
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Սի Ցզինպինը մարտի 20-ից 22-ը կայցելի Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին այսօր առավոտյան հայտնել են Կրեմլի և Չինաստանի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունները։
Հիշեցնենք, որ փետրվարին նախ արևմտյան առաջնորդների, ապա նաև Մոսկվայում Պուտինի հետ Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի վարած բանակցություններից հետո Պեկինը հանդես եկավ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու սեփական նախաձեռնությամբ: Չինական առաջարկների 12 կետից բաղկացած փաստաթղթում կարևոր էր համարվում բոլոր երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգումը, որին զուգահեռ նախ Արևմուտքին կոչ էր արվում դադարեցնել Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, ապա նաև հակամարտող կողմերին հաստատել հրադադարի ռեժիմ:
Միաժամանակ, Չինաստանը բազմիցս հայտարարել է, որ ռազմական օգնությունը հանգեցնում է ռուս-ուկրաինական հակամարտությունում լարվածության աճի։ Արևմուտքի կողմից Կիևին զենք մատակարարելուց հրաժարվելը հանդիսանում է չինական խաղաղության ծրագրի կետերից մեկը։
Ինչպես ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցչի տեղակալ Դայ Բինը հայտարարել էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի ժամանակ, զենքի մատակարարումը չի հանգեցնի խաղաղության Ուկրաինայում։
«Դաժան փաստերը բավականաչափ ապացույց են, որ զենք ուղարկելը խաղաղություն չի բերի»,- ասել էր նա։
Մինչդեռ Չինաստանի ղեկավարի՝ Մոսկվա կատարելիք այցի նախօրեին, որտեղ նա պատրաստվում է քննարկել նաև Ուկրաինայի հակամարտության կարգավորման հնարավորությունը, ուկրաինացի զինվորականները խոցել են չինական արտադրության անօդաչու թռչող սարք, հայտնում է CNN-ը։ Լրագրողների տվյալներով՝ խոցված ԱԹՍ-ն ռազմական գործողությունների համար մոդիֆիկացված Mugin-5 կոմերցիոն անօդաչու թռչող սարք է։
Ուկրաինացի զինվորականները CNN-ին հայտնել են, որ իրենք հրազենային զենքով են խոցել ԱԹՍ-ն. սարքը թռչում էր շատ ցածր բարձրության վրա: CNN-ի թղթակիցը հաստատել է, որ անօդաչու թռչող սարքի կորպուսի վրա տեսանելի են փամփուշտների անցքեր։
CNN-ի հետ զրուցած փորձագետներից մեկը նշել է, որ անօդաչու սարքն ուներ ռումբ գցելու հատուկ մեխանիզմ՝ պատրաստված 3D պրինտերով տպված բաղադրիչներից։ Դա, փորձագետի կարծիքով, վկայում է այն մասին, որ անօդաչու սարքը նախատեսված է եղել բազմակի օգտագործման համար։
Չինական Mugin Limited ընկերությունը, որը մասնագիտացած է անօդաչու սարքերի արտադրության մեջ, հաստատել է, որ Ուկրաինայում խոցվել է հենց իրենց անօդաչու թռչող սարքը։ Ընկերությունում շտապել են ԱԹՍ-ի նման կիրառման փաստը «դժբախտություն» անվանել և ասել են, որ իրենք անում են «ամեն ինչ դա կանգնեցնելու համար»։ Ընկերությունն ավելի վաղ հանդես էր եկել հայտարարությամբ՝ դատապարտելով իր անօդաչու թռչող սարքերի օգտագործումը ռազմական նպատակներով, ինչպես նաև նշել, որ լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր դադարեցրել է պատվերներ ընդունել Ռուսաստանից և Ուկրաինայից։
CNN-ը դիմել է ՌԴ պաշտպանության նախարարությանը միջադեպի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար, սակայն դեռ պատասխան չի ստացել։
Նշենք, որ մարտի սկզբին ռուսական տելեգրամյան ալիքները հայտնել էին, որ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով Ղրիմում հաջողվել է ստիպել վայրեջք կատարել երկու Mugin-5 անօդաչու թռչող սարքերի, որոնք արձակված են եղել Ուկրաինայից։
Այս դրոնները հայտնի են նաև որպես «Alibaba դրոններ», քանի որ դրանք կարելի է գնել մինչև 15,000 դոլարով չինական ինտերնետային հարթակներում, ինչպիսիք են Alibaba-ն և Taobao-ն:
Ավելի վաղ մի շարք արևմտյան լրատվամիջոցներ գրել էին, որ Չինաստանը դիտարկում է Ռուսաստանին զենք, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքեր, հրետանի և զինամթերք մատակարարելու հնարավորությունը։
Politico պարբերականն այսօր հրապարակված նյութերից մեկում նշել էր, որ չինական ընկերություններն արդեն Ռուսաստանին են մատակարարել հազարավոր ինքնաձիգեր, որոնք կարող են օգտագործվել պատերազմում, ինչպես նաև այլ սարքավորումներ, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի մասեր և զրահաբաճկոններ: Լրատվականը միևնույն ժամանակ նշում է, որ այս դեպքում խոսքը լայանածավալ առաքումների մասին չէ: