Կառավարությունը շուրջ 6 մլրդ դրամ է հատկացրել Հայաստանի 9 մարզում 44 սուբվենցիոն ծրագրի իրականացման համար

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել ՀՀ վարչապետի 2019 թվականի մարտի 19-ի թիվ 278-Ա որոշմամբ հաստատված ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի ՀՀ համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված միջգերատեսչական հանձնաժողովի նիստ:
Ինչպես տեղեկացնում են փոխվարչապետի գրասենյակից, նիստին ներկա են եղել Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը եւ շահագրգիռ պետական մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչներ:
Ողջունելով ներկաներին՝ փոխվարչապետ Խաչատրյանը նշել է, որ քննարկման օրակարգում է 2023 թվականի ընթացքում նախատեսված սուբվենցիոն ծրագրերի հայտերի քննարկումը. հաստատվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 44 հայտ` շուրջ 112 մլրդ ընդհանուր ծավալով, որից պետական բյուջեից համաֆինանսավորումը կազմում է շուրջ 6 մլրդ դրամ:
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը զեկուցել է, որ նախատեսվում է ֆինանսական միջոցներ հատկացնել ՀՀ 9 մարզում ծրագրերի իրականացման համար:
Հիմնական ծրագրերն ուղղված են բնակավայրերի փողոցների ասֆալտապատմանը, մանկապարտեզների կառուցմանը եւ հիմնանորոգմանը, գյուղատնտեսական մեքենասարքավորումների ձեռքբերմանը, խմելու ու ոռոգման ջրերի համակարգերի կառուցմանը եւ այլ ենթակառուցվածքների զարգացմանը։