Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում գնաճ է արձանագրվել

Հունվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 6.1% գնաճ, իսկ 2022թ. դեկտեմբերի համեմատ՝ 0.8% գնանկում: Այս մասին 365news.am-ը տեղեկացավ ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեից:
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2023թ. հունվարին, 2022թ. դեկտեմբերի համեմատ, գրանցվել է ոչ պարենային ապրանքների 1.4-0.2% գնանկում, այդ թվում՝ գնանկման համեմատաբար բարձր ցուցանիշ արձանագրվել է քաղաք Աշտարակում:
Ըստ վիճակագրության՝ մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գների մակարդակը, նախորդ ամսվա համեմատ, նվազել է 0.8%-ով:
Նշենք, որ 2023թ. հունվարին, 2022թ. դեկտեմբերի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 12.5% և 2.9% գնանկում, իսկ 2022թ. հունվարի համեմատ՝ բենզինի 23.9% գնանկում և դիզելային վառելիքի 11.0% գնաճ:
ՎԿ-ի տվյալներով՝ բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2023թ. հունվարին, 2022թ. հունվարի համեմատ, սակագներն աճել են 7.3%-ով, իսկ 2022թ. դեկտեմբերի համեմատ՝ 0.5%-ով: Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2023թ. հունվարին, 2022թ. դեկտեմբերի համեմատ, բնակչությանը մատուցված ծառայությունների սակագներն աճել են 0.2-1.2%-ով, այդ թվում՝ սակագների համեմատաբար բարձր հավելաճ արձանագրվել է քաղաք Կապանում: Մայրաքաղաքում բնակչությանը մատուցված ծառայությունների սակագներն աճել են 0.5%-ով: