1ԱշխարհԳլխավորԼուրեր

ՄԱԿ-ի հանձնաժողովը թվարկել է Ռուսաստանի ռազմական հանցագործությունները Ուկրաինայում

Ռուսաստանի իշխանությունները Ուկրաինա կատարած լայնամասշտաբ ներխուժման ժամանակ բազմաթիվ ռազմական հանցագործություններ են կատարել, մարդկության դեմ հանցագործություններ և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներ։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի հովանու ներքո ստեղծված անկախ միջազգային հանձնաժողովի զեկույցում: Զեկույցի հրապարակումը համընկել է մեկ տարի առաջ հարյուրավոր զոհերի պատճառ դարձած Մարիուպոլի դրամատիկական թատրոնի վրա ռուսական հարձակման տարելիցի հետ։

Հանձնաժողովը որպես պատերազմական հանցագործություններ է դասակարգել քաղաքացիական անձանց և էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները, դիտավորյալ սպանությունները, ապօրինի բանտարկությունները, խոշտանգումները, բռնաբարությունները և սեռական բռնության այլ տեսակները, ինչպես նաև ուկրաինական երեխաների՝ դեպի Ռուսաստան անօրինական տեղափոխումը և արտաքսումը:

Զեկույցի հեղինակների խոսքով՝ ռուս զինվորականները Ուկրաինայում իրականացրել են «անկանոն և անհամաչափ» հարձակումներ՝ «հստակ անտեսելով խաղաղ բնակչության վնասներն ու տառապանքները և առանց անհրաժեշտ նախազգուշական միջոցներ ձեռնարկելու»։

Միաժամանակ, հանձնաժողովը նշում է, որ փաստագրել է նաև Ուկրաինայի զինված ուժերի անդամների կողմից կատարված «փոքր թվով խախտումներ», ներառյալ ենթադրյալ անկանոն հարձակումները և երկու միջադեպ, որոնք որակվում են որպես ռազմական հանցագործություններ, որոնց ընթացքում ռուս ռազմագերիները գնդակահարվել են, վիրավորվել և խոշտանգվել։

Զեկույցի պատրաստման ընթացքում ՄԱԿ-ի հանձնաժողովի անդամներն այցելել են Ուկրաինայի 56 բնակավայրեր, որտեղ հարցաքննել են 348 կին և 247 տղամարդ։ Ի թիվս այլ բաների, քննիչները ստուգել են կալանավայրերի և խոշտանգումների վայրերը, զանգվածային գերեզմանները:

Ուշագրավ է, որ հանձնաժողովի ղեկավար Էրիկ Մեսեն լրագրողներին ասել է, որ Ուկրաինայում ցեղասպանության նշաններ չեն հայտնաբերվել։

Զեկույցի հեղինակները խորհուրդ են տվել հետաքննել բոլոր բացահայտված խախտումներն ու հանցագործությունները, և մեղավորներին պատասխանատվության ենթարկել ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակով:

Ըստ վերլուծաբանների՝ ՄԱԿ-ի հանձնաժողովի զեկույցը կազմված է Ռուսաստանի դեմ մեղադրական տոնով, ինչն արտառոց է և շատ անսովոր, երբ խոսքը վերաբերում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամին, նշում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Փետրվարին ԱՄՆ կառավարությունը պաշտոնապես հայտարարել էր Ուկրաինա ներխուժումից հետո Ռուսաստանի կողմից մարդկության դեմ կատարված հանցագործությունների մասին: Այս մասին Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել էր ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսը։

Մարտի 13-ին ամերիկյան The New York Times-ը, վկայակոչելով աղբյուրների, հայտնել էր, որ Հաագայի միջազգային քրեական դատարանը մտադիր է երկու գործ հարուցել Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինա ներխուժման ժամանակ կատարված հանցագործությունների պատճառով։ Դրանցից մեկը կապված է ուկրաինացի երեխաների առևանգման հետ, երկրորդը՝ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա կանխամտածված հարձակումների հետ։

Կրեմլից պատասխանել էին, որ չեն ճանաչում Հաագայի միջազգային քրեական դատարանի իրավասությունը։ Այս մասին լրագրողներին ասել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ընդհանուր առմամբ, մենք չենք հոգնում հիշելուց, որ երկար տարիներ ոչ մի միջազգային դատական ​​մարմին, նույնիսկ նրանք, որոնց մենք չենք ճանաչում, ոչ էլ միջազգային հանրության այլ անդամներ չեն անհանգստացել ուշադրություն դարձնել քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացմանը, քաղաքացիական անձանց սպանություններին, որոնք ուկրաինացի ազգայնականները իրականացնում էին Դոնբասում», – հավելել էր Կրեմլի խոսնակը:

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close