ԱշխարհԼուրեր

Կիևում դադարել է ջրամատակարարումը․ Ուկրաինայի քաղաքներին հրթիռային հարվածներ են հասցվել

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը կրկին զանգվածային հրթիռային հարվածներ են հասցրել Ուկրաինայի քաղաքներին։ Պայթյուններ են հնչել ինչպես մայրաքաղաք Կիևում, այնպես էլ Կիևի մարզի տարբեր շրջաններում, Վիննիցայի մարզում, Լվովում, Օդեսայի մարզում և Պոլտավայի մարզում: Այս մասին հայտնում են մարզային և քաղաքային իշխանությունները։ Հաղորդվում է նաև, որ ՀՕՊ ուժերը աշխատել են նաև Դնեպրոպետրովսկի մարզում:

Կիևում դադարել է ջրամատակարարումը, քաղաքի տարբեր շրջաններ հոսանքազրկվել են, կանգնել է մետրոպոլիտենի աշխատանքը և գրանցվել առնվազն մեկ ենթակառուցվածքային օբյեկտի խոցում: Կիևի մարզում էլ հրթիռը, ըստ մարզային իշխանությունների, խոցել է բնակելի շենքը և ենթակառուցվածքային օբյեկտները։ Լվովում նույնպես հաղորդվում է հոսանքազրկման մասին: Քաղաքի ղեկավարությունը զգուշացրել է ջրամատակարարման հնարավոր դադարեցման մասին:

Օդեսայի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Մաքսիմ Մարչենկոն հայտարարել է ողջ շրջանի էներգետիկ ենթակառուցվածքների զանգվածային հրթիռային հարվածների և հոսանքազրկման մասին։ Նույնը հաղորդվում է նաև Մոլդովայի հետ սահմանակից շրջաններից:

Հաղորդվում է նաև Նիկոլաևի շրջանում հարավուկրաինական ԱԷԿ-ի որոշ բլոկների վթարային անջատումների մասին։ Սա կարող է վկայել կամ կայանին միացված ցանցերում բարձր լարումների, կամ էլ դրա շուրջ գտնվող տրանսֆորմատորներին հասցված հարվածների մասին:

Նախնական տվյալներով՝ այսօրվա հրթիռային հարվածների հետևանքով զոհվել է երեք մարդ, վիրավորվել՝ վեցը:

Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը Եվրախորհրդարանի պատգամավորները կողմ են քվեարկել Ուկրաինայի ենթակառուցվածքային օբյեկտների զանգվածային գնդակոծումն որպես ահաբեկչական և Ռուսաստանը որպես ահաբեկչությանը հովանավորող պետություն ճանաչող բանաձևին։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը հրթիռային հարձակումից հետո իր թելեգրամյան ալիքում գրել է, որ քիչ առաջ սկսած հրթիռակոծությունը հաստատում է Եվրոխորհրդարանի հայտարարությունը։

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close