Լուրեր

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է վերլուծել երկրում աղքատության կառուցվածքը և մշակել աղքատության հաղթահարման ռազմավարություն

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Վիճակագրության կոմիտեի հրապարակած 2021 թվականի աղքատության ցուցանիշին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:

«2021 թվականին Հայաստանի Հանրապետությունում աղքատությունը կազմել է 26.5 տոկոս: Ընդ որում՝ եթե մենք համեմատում ենք ցուցանիշը 2020 թվականի հետ, 2021 թվականին ունենք աղքատության որոշակի նվազում, 2019 թվականի նկատմամբ՝ 0.1 տոկոսային կետով ավելացում: Ես ուզում եմ նաև ընդգծել հետևյալը՝ դուք տեղյակ եք, որ 2019 թվականից աղքատության ցուցանիշը նոր մեթոդաբանությամբ է հաշվառվում: Այսինքն՝ մենք 2019 թվականից առաջվա տվյալները չենք կարող համեմատել 2019 թվականից հետո առկա տվյալներին, որովհետև բացարձակապես տարբեր մեթոդաբանություններով են հաշվարկներն իրականացվել:

Հաջորդ հետաքրքիր ցուցանիշը, որ կուզենայի նշել, հետևյալն է, որ մենք ծայրահեղ աղքատության դեպքում ունենք 0.1 տոկոս ցուցանիշով աճ 2019 թվականի նկատմամբ, իսկ 2020 թվականի նկատմամբ ծայրահեղ աղքատությունը` 0.8 տոկոսով աճ: Այս ցուցանիշը ցույց է տալիս, որ 2020 թվականին COVID-ի հակաճգնաժամային մեր միջոցառումները եղել են խիստ հասցեական: Այսինքն՝ 2020 թվականին COVID-ի մեր միջոցառումների արդյունքում մենք ծայրահեղ աղքատությունը կիսով չափ կրճատել ենք, բայց քանի որ COVID-ը ավարտվել է և հակաճգնաժամային ծրագրերն էլ ավարտվել են, մի փոքր ավելացել է»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ հանձնարարական է տվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին աղքատության կառուցվածքը խորը վերլուծելու և աղքատության հաղթահարման ռազմավարությունը մշակելու վերաբերյալ: 

«Դա պետք է արվի մեր գաղափարաբանության շրջանակներում: Իսկ գաղափարաբանությունը հետևյալն է, դա իմ համոզմունքն է՝ աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքի միջոցով: Աղքատությունը հաղթահարելու այլ տարբերակ չկա: Այս առումով կարծում եմ, որ պետք է լրջորեն ուսումնասիրենք սոցիակալան ոլորտի մեր քաղաքականությունը: Այսօր աշխատանքի շուկայում մենք աշխատուժի դեֆիցիտի խնդիր ունենք: Նախ՝ մեր երկրում պատմականորեն նվազագույն աստիճանի է հասել գործազրկությունը: Եվ մենք այսօր անընդհատ մասնավոր հատվածից ստանում ենք այդ ահազանգերը, որ իրենք աշխատող գտնելու խնդիր ունեն»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն էլ իր հերթին նշել է, որ 2022 թ.-ին արձանագրվել է գործազրկության նվազում, ինչը 2022 թվականի երկրորդ եռամսյակի տվյալներով կազմում է մինչև 13 տոկոս: 

«Եթե համեմատում ենք 2021 թ. հետ, 14.5 տոկոս էր, այսինքն՝ գործազրկության մակարդակի նվազումը էական է: Ինչ վերաբերում է աշխատատեղերին, ապա այս պահի դրությամբ Միասնական սոցիալական ծառայության կողմից հավաքագրված 3260 թափուր աշխատատեղ կա, բայց Վիճակագրական կոմիտեի մեկ այլ տվյալներով՝ 2022 թ. երկրորդ եռամսյակի առումով 9800 թափուր աշխատատեղ կա: Սա նշանակում է, որ այո՛, մենք մի կողմից ունենք գրանցված գործազուրկներ, որոնց թիվը այս տարվի 50400 է, 2021 թ.-ի համեմատ նվազել է 8000-ով»,- ասել է Նարեկ Մկրտչյանը:

Նախարարը տեղեկացրել է նաև, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ համագործակցությամբ իրականացվող վերլուծության համաձայն, առաջիկա երեք տարիներին ոլորտային աշխատուժի պահանջարկը մեծանալու է գյուղատնտեսություն, շինարարություն, մեծածախ, մանրածախ առևտուր, փոխադրումների ոլորտ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ և առողջապահական սպասարկման ոլորտներում:

Անդրադառնալով 2023թ. պետական բյուջեով սահմանված 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու հանձնառությանը՝ վարչապետը նշել է, որ այս բոլոր ծրագրերը՝ սկսած սուբվենցիաներից, ավարտած աշխատուժի վերապատրաստման ծրագրերից, շատ էական նշանակություն են ունենալու այն ապահովելու համար: 

«Մենք այսօր ընկերություններից աշխատուժի բացակայության ահազանգ ենք ստանում: Այսինքն՝ ընկերությունն ընդլայնվելու պոտենցիալն ունի՝ ֆինանսական, տնտեսական, ռազմավարական, բայց աշխատուժի ներգրավման առումով խնդիր կարող է ունենալ: Սա շատ կարևոր թեմա է նաև աղքատության հաղթահարման առումով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ հաջորդ տարի աղքատության ավելի ցածր ցուցանիշ կարձանագրվի. «Ինչն է հիմք տալիս այսպիսի հույս ունենալու՝ աշխատատեղերի բացառիկ բարձր թիվը, աշխատավարձային ֆոնդի աննախադեպ բարձր թիվը և նաև գործազրկության աննախադեպ ցածր մակարդակը և, իհարկե, մյուս տարվա պետական բյուջեի կապիտալ ծախսերի էական ավելացումը: Միայն պաշտպանության ոլորտը հանած, եթե ես ճիշտ եմ հիշում, մյուս ոլորտներում մոտավորապես 300 մլն դոլարից ավելի կապիտալ ներդրումներ ենք նախատեսում»:

Էկոնոմիկայի փոխնախարար Արմեն Արզումանյանը նույնպես անդրադարձել է աշխատաշուկայում առկա խնդիրներին և նշել. «2021-2022 թվականների հոկտեմբեր ամսվա միջինացված հաշվարկով 0-ից բարձր աշխատավարձ ունեցող բազային ցուցանիշները հաշվի առնելով՝ մոտավորապես 30 հազար աշխատատեղ է ավելացել և 30 հազար մարդ արդեն աշխատում է: Այս առումով մեծ ներուժ կա 2023 թվականի աշխատատեղերի առումով: Տնտեսության արդյունավետության բարձրացման առումով մի շարք կազմակերպություններ սկսել են իրականացնել նոր մեթոդիկաների, նոր գիտելիքների ներգրավելու ուղղված ծրագրեր՝ աշխատակիցների կարողությունները, հմտությունները բարձրացնելու նպատակով»:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close