
Այսօր առավոտյան Երուսաղեմում երկու պայթյուն է որոտացել ավտոբուսների կանգառներում։ Երևանի ժամանակով ժամը 10:42-ի դրությամբ հարձակումների հետևանքով մեկ մարդ զոհվել է, 22-ը՝ վիրավորվել։ Ավելի վաղ հաղորդվում էր 18 զոհի մասին։ Այս մասին հաղորդում է Times of Israel թերթը:
Առաջին պայթյունը տեղի է ունեցել առավոտյան ժամը մոտավորապես 07:00-ին ավտոբուսի կանգառում՝ Գիվատ Շաուլ շրջանում, որտեղ գտնվում է Երուսաղեմի գլխավոր մուտքը, գրում է Times of Israel-ը։ Երկրորդը՝ մոտ կես ժամ անց քաղաքի մեկ այլ մուտքի մոտ՝ Ռամոտ շրջանում։
Չհաստատված տեղեկությունների համաձայն՝ պայթուցիկ սարքերը պայուսակներով թողած են եղել կանգառներում։

Պայթյունների մասին լուրի հրապարակման պահին ոչ ոք չէր ստանձնել պայթյունների պատասխանատվությունը։ Միաժամանակ, ըստ Associated Press-ի, Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ իսլամիստական շարժման ներկայացուցիչը հարձակումներն անվանել է «հերոսական գործողություններ»:
Իսրայելի ոստիկանապետ Կոբի Շաբթայը հայտարարել է, որ Իսրայելը երկար տարիներ չէր առնչվել նման հարձակումների հետ: Ինչպես գրում է Times of Israel-ը, ավտոբուսների վրա և հասարակական վայրերում ահաբեկչություններ հաճախ են տեղի ունեցել 2000-2005 թվականներին պաղեստինյան երկրորդ ինթիֆադայի ժամանակ։