1ԱշխարհԳլխավորԼուրեր

«Գազպրոմ»-ը հայտնել է 2022 թվականին շահույթի եռակի նվազման մասին

2022 թվականի վերջին «Գազպրոմ»-ի զուտ շահույթը կազմել է 747,246 միլիարդ ռուբլի, գրում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով ընկերության ֆինանսական հաշվետվությունները։

Այսպիսով, «Գազպրոմ»-ի այս ցուցանիշը 2021 թվականի համեմատությամբ, երբ ընկերությունը հայտնել էր 2,684 տրիլիոն ռուբլու զուտ շահույթի մասին, նվազել է ավելի քան երեք անգամ կամ 72,2 տոկոսով։

Իր հերթին, «Գազպրոմ»-ի հասույթը 2022 թվականին հասել է 7,979 տրիլիոն ռուբլու, ինչը մոտավորապես 25 տոկոսով ավելի է, քան 2021 թվականին։ Այն ժամանակ այն կազմել էր 6,39 տրիլիոն ռուբլի, նշում է Ռոսբիզնեսկոնսալտինգը (РБК)։

«Կոմերսանտ»-ի տվյալներով՝ 2022 թվականին Ռուսաստանում գազի արդյունահանումը կրճատվել է 11,8%-ով՝ հասնելով 672 մլրդ խորանարդ մետրի։ Դա տեղի է ունեցել Եվրոպա մատակարարումների պատմական նվազագույնի հասած կրճատման ֆոնին:

Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի սկզբին «Գազպրոմ»-ը ամբողջությամբ դադարեցրեց գազի մատակարարումը Եվրոպա «Հյուսիսային հոսք-1» խողովակաշարով՝ իր այդ քայլը բացատրելով ինչ-որ տեխնիկական խնդիրներով։ Բացի այդ, Ռուսաստանի իշխանությունները մինչ այդ արդեն դադարեցրել էին գազի մատակարարումները եվրոպական որոշ երկրներ, որոնք հրաժարվել էին գազի դիմաց վճարել ռուբլով Ուկրաինա ռուսական ներխուժման ֆոնին։

Այնուհետև, նույն ամսվա վերջին «Հյուսիսային հոսք» գազատարի համակարգերի Բալթիկ ծովում գտնվող մի հատվածում պայթյուններ տեղի ունեցան։ Արդյունքում չորս գազատարներից երեքը վնասվեցին և, ըստ որոշ փորձագետների, այլևս ենթակա չեն վերականգնման կամ դրա համար կպահանջվի ավելի քան կես միլիարդ ԱՄՆ դոլար։

Սակայն, «Գազպրոմ»-ը շարունակում է գազ մատակարարել Եվրոպա տարանցիկ գծով Ուկրաինայի տարածքով, ինչպես նաև «Թուրքական հոսք» խողովակաշարով։

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close