ԱշխարհԼուրեր

Կոսովոն և Սերբիան պայմանավորվել են վերջ դնել ավտոմեքենաների համարանիշների հետ կապված վտանգավոր վեճին

Սերբիան և մասամբ ճանաչված Կոսովոյի Հանրապետությունը փոխզիջման են եկել Կոսովոյում սերբական համարանիշների օգտագործման հարցում։ Այս մասին չորեքշաբթի ուշ երեկոյան հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը՝ ավելացնելով, որ կողմերի միջև համաձայնությունը ձեռք է բերվել Եվրոպական միության միջնորդությամբ։

Համարանիշների շուրջ վեճը շարունակվում է այս տարվա հուլիսից, երբ փաստացի անկախ, սակայն Բելգրադի կողմից իր տարածքը համարվող Կոսովոյի իշխանությունները, հայտարարեցին Կոսովոյի բնակիչ էթնիկ սերբերին Սերբիայում թողարկված և տրամադրված համարանիշները երկրի տարածքում վավեր ճանաչելուց հրաժարվելու մտադրության մասին:

Պրիշտինայի նման որոշումից հետո Կոսովոյի հյուսիսի սերբաբնակ հատվածներում մասսայական բողոքի ակցիաներ և անկարգություններ սկսվեցին, իսկ սերբական բանակը բերվեց բարձր մարտական պատրաստվածության: Արդյունքում Կոսովոյի իշխանությունները ստիպված եղան մի քանի անգամ հետաձգել արդեն ընդունված որոշումները, իսկ ԱՄՆ-ն և ԵՄ-ն միանգամից ներգրավվեցին առաջացած խնդրի կարգավորման դիվանագիտական կարգավորման գործում՝ փորձելով մեղմել հասունացող լարվածությունը:

Բորելի խոսքով՝ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Բելգրադը կդադարեցնի Կոսովոյի քաղաքների ծածկագրերով համարանիշների թողարկումը, իսկ Պրիշտինան, իր հերթին, կհրաժարվի նախկինում թողարկված սերբական համարներով մեքենաների վերագրանցման փորձերից։

ԱՄՆ-ն ողջունել է Կոսովոյի և Սերբիայի միջև ձեռք բերված համաձայնությունը։ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի խոսքով՝ կողմերը «ԵՄ-ի աջակցությամբ ողջ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված հսկայական քայլ են կատարել»։ 

Բորելը նաև հայտարարել է, որ առաջիկա օրերին երկու կողմերին կհրավիրի քննարկելու կողմերի հարաբերությունները կարգավորող ԵՄ նոր առաջարկը, որին աջակցել են նաև Ֆրանսիան և Գերմանիան։

Կոսովոյի նախագահ Վյոսա Օսմանին էլ իր թվիթերյան էջում շնորհակալություն է հայտնել Կոսովոյում ԱՄՆ դեսպան Ջեֆ Հովեներին և ԱՄՆ կառավարության Բրյուսելում սերբական կողմի հետ համաձայնության հասնելուն աջակցելու համար՝ գրելով. «Նրանց աջակցությունը Կոսովոյի և Սերբիայի միջև երկխոսությանն անհարժեշտություն էր: Կոսովոն երախտապարտ է»:

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close