որը նախատեսվում է օգտագործել Լուսնի վրա վայրէջքի ժամանակ NASA-ի Artemis III առաքելության շրջանակներում:
Երբ տիեզերագնացներն ավելի քան 50 տարվա ընթացքում առաջին անգամ կվերադառնան Լուսին NASA-ի Artemis III առաքելության շրջանակներում, նրանք կկրեն Axiom Space-ի նոր սերնդի սկաֆանդրը՝ Լուսնի մակերեսով քայլելու համար, ասված է Axiom Space-ի մամուլի հաղորդագրության մեջ:
Սկաֆանդրը կոչվում է Axiom Extravehicular Mobility Unit (AxEMU), ինչը մոտավոր թարգմանությամբ նշանակում է տիեզերանավից դուրս ազատ տեղաշարժվելու միավոր: Այն հիմնված է NASA-ի կողմից մշակված նախատիպի վրա։ Ըստ մշակողների՝ այն ունի բարելավված պաշտպանություն և թույլ է տալիս տիեզերագնացներին ավելի հեշտ տեղաշարժվել, քան մյուս սկաֆանդրները:
Շնորհանդեսին AxEMU-ի նախատիպը ներկայացվել է Axiom Space ընկերության գույներով, սակայն նշվում է, որ Լուսնի վրա վայրէջք կատարելիս կօգտագործվեն սպիտակ գույնի մոդելներ, որոնք ավելի լավ են արտացոլում ջերմային էներգիան։ Սպասվում է, որ ընկերությունը մինչև ամառվա վերջ ուսումնական սկաֆանդրներ կտրամադրի NASA-ին:

«NASA-ի և Axiom-ի համագործակցությունը չափազանց կարևոր է տիեզերագնացներին Լուսնի վրա վայրէջք կատարելու և տիեզերագնացության ոլորտում ԱՄՆ առաջնորդությունը պահպանելու համար: Հենվելով NASA-ի տարիների հետազոտությունների և փորձի վրա՝ Axiom-ի սկաֆանդրների նոր սերունդը ոչ միայն թույլ կտա առաջին կնոջը քայլել Լուսնի վրա, այլև շատ մարդկանց համար նոր հնարավորություններ կբացի Լուսնի վրա ուսումնասիրման և գիտական փորձարկումներ իրականացնելու համար»,- ասել է NASA-ի տնօրեն Բիլ Նելսոնը:

Artemis III առաքելությունը նախատեսված է 2025 թվականին։ Սա կլինի տիեզերագնացների առաջին վայրէջքը Լուսնի վրա 1972 թվականից ի վեր։ Ենթադրվում է, որ առաջին անգամ տիեզերանավի անձնակազմում կին կլինի։
NASA-ն խոստանում է ապրիլի սկզբին հայտարարել չորս տիեզերագնացների անունները, որոնք կլինեն Artemis II առաքելության անձնակազմում: Artemis II-ը կլինի նախնական առաքելություն, որի անդամները թռչելու են Լուսնի շուրջը։