
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը տեսաուղերձ է հրապարակել, որում կոչով դիմում է իր հարևան Բելառուսի Հանրապետության քաղաքացիներին։ Դրանում ասվում է, որ Ռուսաստանը սադրանքներ է նախապատրաստում Բելառուսի տարածքում, այդ թվում և միջուկային օբյեկտների վրա հավանական հարձակումներով՝ նպատակ ունենալով «Բելառուսը ցանկացած միջոցներով ներքաշել Ուկրաինայի հետ պատերազմի մեջ»։ Ռուսերեն լեզվով հնչող տեքստում բելառուսցիներին կոչ է արվում թույլ չտալ երկիրը պատերազմի մեջ ներքաշելու փորձերը:
Ուկրաինայի գլխավոր շտաբի տեսագրությունում բելառուսներին կոչ է արվում «վերահսկել բոլոր կասկածելի գործողությունները» և «ուժեղ պատասխան տալ ցանկացած սադրանքին»։
«Ձեր կառավարությունն արդեն մասամբ խախտել է Սահմանադրությունը՝ թույլ տալով Ռուսաստանի Դաշնության ռազմական ագրեսիան Ուկրաինայի դեմ՝ օգտագործելով ձեր տարածքը, ենթակառուցվածքները և ռեսուրսները։ Թույլ մի՛ տվեք, որ ձեզ էլ ավելի ներքաշեն պատերազմի մեջ»,- ասվում է բելառուսցիներին ուղղված կոչում:
Ուկրաինացի զինվորականները հայտարարության մեջ ընդգծում են, որ չնայած Բելառուսի տարածքն օգտագործվել է ագրեսիայի համար, այնուամենայնիվ, Ուկրաինան, ինչպես ընդգծվում է տեքստում, ո՛չ Բելառուսին, ո՛չ նրա ժողովրդին թշնամի չի համարում, և երբեք չի պատասխանել բելառուսական տարածքից ագրեսիայի որևէ գործողության։
Նշենք, որ հոկտեմբերին Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարությունն արդեն մեկ անգամ կոչով դիմել էր Բելառուսի ժողովրդին։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ հայտարարվեց երկրի տարածքում Ռուսաստանի և Բելառուսի զորքերի տարածաշրջանային համատեղ խմբավորման ստեղծման մասին, ինչը մտավախություն առաջացրեց, որ այդ խմբավորումը կարող է օգտագործվել Ուկրաինային հարվածելու համար։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանին աջակցելով հանդերձ, միաժամանակ պնդում է, որ Բելառուսի զինված ուժերը չեն պատրաստվում մասնակցել ռազմական գործողություններին։
Նախօրեին էլ Երևանում կայացած ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպումից հետո լրագրողների ներկայությամբ Լուկաշենկոն կարծիք էր հայտնել, որ Ուկրաինան պետք է Ռուսաստանի հետ բանակցություններ սկսի, հակառակ դեպքում դա «կլինի Ուկրաինայի լիակատար ոչնչացումը»։