«Հայաստան» խմբակցության առաջարկած տերմինաբանությունը ռիսկեր է պարունակում. Աղաջանյանը՝ ԱԺ հայտարարության նախագծի մասին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության վերլուծությունը ցույց է տալիս, որ «Հայաստան» խմբակցության կողմից առաջարկվող տերմինաբանությունը առաջացնում է ավելի շատ ռիսկեր, քան նպաստում է Հայաստանի Հանրապետության խաղաղության օրակարգն առաջ մղելուն: Որպես Հայաստանի Հանրապետության պատասխանատու իշխանություն՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի կարող ընդունել մի հայտարարություն, որը պարունակում է նման ռիսկեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի արտահերթ նիստում այս մասին ասաց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության առաջարկած հայտարարության նախագծին, որը վերաբերվում է Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարությանը:
«Տեղեկացնեմ, որ «Հայաստան» խմբակցության կողմից առաջարկված Ազգային ժողովի հայտարարության նախագիծը աշխատանքային կարգով քննարկվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչների հետ՝ պայմանավորված մի քանի պատճառներով:
Նախ առաջինը այն է եղել, որ առաջարկվող նախագծում կային բազմաթիվ դրույթներ, որոնք համահունչ են մեր պատկերացումներին, ինչպես նաև այն, որ կար և կա քաղաքական կամք Ազգային ժողովի անունից այս իրավիճակում և պայմաններում հանդես գալ ընդհանուր հայտարարությամբ և, ըստ այդմ, այդ քննարկումները տեղի ունեցան: Չնայած, որ կային բավականին մեծ թվով դրույթներ, որոնց շուրջ հնարավորություն եղավ գալ համաձայնության, այնուամենայնիվ, ցավոք, կային որոշ ձևակերպումներ, որոնց հետ կապված դիրքորոշումները երկու կողմերի մոտ սկզբունքային էին և, ըստ այդմ, համաձայնության գալու հնարավորություն չեղավ»,- ասաց Աղաջանյանը:
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը ներկայացրեց երկու խմբակցությունների սկզբունքային մոտեցումները և տարաձայնությունները:
«Փաստացի հետպատերազմյան գործընթացները գալիս են ապացուցելու, որ, այո, խաղաղության օրակարգը նույնպես չի երաշխավորում Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգություն: Նշյալ դիրքորոշմանն էլ հետևում է տրամաբանական հարցադրում, թե արդյոք կարո՞ղ ենք պնդել, որ մեր որդեգրած արտաքին քաղաքականությունը, որն արտահայտվում է բառամթերքի և ձևակերպումների հստակ տարբերությամբ, որն էլ պատճառ հանդիսացավ համատեղ հայտարարության ձախողման, կերաշխավորի հետագա ռազմական էսկալացիայի բացառումը և մեր շուրջ անվտանգային միջավայրի ձևավորումը: Կարծիք և հարցադրում, որոնք, անշուշտ, իրավունք ունեն գոյություն ունենալ, սակայն միայն այն պարագայում, երբ հետպատերազմյան գործընթացները դիտում ես չափազանց նեղ և սուբյեկտիվ տեսանկյունից, սակայն իրավիճակի համապարփակ վերլուծությունը բոլորին այլ պատկեր է ձևավորում:
Գալով հարցադրմանը՝ պետք է վստահորեն արձանագրեմ հետևյալը. ցավալիորեն, հաշվի առնելով վերջի շրջանում աշխարհաքաղաքական գլոբալ զարգացումները, ինչպես նաև Ադրբեջանի իշխանությունների կողմից վարվող դեստրուկտիվ քաղաքականությունը, որևէ բան բացառելը գրեթե անհնար է, այդ թվում՝ հնարավոր ռազմական սադրանքները Ադրբեջանի կողմից, սակայն մեկ բան հստակ է և աներկբա: Խաղաղության օրակարգից բխող դիվանագիտությունն է գլխավոր, եթե ոչ միակ պատճառը, որ յուրաքանչյուր ադրբեջանական սադրիչ գործողությանը հետևում է միջազգային հանրության այդ չափ գրեթե միահամուռ դատապարտող գնահատական»,- ընդգծեց Աղաջանյանը:
Պատգամավորը պատասխանեց նաև մեկ այլ հարցադրման, թե արդյոք միջազգային հանրության այդ գնահատականները և առհասարակ միջազգային քաղաքական ճնշումը գործնական ազդեցություն ունեն Ադրբեջանի վրա:
«Հարցին պատասխանելու համար կարելի է վերադառնալ մեր նախորդ 30 տարվա քաղաքական դիվանագիտությանը և փորձել հասկանալ, թե արդյոք այդ 30 տարվա ընթացքում վարվող արտաքին քաղաքականությունը, որի հետևանքով Հայաստանը հայտնվել էր դիվանագիտական մեկուսացման մեջ, երկարաժամկետ կտրվածքով որևէ ազդեցություն ունեցե՞լ է այն իրավիճակի վրա, որն արձանագրված է այսօր: Մեր գնահատականը միանշանակ է, այո, ունեցել է: Եվ կարևորագույն նշանակություն է ունեցել, եթե ոչ ամենակարևորը:
Ցավոք, միջազգային հանրության ընկալումները նախկինում տեղի ունեցածի հետ չեն փոխվել, և դրանք բավականին էֆեկտիվ կերպով օգտագործվում են ադրբեջանական պատգամավորների և այլ պաշտոնյաների կողմից: Մի բան, որը, մեր գնահատմամբ, մանիպուլյացիա է, որովհետև այն իրողությունները, որոնք արձանագրված են այսօր և այն գործընթացները, որոնք տեղի են ունենում այսօր, որևէ կերպ չի կարելի համեմատել այն գործընթացների հետ, որոնք կային և տեղի էին ունենում նախապատերազմյան ժամանակահատվածում: Բայց սրանք գործիքներ են, որոնք մինչ օրս Ադրբեջանը օգտագործում է և որոնք, ցավոք, էֆեկտիվորեն ներազդում են միջազգային հանրության ընկալումների վրա Ղարաբաղյան հակամարտության համատեքստում»,- նշեց Աղաջանյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության գերնպատակն է շրջել քաղաքական-դիվանագիտական մեկուսացման անիվը և ապահովել դիվանագիտական կոնսոլիդացիա Հայաստանի շուրջ. սրան են ուղղված Հայաստանի դիվանագիտության գործողությունները: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը նաև պատասխանեց այն հարցին, թե ի՞նչ է պետք անել, որպեսզի ապահովվի այդ միջազգային կոնսոլիդացիան Հայաստանի Հանրապետության շուրջ:
«Նվազագույնն այն է, որ պետք է խոսել այնպիսի բառապաշարով և օգտագործել այնպիսի տերմինաբանություն, որոնք ընկալելի, հասկանալի և ընդունելի կլինեն միջազգային հանրության համար: Եվ հենց սրանով է պայմանավորված այն սկզբունքային տարաձայնությունը, որ ունենք «Հայաստան» խմբակցության գործընկերների հետ, որովհետև, կարծում ենք, որ այն ձևակերպումները, որոնք առաջարկված էին, ոչ միայն չէին նպաստի այդ կոնսոլիդացիայի ձևավորմանը, այլ ուղիղ հակառակը՝ հնարավոր ռիսկեր կառաջացնեին Հայաստանին այս ուղուց հետ մղելու ու շեղելու առումով:
Կարծում ենք, որևէ քայլ ձեռնարկելիս՝ պետք է տվյալ գործողության հետևանքների, նպատակների և հնարավոր ռիսկերի հստակ գնահատական և վերլուծություն լինի: Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ «Հայաստան» խմբակցության կողմից առաջարկվող տերմինաբանությունը առաջացնում է ավելի շատ ռիսկեր, քան նպաստում է Հայաստանի Հանրապետության խաղաղության օրակարգն առաջ մղելուն: Եվ մենք՝ որպես Հայաստանի Հանրապետության իշխանություն, որպես Հայաստանի Հանրապետության պատասխանատու իշխանություն, չենք կարող ընդունել մի հայտարարություն, որը պարունակում է նման ռիսկեր»,- եզրափակեց Աղաջանյանը: