Լուրեր

Պատրաստ եմ աջակցելու Հայաստան-Կատար փոխշահավետ համագործակցության զարգացմանը. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Կատարի Պետության Մաջլիս ալ-Շուրայի նախագահ Հասսան բին Աբդուլլա ալ-Ղանիմի հրավերով եռօրյա աշխատանքային այցով Կատարում է: Այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահը հանդիպում է ունեցել Մաջլիս ալ-Շուրայի փոխնախագահ Համդա բինթ Հասան բին Աբդալռահման Ալ-Սուլեյթիի հետ: Հանդիպմանը մասնակցել են արաբական այլ երկրների խորհրդարանականներ և Արաբական Մեհրաբի խորհրդատվական խորհրդի նախագահ, դոկտոր Սաիդ Մոկադեմը: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

Հանդիպմանը քննարկվել են Կատարի հետ խորհրդարանական ձևաչափով համագործակցության հնարավոր ուղղությունները: Երկուստեք արձանագրվել է օրենսդիր մարմինների միջև հարաբերությունների զարգացումը, որն էլ ավելի է ամրացնում երկկողմ միջպետական կապերը՝ ի նպաստ բարեկամ ժողովուրդների բարեկեցության: «Վստահ եմ, որ հայ-կատարական փոխհամագործակցությունը զարգացման և ընդլայման մեծ ներուժ ունի և ես՝ որպես ՀՀ Ազգային ժողովի նախագահ, պատրաստ եմ աջակցելու Հայաստան-Կատար փոխշահավետ համագործակցության զարգացմանը՝ ի շահ մեր բարեկամ  ժողովուրդների»,- մասնավորապես, նշել է ՀՀ ԱԺ նախագահը:

Գործընկերները շրջայց են իրականացրել խորհրդարանի շենքում:

ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է Կատարում ՀՀ դեսպանության բացումը երկկողմ հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում՝ հավելելով, որ նույն դերակատարումը կունենա Երևանում Կատարի դեսպանության հիմնումը:

Հանդիպման ավարտին կարճ անդրադարձ է եղել նաև այս օրերին Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի գավաթի առաջնությանը: Հանդիպման մասնակիցները շնորհակալական խոսքեր են փոխանցել Մաջլիս ալ-Շուրայի նախագահ Հասսան բին Աբդուլլա ալ-Ղանիմին առաջնության հրավերի համար:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close