1ԱշխարհԳլխավորԼուրեր

Կրեմլը հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի՝ Մոսկվա այցի մասին

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Սի Ցզինպինը մարտի 20-ից 22-ը կայցելի Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին այսօր առավոտյան հայտնել են Կրեմլի և Չինաստանի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունները։

Այն մասին, որ Չինաստանի ղեկավարը մտադրություն է ունեցել Ռուսաստան ժամանել գարնանը, ավելի վաղ հայտարարել էր անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, սակայն այդ այցի ստույգ ժամկետները նշվում են միայն այսօր։

Կրեմլի հայտարարության մեջ այցը կոչվում է «պետական», որը պաշտոնական հանդիպումների ամենաբարձր մակարդակն է:

Բանակցությունների ընթացքում կողմերը կքննարկեն «Ռուսաստանի և Չինաստանի միջև համապարփակ գործընկերության և ռազմավարական համագործակցության հետագա զարգացման հարցեր»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ և ավելացվում, որ նախատեսնվում է «կարծիքների փոխանակում՝ միջազգային ասպարեզում ռուս-չինական համագործակցության խորացման համատեքստում»։

Հայտարարության մեջ նաև ավելացվում է, որ կողմերը կստորագրեն երկկողմ մի շարք փաստաթղթեր, որոնց մասին, սակայն, որևէ այլ հավելյալ տեղեկություն չի ներկայացվում:

Չինաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ տեղի է ունենալու «երկկողմ հարաբերությունների, միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ մտքերի խորը փոխանակում», և որպես Ցզինպինի ուղևորության հիմնական նպատակ մատնանշել Ռուսաստանի հետ երկկողմ կապերի ամրապնդումը։

Սա Սի Ցզինպինի առաջին այցն է Ռուսաստան նախորդ տարվա փետրվարին Ուկրաինա ռուսական լայնածավալ ներխուժման մեկնարկից ի վեր և անձամբ Սիի առաջին արտասահմանյան այցն է Չինաստանի ղեկավարի պաշտոնում երրորդ ժամկետով ընտրվելուց հետո:

Ավելի վաղ մի շարք արևմտյան լրատվամիջոցներ գրել էին, որ Չինաստանը դիտարկում է Ռուսաստանին զենք, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքեր, հրետանի և զինամթերք մատակարարելու հնարավորությունը։

Politico պարբերակնն էլ այսօր հրապարակված նյութերից մեկում նշել էր, որ չինական ընկերություններն արդեն Ռուսաստանին են մատակարարել հազարավոր ինքնաձիգեր, որոնք կարող են օգտագործվել պատերազմում, ինչպես նաև այլ սարքավորումներ, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի մասեր և զրահաբաճկոններ: Լրատվականը միևնույն ժամանակ նշում է, որ այս դեպքում խոսքը լայանածավալ առաքումների մասին չէ:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը փետրվարին նախազգուշացրել էր, որ Պեկինը կբախվի լուրժ խնդիրների հետ, եթե սկսի զենք մատակարարել Ռուսաստանին։ Չինաստանում նման ծրագրերի մասին տեղեկությունները հերքել էին:

Հիշեցնենք, որ փետրվարին նախ արևմտյան առաջնորդների, ապա նաև Մոսկվայում Պուտինի հետ Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի վարած բանակցություններից հետո Պեկինը հանդես եկավ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու սեփական նախաձեռնությամբ:

Չինական առաջարկների 12 կետից բաղկացած փաստաթղթում կարևոր էր համարվում բոլոր երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգումը, որին զուգահեռ նախ Արևմուտքին կոչ էր արվում դադարեցնել Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, ապա նաև հակամարտող կողմերին հաստատել հրադադարի ռեժիմ: Այդ փաստաթղթում նաև, բարձր գնահատելով 2022 թվականին Ստամբուլում ստորագրված ուկրաինական հացահատիկը անվտանգ Սև ծովով արտահանելու մասին պայմանագիրը, Պեկինը կոչ էր անում չխախտել դրա դրույթները:

Կիևն ուղղակիորեն չի մերժել այս նախաձեռնությունը, սակայն նշել է, որ հավատարիմ է իր առաջարկներին, որոնք նախատեսում են ռուսական զորքերի ամբողջական դուրսբերում։

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close