
ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը հրապարակել է մարտի 14-ին Սև ծովում կործանված ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքի տեսագրության գաղտնազերծված տեսանյութը։
Հրամանատարության տվյալներով՝ ռուսական երկու Սու-27 կործանիչները «վտանգավոր և ոչ պրոֆեսիոնալ» մանևրումներ են կատարել ամերիկյան ԱԹՍ-ն որսալու համար, որը այդ ժամանակ գտնվել էր Սև ծովի միջազգային օդային տարածքում։
Ըստ ամերիկյան կողմի վարկածի և ներկայացված տեսանյութի՝ ռուսական ինքնաթիռներից մեկը երկու անգամ վառելանյութ է արձակում ամերիկյան ԱԹՍ-ի դիմաց, որի նպատակը, հավանաբար, դրա ընթացքը շեղելն էր:
Ռուսական ռազմական ինքնթիռի երկրորդ շրջադարձից և վառելանյութն արձակելու գործողությունից հետո ժամանակավորապես ԱԹՍ-ի տեսախցիկը դադարում է աշխատել: Ենթադրվում է, որ այդ ընթացքում հավանական հարվածից հետո ռուսական ինքնաթիռը վնասել է ԱԹՍ-ի պտուտակներից մեկը:
ԱՄՆ Պետդեպարտամենտը ավելի վաղ հայտնել էր, որ ռուսական ինքնաթիռի բախումն ամերիկյան ԱԹՍ-ի հետ տեղի է ունեցել պատահաբար ռուս օդաչուների ոչ կոմպետենտության հետևանքով։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել է անօդաչու թռչող սարքի կործանումը, սակայն բախման մասին չի հայտնել։
Գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ միջադեպի պատճառ են դարձել ԱՄՆ-ի գործողությունները «հատուկ գործողության» համար Ռուսաստանի Դաշնության կողմից սահմանված թռիչքների սահմանափակման գոտին անտեսելու հետևանքով: Կրեմլը պնդում էր, որ ինքնաթիռի և անօդաչուի միջև «ֆիզիկական շփում» չի եղել։
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն էլ հայտարարել է, որ Ռուսաստանը կփորձի բեկորները բարձրացնել Սև ծովի հատակից։ ABC News-ի աղբյուրների համաձայն՝ ռուս զինվորականները, հավանաբար, արդեն ստացել են ու հանել են դրանք, սակայն ԱԹՍ-ի ո՞ր մասերն է հաջողվել դուրս բերել, դեռ հստակ չէ:
Վաշինգտոնում ասել են, որ «միջոցներ են ձեռնարկել» անօդաչու թռչող սարքը պաշտպանելու համար։ CNN-ի աղբյուրները լրատվականին նշել են, որ բոլոր «զգայուն տվյալները» հեռակա կարգով ջնջվել են դրոնի հիշողության բազայից։
Ռազմական շատ փորձագետներ վստահ են, որ ԱԹՍ-ի պտուտակը վնասվել է ռուսական ինքնաթիռի դիտավորյալ հարվածի հետևանքով, սակայն Պենտագոնը կարող է չընդունել այդ փաստը՝ տարածաշրջանում իրավիճակը չսրելու համար:
ԱՄՆ և ՌԴ պաշտպանական գերատեսչությունները նախօրեին հայտարարեցին, որ ԱԹՍ-ի միջադեպի շուրջ հեռախոսային քննարկումներ են ունեցել ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը և ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուն:
Հեռախոսազրույցի ընթացքում, ըստ ռուսական կողմի տեղեկությունների, Շոյգուն Օսթինին կրկին նշել է, որ միջադեպը տեղի է ունեցել ամերիկյան կողմի պատճառով, որը անտեսել է ՌԴ կողմից սահմանված թռիչքների սահմանափակման գոտին: Նա նաև ամերիկացի իր գործընկերոջն ասել էր, որ միջադեպը կրում է սադրիչ բնույթ և պայմաններ է ստեղծում տարածաշրջանում լարվածությունը ուժեղացնելու համար:
ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտն էլ, հաստատելով հեռախոսազրույցի մասին տեղեկությունները, նշել է, որ Օսթինը Շոյգուի հետ քննարկել է ռուս օդաչուների ոչ պրոֆեսիոնալ, վտանգավոր և անհետևողական գործողությունները միջազգային օդային տարածքում: