Լուրեր

Շարունակվում են առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման շուրջ քննարկումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր կայացել է առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման վերաբերյալ հերթական խորհրդակցությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:

Վարչապետին զեկուցվել է նախորդ քննարկման արդյունքներով տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման հայեցակարգի նախագծի լրամշակված տարբերակը՝ նշելով, որ այն քննարկվել է Կառավարության և Ազգային ժողովի գործընկերների հետ, հստակեցվել են մի շարք հայեցակարգային սկզբունքներ:

Նշվել է, որ հայեցակարգի հաստատմանը հաջորդելու է օրենսդրական ապահովման գործընթացը, զուգահեռ իրականացվելու են ենթակառուցվածքների ապահովման, որակի չափանիշների ներդրման, մասնագիտական պատրաստվածության բարձրացման, լիցենզավորման գործընթացներ: Հիշեցնենք, որ առողջության ապահովագրության համակարգը նախատեսվում է գործարկել ՀՀ ողջ բնակչության համար, փուլային տարբերակով՝ մինչև 2027 թվականը, մասնակցության կամավոր ու պարտադիր բաղադրիչներով:

Մտքերի փոխանակության ձևաչափով քննարկվել են ապահովագրության համակարգի ֆինանսական գնահատականին, ֆինանսավորման ու կառավարման մեխանիզմներին վերաբերող հարցեր:

Վարչապետը հանձնարարել է վերջնական տեսքի բերել հայեցակարգի նախագիծը և սկսել օրենսդրական կարգավորման մշակման գործընթացը:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close