ԱշխարհԼուրեր

ԱՄՆ-ում երկվորյակներ են ծնվել 30 տարի առաջ սառեցված սաղմերից

2022 թվականի հոկտեմբերի 31-ին ԱՄՆ Թենեսիի նահանգի հիվանդանոցներից մեկում երկվորյակներ են ծնվել սաղմերից, որոնք 30 տարի խորը սառեցման վիճակում են եղել, հայտնում է BBC-ն։ Երեխաներին անվանել են Լիդիա և Թիմաթի։

1992 թվականի ապրիլի 22-ից սաղմերը պահվել են հեղուկ ազոտի մեջ -128 աստիճան ջերմաստիճանում մինչև դրանք հալեցվել են և տեղադրվել ապագա մայր Ռեյչել Ռիջուեյի մարմնում 2022 թվականին։

Սաղմերը ստեղծվել են լաբորատոր պայմաններում ամուսնական կոնկրետ զույգի համար։ Նրանք պահվել են ԱՄՆ-ի Արևմտյան ափի լաբորատորիաներից մեկում մինչև 2007 թվականը: Այնուհետև, զուգը որոշել է դրանք նվիրաբերել Թենեսի նահանգի Նոքսվիլ քաղաքում գտնվող Սաղմերի դոնորների ազգային կենտրոնին:

«Ես ընդամենը հինգ տարեկան էի, երբ Աստված կյանք տվեց Լիդիային և Թիմաթիին, և այդ ժամանակվանից նա կենդանի է պահել նրանց։ Այսպիսով, ինչ-որ առումով նրանք մեր ամենամեծ երեխաներն են, չնայած նրանք ամենափոքրն են»,- CNN-ին ասել է երկվորյակներին որդեգրած հայրը՝ Ֆիլիպ Ռիջուեյը։

Ֆիլիպ և Ռեյչել Ռիջուեյները երկվորյակներ են ունեցել սաղմերից, որոնք սառեցվել են մոտ 30 տարի

Նշենք, որ 30 տարին ամենաերկար ժամանակահատվածն է, որի ընթացքում պահվել են սառեցված սաղմերը, այնուհետև հաջողությամբ փոխանցվել մորը: 2020 թվականին Մոլի Գիբսոնը ծնվել է Միացյալ Նահանգներում 27 տարի սառեցված սաղմից։ Նրա ավագ քույրը՝ Էմման, ծնվել է 2017 թվականին 24 տարի սառեցված սաղմից։

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close