Լուրեր

ՀԱՊԿ-ի կողմից ՀՀ-ին աջակցելու նախագծի լրամշակման աշխատանքները ընթանում են ՌԴ-ի ակտիվ ներգրավվածությամբ. Կոպիրկին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին նախագծի լրամշակման աշխատանքներն ընթանում են Ռուսաստանի Դաշնության ակտիվ ներգրավվածությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով նոյեմբերի 23-ին Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի արդյունքներին:

ՌԴ դեսպանն, ընդհանուր առմամբ, դրական գնահատական տվեց ՀԱՊԿ նիստի ընթացքում կատարված աշխատանքներին:

«Ընդհանուր առմամբ, տպավորությունը դրական էր: Այս պահին պատրաստ չեմ տալ ինչ-որ մեկնաբանություն, բայց հաջորդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ ընդհանուր առմամբ դրական գնահատական է տվել այն աշխատանքներին, որոնք եղել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ընթացքում:

Նշեմ նաև, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը բավականին դրական է գնահատել այս տարի ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությունը: Կարծում եմ՝ սրան ավելացնելու բան չունեմ»,- ասաց Կոպիրկինը:

Հարցին, թե Ռուսաստանը քայլեր կձեռնարկի, որպեսզի ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին օգնություն ցուցաբերելու նախագծի լրամշակման աշխատանքները արագանան, դեսպանը պատասխանեց.

«Այդ աշխատանքն իրականացվում է, և այդ աշխատանքը իրականացվում է Ռուսաստանի Դաշնության ակտիվ ներգրավվածությամբ»,- ընդգծեց Կոպիրկինը:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close