Կարագի, շոկոլադի և հրուշակեղենի գներն աճել են. նոր տվյալներ՝ Վիճակագրական կոմիտեից

Նոյեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 11.1%, իսկ 2022թ. հոկտեմբերի համեմատ՝ 2.4% գնաճ: Այս մասին 365news.am-ն տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ մեկ տարվա ընթացքում բրնձի գինն աճել է 9.2%-ով, ալյուրինը՝ 9.9%-ով, հացինը՝ 15.8%-ով, մակարոնեղենինը՝ 28.1%-ով։ Դրան զուգահեռ գրանցվել է ձավարեղենի՝ 13.8%, հնդկացորենի 14.1% գնաճ, իսկ 2022թ. հոկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 2.6% և 3.9% գնանկում:
Մսամթերքի շուկայում ևս գնաճ է գրանցվել։ Եվ այսպես՝ տավարի մսի գինը նոյեմբերին 2021թ., նոյեմբերի համեմատ, աճել է 23.5%-ով, իսկ հոկտեմբերի համեմատ՝ 0.2%-ով: Միաժամանակ, 2022թ. նոյեմբերին, 2021թ. նոյեմբերի համեմատ, հանրապետությունում գրանցվել է խոզի մսի 0.2% գնանկում և թռչնամսի ու գառան մսի՝ 2.2%, 5.1% գնաճ, իսկ 2022թ. հոկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 2.4%, 0.7% և 0.3% գնանկում։
Գներն աճել են նաև կկաթնամթերքի շուկայում։ Ըստ ՎԿ-ի՝ նոյեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է թարմ կաթի՝ 11.1%, պանրի` 21.5%, խտացրած կաթի՝ 30.3%, իսկ 2022թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.5%, 1.8% և 1.0% գնաճ: Կարագի, շոկոլադի և հրուշակեղենի գները 2022թ. նոյեմբերին, 2021թ. նոյեմբերի համեմատ, աճել են համապատասխանաբար 3.4%, 9.5%, 11.5%-ով, իսկ 2022թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.6%, 0.9%, 0.4%-ով:
Ձվի գինը 2022թ. նոյեմբերին, 2021թ. նոյեմբերի համեմատ, նվազել է 11.1%-ով, իսկ 2022թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 18.6% գնաճ: Պատկերն այլ է շաքարավազի շուկայում․ մեկ տարվա ընթացքում շաքարավազը 0.1% գնաճ է գրանցել, իսկ հոկտեմբերի համեմատ՝ 0.6 %-ով էժանացել է:
Նշենք, որ արևածաղկի բուսական յուղի գինը նվազել է 2.0%-ով։ Ցիտրուսային մրգերի գները 2022թ. նոյեմբերին, 2021թ. նոյեմբերի համեմատ, աճել են 6.4%-ով, մինչդեռ հոկտեմբերի համեմատ գրանցվել է 12.7% գնանկում: Բանջարեղենի շուկայում 2022թ. նոյեմբերին, 2021թ. նոյեմբերի համեմատ, արձանագրվել է 4.5%, իսկ հոկտեմբերի համեմատ՝ 17.5 % գնաճ:
Հավելենք նաև, որ 2022թ. նոյեմբերին, 2021թ. նոյեմբերի համեմատ, մրգի ապրանքախմբում գրանցվել է 11.1%, իսկ 2022թ. հոկտեմբերի համեմատ՝ 2.3% գնաճ: Ամփոփելով նշենք, որ 2022թ. նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի միջին կշռված գնաճը կազմել է 11.4%: